Economist Intelligence Unit վերլուծական կառույցը, որը համապատասխան պարբերականի հետ միասին պատկանում է բրիտանական Economist Group ընկերությանը, ամեն տարի հրապարակում է, այսպես կոչված, «Ժողովրդավարության վարկանիշը»: 167 պետություններ գնահատվում են 60 զանազան ցուցիչներով, որոնք խմբավորված են 5 կատեգորիաներով՝ ընտրություններ եւ բազմազանություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեություն, քաղաքացիների քաղաքական մասնակցություն եւ քաղաքական մշակույթ:
Ովքեր են գնահատում պետություններն այս չափանիշներով: Հիմնականում փորձագետները, բայց երբեմն հաշվի են առնվում նաեւ հասարակական կարծիքի հարցումները: Թե ովքեր են հայաստանյան «փորձագետների» մեծ մասը, մենք գիտենք: Նրանք նույն «արեւմտամետ» հ/կ-ականներն են, որոնք ամեն մեծ ու փոքր առիթով քցվում են՝ Փաշինյանի բոլոր քայլերը կրծքով պաշտպանելու: Եթե «Էկոնոմիստն» օգտագործում է նման «փորձագետների» տվյալները, դա զեկույցին արժանահավատություն, մեղմ ասած, չի ավելացնում:
Այդ վերապահումով հանդերձ, տեսնենք, թե որտեղ է գտնվում Հայաստանը՝ զեկույցի դասակարգման համաձայն: Ընդհանուր առմամբ, պետությունների քաղաքական ռեժիմներն այստեղ բաժանվում են 4 տեսակի՝ լիարժեք ժողովրդավարություններ, ոչ կատարյալ ժողովրդավարություններ, հիբրիդային ռեժիմներ, ավտորիտար ռեժիմներ: Մենք երրորդ խմբում ենք: Նշվում է, որ հիբրիդային ռեժիմներն այն պետություններն են, որտեղ ընտրությունների ժամանակ տեղ են գտել որոշակի խախտումներ: Այդ երկրներն ունեն կառավարություններ, որոնք ճնշում են քաղաքական ընդդիմախոսներին, իսկ դատական մարմիններն ինքնուրույն չեն: Օրենքի գերակայությունը չի գործում եւ, ընդհանրապես, առկա են ավելի մեծ թերություններ, քան ոչ կատարյալ ժողովրդավարություններում, օրինակ, քաղաքացիների մասնակցության առումով:
Այդ չափանիշներով մեր «հիբրիդային բախտակիցներն» են Վրաստանն ու Թուրքիան, իսկ Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը դասվում են ավտորիտար պետությունների շարքին: Հետաքրքիր է, որ անցած տարվա տվյալներով «հիբրիդայիններին» է միացել Ռումինիան, քանի որ այնտեղ Սահմանադրական դատարանը չեղարկել է նախագահական ընտրությունները՝ տեսնելով, որ կարող է հաղթել «սխալ թեկնածուն»:
Կարդացեք նաև
Պետք է ասեմ, որ «հիբրիդային ռեժիմ» բառակապակցությունը, որն ընդունված է քաղաքագիտության մեջ, առանձնապես իմ սրտով չէ. «հիբրիդի» մեջ կարելի է խառնել ամեն ինչ: Ռեժիմը կա՛մ ժողովրդավարական է, կա՛մ ավտորիտար: Իմ ընկալմամբ, մենք 1991 թվականից ի վեր ապրում ենք «մաքուր ավտորիտարիզմի» պայմաններում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ