«Հրապարակ»-ի զրուցակիցը նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցն է:
– Պարոն Ադոնց, օրերս հայտնի դարձավ, որ Բաքուն պատասխանել է իշխանությունների առաջարկներին, որոնք 3.5 ամիս է՝ անպատասխան էին, թեեւ ՀՀ իշխանությունն ասում է, թե չհամաձայնեցված երկու կետի մասին է խոսքը՝ միջազգային ատյաններից դատական հայցերի հետկանչի ու սահմանից 3-րդ ուժերի դուրսբերման, բայց Բաքվից ստացվող ազդակներից հասկանում ենք, որ Ալիեւը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի համար երկու նախապայման է ավելացրել՝ «Զանգեզուրի միջանցքի» բացում եւ Սահմանադրության փոփոխություն: Վերջին հարցով Փաշինյանն ակնհայտորեն շտապում է:
– Անկեղծ ասած, խաղաղության պայմանագիրը դարձել է մի օրակարգ, որն արդեն վստահություն չի ներշնչում, այն իմաստով, որ այդ խաղաղության պայմանագիրը, այնուամենայնիվ, խաղաղություն կձեւավորի կամ գոնե խաղաղության համար ինչ-որ հիմք կծառայի՝ նկատի ունեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կամ ավելի լայն՝ տարածաշրջանային առումով: Այստեղ ուրիշ մի շատ վտանգավոր եւ արդեն իսկ գուցե իրականություն դարձած բան եմ տեսնում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան, մասնավորապես, դարձել են կամ՝ փորձեմ ավելի նուրբ ասել, դառնում են Հայաստանում ներքին քաղաքական պրոցեսներ թելադրող: Սա մի կարմիր գիծ է ինձ համար, եւ ավելի քան վստահ եմ, որ, այնուամենայնիվ, մեր հանրության մտածող սեգմենտի համար: Սա դառնում է մի իրավիճակ, որի հեռանկարները, ինչպես նշել եմ իմ հարցազրույցներում, բավականին սեւ են՝ հաշվի առնելով այն ամբիցիաները, որոնք հնչեցվում են Ալիեւի եւ Թուրքիայի իշխանությունների կողմից: Սկսենք նրանից, որ թելադրում են փոխել Սահմանադրությունը, այս իշխանությունը համաձայնեց փոխել, եւ, իհարկե, մնացածը: Այս իրավիճակում երկիր կառավարելն ու զարգացում ապահովելը, անվտանգությունն ապահովելը, առավել քան վստահ եմ, որ հնարավոր չէ:
– Իշխանության տարբեր ներկայացուցիչներ դոզավորված խոսում են Ադրբեջանին տրամադրվելիք, ինչպես իրենք են ասում, ճանապարհի հնարավոր ռեժիմների մասին, ԱԺ նախագահը, օրինակ, «անխոչընդոտ» բառն էր օգտագործել: Այս դիսկուրսն օրակարգ բերելն արդյո՞ք վկայում է, որ, այսպես կոչված, միջանցքի շուրջ Փաշինյանը, այդուհանդերձ, բովանդակային քննարկումների մեջ է Բաքվի հետ:
Կարդացեք նաև
– Այստեղ ես ավելի ընդհանուր կպատասխանեմ, ես համաձայն եմ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, որ ցանկացած բովանդակային քննարկում Ադրբեջանի հետ պետք է բացառվի այն պայմաններում, երբ Բաքվում դատում են մեզ, դատում են հայերիս, եւ չեմ ուզում սահմանափակվել միայն Ռուբեն Վարդանյանով, Բակո Սահակյանով, Արկադի Ղուկասյանով կամ մնացածով, դատում են մեզ եւ մեր ինքնությունը, այսինքն՝ մեզ նսեմացնում են, ինչպես կարողանում են, եւ այդ պայմաններում մտնել բովանդակային դիսկուրսի մեջ, առնվազն հասկանալի չէ ինձ համար, հասկանալի չէ շատ արտասահմանցի իմ գործընկերների համար, եւ սա, վստահորեն, արժանապատվության խնդիր է, իսկ արժանապատվությունը, որքան հիշում ենք, 2018-ի հեղափոխության լոգոներից մեկն է եղել:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում