Լրահոս
Օրվա լրահոսը

Հակասական պնդումներ՝ սրված ներքաղաքական բանավեճում․ «Փաստերի ստուգման հարթակ»

Մարտ 01,2025 09:30

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ ներքաղաքական բանավեճը հերթական անգամ սրվել է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս տեղի ունեցած ասուլիսի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի՝ «Ռադիոլուրին» տված հարցազրույցի ֆոնին։

«Փաստերի ստուգման հարթակն» ի մի է բերել այդ դրվագների մասով նախկինում հնչած հակասական և կարևոր քաղաքական հայտարարությունները։

Ալմա Աթայի հռչակագիրն ու վերապահումները

«Ռադիոլուրի» հետ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշել է, որ «Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ-ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր»։

«Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները»,- ասել է դեսպանը։

Հիշեցնենք, որ 2022 թ․ հոկտեմբերին Պրահայի քառակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների ու այն ժամանակ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ընդունված հայտարարությամբ առաջին անգամ հղում արվեց այս հռչակագրին, մասնավորապես՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հանձնառությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որի միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Դեսպանի այս հայտարարությունը սրեց ԼՂ բանակցային գործընթացի մասին քաղաքական ուժերի միջև եղած հին բանավեճը։ Մասնավորապես, «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց, որ Դըկոտինյին սխալվել է՝ հորդորելով նրան ծանոթանալ հռչակագրի վերապահմանը։

Հայտնի է, որ 1992 թ․ փետրվարի 18-ին ՀՀ Գերագույն խորհուրդը 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ստորագրած Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը վավերացրել է վերապահումներով։  

Խորհուրդը, մասնավորապես, վերապահումներից մեկով առաջարկել էր վերաշարադրել համաձայնագրի 5-րդ հոդվածը, այն է՝ «կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը» պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ՝ «Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: 

«Վերապահումները ուժ չունեն,  դեպոզիտարիա չեն ուղարկվել» 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ԱԺ-ում 2024 թ․ փետրվարի 7-ի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, որ «Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ Հայաստանի խորհրդարանի կողմից արված վերապահումները չեն փոխանցվել դեպոզիտարիա»։  

«Միջազգային և տեղական իրավունքի համաձայն, երբ երկիրը վերապահում է անում, Վիեննայի կոնվենցիայի համաձայն, այդ վերապահումը նույնպես պետք է ծանուցվի դեպոզիտարիա: Մենք երկար ժամանակ ուսումնասիրել ենք այս հարցը և արձանագրել, որ Հայաստանն այս մասին չի ծանուցել դեպոզիտաիա։ Ուստի միջազգային իրավահարաբերությունների տեսանկյունից այդ վերապահումները իրավական ուժ չունեն»,- ասաց Փաշինյանը։ 

Փաշինյանի այս պնդումը հաստատել է նաև Արտաքին գործերի նախարարությունը՝ մամուլին հայտնելով, որ ՀՀ-ն 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրել է առանց վերապահումների։  

«ԳԽ կողմից ձևակերպվել են վերապահումներ, որոնց առնչությամբ առկա չէ տեղեկատվություն՝ պայմանավորվող մյուս պետություններին ծանուցելու վերաբերյալ։ Վերոգրյալից հետևում է, որ ապահովված չեն 1969 թ. մայիսի 23-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ վերապահումներ ձևակերպելու կարգը և պայմանները»,- ասված է ԱԳՆ-ի պարզաբանման մեջ։  

Հատկանշական է, որ իշխանության այս պնդումը Հայաստանի նախորդ իշխանությունները, այդ թվում առաջին նախագահն ու նրա թիմակիցները, երբևէ չեն հերքել։  

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31