Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար ուղղակի անհրաժեշտություն է ռազմարդյունաբերական բազա ունենալը․ «Փաստ»

Մարտ 01,2025 10:35

Ադրբեջանը միաժամանակ տարբեր երկրներից միլիարդավոր դոլարների խմբաքանակներ է ձեռք բերում՝ բացահայտ ցույց տալով, որ պատրաստվում է հերթական ագրեսիային։ Բայց իրադարձություններին ուշադիր հետևելու դեպքում կարելի է նկատել, որ Ադրբեջանի կողմից միայն զենքի ձեռքբերման վրա շեշտը չի դրվում։ Տարբեր պայմանավորվածությունների ժամանակ և համագործակցութան ձևաչափերի շրջանակներում Բաքուն առաջ է մղում համատեղ արտադրություն կազմակերպելու ու սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու թեման։ Դրա արդյունքում Ադրբեջանում տարբեր երկրների ծագման զենքեր կարտադրվեն՝ պակիստանյան, թուրքական, իսրայելական և այլն։ Կան նաև միանգամից մի քանի կողմեր ընդգրկող ծրագրեր։ Օրինակ՝ թուրքական KAAN կործանիչների նախագծի շրջանակներում ընդգրկված են միաժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը։

Իսկ Հայաստանում միշտ էլ խոսվել է ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելու մասին, բայց այդպես էլ ծանրակշիռ որևէ ծրագիր չի իրականացվել, ավելին՝ նախաձեռնություն չկա տարբեր համագործակցության ձևաչափեր ստեղծելու հետ կապված։

Ներկայում Հնդկաստանը դարձել է ռազմական արտադրանքի թողարկման կարևորագույն ուղղություններից մեկը, և ամերիկյան, ռուսական, ֆրանսիական ու գերմանական կողմերը ներդրումներ են կատարում Հնդկաստանում։ Իսկ այդ երկիրը շատ դրական է տրամադրված Հայաստանի նկատմամբ, ու միանշանակ կհամաձայնի համատեղ արտադրության կազմակերպման ծրագրերի շուրջ։ Բայց Հայաստանի կողմից որևէ նախաձեռնողականություն չկա, բարձրաստիճան մակարդակով ինտենսիվ հանդիպումներ չկան։

Այնինչ, նույն Ադրբեջանը միշտ բարձր մակարդակով հանդիպումներ է նախաձեռնում Պակիստանի ներկայացուցիչների հետ, փորձի փոխանակում կազմակերպում և այլն։ Վերջերս էլ Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆն էր ժամանել Բաքու, որի շրջանակում կարևորվեց նաև ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությունը։

Ֆրանսիայի հետ ևս Հայաստանի հարաբերությունները բավական ջերմ են, բարձրաստիճան մակարդակով հանդիպումներ տեղի են ունենում, Փարիզից Հայաստանին սատարող հայտարարություններ են հնչում, սակայն այդպես էլ բովանդակային նախաձեռնություններ չկան։ Այնինչ, կարելի էր ֆրանսիական զենք արտադրողներին հրավիրել Հայաստան ու համատեղ զենքի արտադրության թեման բարձրացնել։

Նույնը կարելի է անել նաև այլ գործընկեր երկրների հետ համագործակցության շրջանակներում։ Հայաստանի համար ուղղակի անհրաժեշտություն է ռազմարդյունաբերական բազա ունենալ, որ եթե հանկարծ իրավիճակի փոփոխության պայմաններում զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ առաջանան, հենվի իր ներքին ներուժի վրա։

Բացի դրանից, շատ դժվար է զրոյից ռազմական տեխնոլոգիաներ ստեղծելը, քանի որ այն տարիների աշխատանք ու մեծ ներդրումներ է պահանջում, դրա համար կարելի է միանգամից վերցնել մյուսների տեխնոլոգիաները և կիրառության մեջ դնել։ Օրինակ՝ Թուրքիայում Բայրաքթար անօդաչուները հենց այդպես են ստեղծվել, տարբեր երկրներից բերված տեխնոլոգիաների հաշվին այն հավաքվել է, իսկ որոշ ժամանակ անց դրա հիման վրա արդեն ստեղծվում են թուրքական բաղադրամասերը։

Հայաստանը ռազմական տեխնոլոգիաները յուրացնելու և սեփական արտադրանքի շրջանակներում կիրառության մեջ դնելու խնդիր ունի, իսկ դրա համար միանգամայն լուրջ համագործակցություն է պետք գործընկերների հետ։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31