Լրահոս
Օրվա լրահոսը

Դավթաշենի կամրջով օրից օր երթևեկելը դառնալու է վտանգավոր․ քաղաքային իշխանություններին խնդրել են «հնարավորինս շտապ» փոխել գծանշումները․ «Փաստերի ստուգման հարթակ»

Մարտ 01,2025 10:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դավթաշենի կամուրջը երթևեկության կազմակերպման փոփոխությունների համար իսկական փորձադաշտ է դարձել․ վերջին փոփոխությունը կատարվել է 2024 թվականի դեկտեմբերին, որի մասին, ի դեպ, պաշտոնական հայտարարություն բաց աղբյուրներում չկա։  

Եթե 2023 թ․ դեկտեմբերի 7-ին որոշվել էր Դավթաշենի կամրջի՝ Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Խաչատրյան փողոց (Դավթաշենից դեպի Արաբկիր) ուղղությամբ երթևեկությունը կազմակերպել 4 գոտիով, ապա 2024 թվականի տարեվերջին Դավիթաշենի կամրջով երթևեկության փոփոխությունը չեղարկվեց, և 4 երթևեկելի գոտին դարձավ 3 գոտի: 

Քաղաքացիներն այդ փոփոխությունը նկատել էին ու սոցցանցի հարթակներում կատակել՝ կամուրջը դարձել է սևագրություն։ Հիմա էլ վարորդները շարունակում են կամ չորս գոտով երթևեկել կամ՝ ում ինչպես հարմար է։ 

Արտապատկերումը ֆեյսբուքյան «Տուգանք» խմբից

Ի դեպ, կամրջի երթևեկելի հատվածներից մեկը չորս գոտի դարձնելը որոշակիորեն բեռնաթափել էր այդ հատվածում նախկինում գրեթե մշտապես առաջացող խցանումները։

«Փաստերի ստուգման հարթակը» Երևանի քաղաքապետարանից փորձել է պարզել՝ ինչ հիմնավորմամբ է կատարվել այս վերջին փոփոխությունը, հատկապես՝ ինչ հաշվարկներ և այլ պատճառաբանություններ են դրվել դրա հիմքում։ Ի պատասխան, տեղեկացրել են, որ Դավթաշենի կամրջի երթևեկության փոփոխության չեղարկումը կատարվել է նախագծող, փորձաքննությունն իրականացրած, ինչպես նաև սպասարկող կազմակերպություններից ստացված եզրակացությունների հիման վրա։

2023 թ․ դեկտեմբերին կամրջի վրա երթևեկության կազմակերպման փոփոխությունից առաջ միջին նորոգման աշխատանքներ էին իրականացվել, սակայն դա չէր օգնել, որ մասնագետները արդեն փոփոխությունից հետո ահազանգեն՝ 7 գոտիով երթևեկությունը խախտում է կամուրջը շահագործելու կարգը։

Երևանի քաղաքապետարանից FIP.am-ին կից գրությամբ ուղարկել են «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության եզրակացությունը, որում նշվում է, որ կամուրջը նախատեսում է 3 երթևեկելի շերտ Դավթաշեն-Կոմիտաս և 3 երթևեկելի շերտ Կոմիտաս-Դավթաշեն ուղղություններով։

«Հետևաբար, 4+3=7 երթևեկելի շերտերով իրականացված գծանշումը խախտում է Դավթաշեն կամրջի նախագծով նախատեսված հաշվարկային բեռնավորման սխեման, առաջացնում է կամրջի վրա գերբեռնավորում, որի հետևանքով կամրջի թռիչքային կառուցվածքի և հենարանների կոնստրուկցիաներում ստեղծվում է գերլարված իրավիճակ, ավելանում են թռիչքային կառուցվածքի ճքվածքները, որոնք նույնպես նախագծով սահմանափակած են»,- նշվում է դեռևս 2023 թ․ դեկտեմբերի 12-ին, այսինքն՝ երթևեկության փոփոխությունից 4 օր անց Երևանի տրանսպորտի վարչությանը «Կամուրջշին» ընկերության ներկայացրած մասնագիտական եզրակացության մեջ։ 

Ընկերությունը քաղաքային իշխանություններին խնդրել էր «հնարավորինս շտապ» փոխել գծանշումները և դրանք համապատասխանեցնել սահմանված պահանջներին այնպես, որ երթևեկելի հատվածն ունենա 6 շերտ, «ինչպես դա նախատեսված է Դավթաշենի կամրջի նախագծով, այլ դեպքում կամրջով օրից օր երթևեկելը դառնալու է վտանգավոր»։ 

Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31