Հայաստանի տնտեսությունը բախվում է մի շարք մարտահրավերների, որոնցից առաջնայինը ներկայում տնտեսական ակտիվության՝ արտաքին գործոններից ու աշխարհաքաղաքական գործընթացներից չափից ավելի մեծ կախվածությունն է։
2022 թվականին Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Հայաստանի համար վերարտահանման կազմակերպման ու աճ արձանագրելու ուղղությամբ։ Սակայն այդ կափույրները քիչ-քիչ փակվում են։ Եվ եթե 2022 թվականի տնտեսական տարին Հայաստանը փակեց 12,6 տոկոս տնտեսական աճով, ապա 2024 թվականին այդ տեմպն արդեն հասել է 5,9 տոկոսի։ Անցյալ տարվա կտրվածքով արտաքին գործոնների դրական ազդեցությունների չեզոքացման միտումն արդեն կտրուկ նկատելի դարձավ։ Օրինակ՝ եթե 2024 թվականի սկզբին տնտեսական աճն ավելի բարձր էր՝ առաջին եռամսյակին արձանագրելով 7,9 %, ապա արդեն չորրորդ եռամսյակում ցուցանիշն իջավ ընդամենը 3,7 %-ի։ Իսկ նոյեմբերին արձանագրեց վերջին տարիների ամենացածր աճը՝ ընդամենը 1,2 %: Փորձագետների գնահատմամբ, կտրուկ անկումը պայմանավորված է թանկարժեք մետաղների ու քարերի վերաարտահանման ծավալների նվազմամբ, որոնց մասնաբաժինն արտահանման կառուցվածքում 2024 թվականի տարեսկզբի 75 %-ից շեշտակի նվազել է:
Ինչ վերաբերում է արդեն 2025 թվականի տնտեսական ցուցանիշներին, ապա տնտեսական ակտիվության նվազման միտումն ավելի տեսանելի կդառնա։ Մյուս կողմից էլ՝ տարվա ընթացքում Հայաստանի համար կարող են ի հայտ գալ բացասական արտաքին գործոններ, քանի որ Հայաստանն այդպես էլ չի հենվում իր ներքին ներուժի վրա։ Սպասվում է, որ բանակցությունների արդյունքում առաջիկայում Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են դադարեցվել, ինչին էլ կարող է հետևել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցներն աստիճանաբար հանելը։ Այս պայմաններում Հայաստանի առաջ կփակվեն վերաարտահանման գրեթե բոլոր հնարավորությունները, երկրի տնտեսությունը կվերադառնա իր նախկին վիճակին, որ հազիվ էր սողում։ Չհաշված, որ հնարավոր է նաև Հայաստանից արտահանմանը խոչընդոտող նոր հանգամանքներ ևս ի հայտ գան։
2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախանշում էր, որ իրենց նպատակադրումը տարեկան միջինը 7 տոկոս տնտեսական աճ ապահովելն է։ Ճիշտ է, նա երեկ հերթական մանիպուլյացիան էր անում, թե 2021-2026 թվականներին տարեկան տնտեսական աճերի միջին 7 % սահմանված առանցքային թիրախը պահպանվել է, սակայն հարցն այն է, որ նա խոսում է միջին արդյունքի մասին: Այնինչ, փաստը մնում է փաստ, որ անցյալ տարվանից սկսած այդ նպատակադրումն իրականություն չի դառնում: Եվ սա այն պայմաններում, երբ արտակարգ իրադրություն չկա, ինչպես, ասենք, կորոնավիրուսի համավարակի ժամանակ էր։
Կարդացեք նաև
Ավելին՝ եթե անգամ հնարավոր լինի տարին փակել գոնե 5 տոկոսով, այն Հայաստանի համար կհամարվի բավական բարձր ցուցանիշ։ Բայց հատկանշական է, որ հունվարին արդեն իսկ մտահոգիչ միտումները նկատելի են։ «Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվարին։ Վերլուծության մեջ վեր են հանվում հիմնական բացասական միտումները։ Տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվարին 2024 թ. հունվարի համեմատ աճել է 7,1 %-ով, որը 3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա հունվարի աճից։ Ընդ որում, արձանագրվել են բացասական ցուցանիշներ արդյունաբերության և արտաքին առևտրի ծավալների մասով, ինչը բավական մտահոգիչ է։ Եթե այս երկու ոլորտներում նվազման միտումները սկսվել են անցյալ տարի, ապա այս տարի ավելի են խորանում։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում