2025 թվականի մարտի 4-ին` ժամը 11:00-ին, Սահմանադրական դատարանում կվերսկսվի «1997 թվականի ապրիլի 4-ին ստորագրված «Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը:
Հիշեցնեմ, որ անցյալ տարի հոկտեմբերի տասին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 1997 թվականի ապրիլի 4-ին ստորագրված «Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Կառավարությունը 2024 թվականի N 1590-Ա որոշմամբ ներկայացուցիչ է նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին` նրան վերապահելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով կողմին վերապահված բոլոր իրավունքները:
Սահմանադրական դատարան իրենց եզրակացություններն են ուղարկել նախարարությույնները: Ըստ ԱԳ նախարարության եզրակացության, Կոնվենցիան ստորագրելիս Հայաստանը վերապահում է ներկայացրել վերարտադրողական բժշկության ոլորտում երեխայի սեռի ընտրությունն արգելող Կոնվեցիայի 14-րդ հոդվածի առնչությամբ՝ հիմնավորելով, որ ՀՀ օրենսդրությունը նույն արգելքը նախատեսելով հանդերձ՝ բացառություն է կատարում այն դեպքերի համար, երբ, սեռով պայմանավորված, ժառանգական հիվանդության ռիսկ է առկա կամ ընտանիքում արդեն նույն սեռի երեք երեխաներ կան:
Կարդացեք նաև
«Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1999թ. դեկտեմբերի 1-ին: Եվրոպայի խորհուրդը մեծապես աջակցել է Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Կոնվենցիային միանալու ջանքերում, մասնավորապես՝ 2022թ. ՀՀ-ում ստեղծվել է «Բժշկական էթիկայի կոմիտե», առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները՝ նպատակաուղղված կենսաբժշկության ոլորտի իրավական նորմերը եւ իրավական պրակտիկան մարդու իրավունքների եւ էթիկայի եվրոպական չափանիշներին ավելի մոտեցնելու, ինչպես նաեւ իրավաբանների, առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում համապատասխան կարողությունների զարգացման եւ իրազեկվածության բարձրացմանը: Հարկ է նկատել 2023-2026թթ. Գործողությունների ծրագրում շարունակվող ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» թեմայով «HELP» դասընթացների կարեւորությունը՝ ուղղված մարդու իրավունքների սկզբունքների վերաբերյալ կենսաբժշկության ոլորտում ներգրավված եւ առնչվող մասնագետների իրազեկվածության բարձրացմանը»: Հայաստանը Կոնվենցիան ստորագրել է 2024թ. մայիսի 16-ին Ստրասբուրգում՝ ԵԽ 133-րդ Նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության շրջանակում:
ՀՀ արդարադատության նախարարության եզրակացության համաձայն, Կոնվենցիան պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող եւ նոր օրենքի ընդունում կամ օրենքի փոփոխություն նախատեսող դրույթներ:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ համաձայն ստորեւ նշված 17-րդ եւ 20-րդ հոդվածների՝ համաձայնություն տալու կարողություն չունեցող անձի դեպքում միջամտությունը հնարավոր է՝ ելնելով բացառապես նրա ուղղակի շահից:
Մասնավորապես, «Սույն հոդվածը կարգավորում է բացառապես օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի բացակայության դեպքում բժշկական միջամտության թույլատրելիության նախապայմանները։ Այսպիսով, թեեւ ՀՀ օրենսդրությունը կարգավորում է երեխայի կամ անգործունակ ճանաչված անձի նկատմամբ բժշկական միջամտության համար համաձայնություն ստանալու կարգը եւ պայմանները, սակայն բավարար կերպով չի հստակեցնում, թե որ դեպքերում է համաձայնություն տալու կարողություն չունեցող անձի նկատմամբ բժշկական միջամտությունը թույլատրելի, մասնավորապես օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի ներկայության պայմաններում»։
Ըստ ԱՆ դիտարկման, Կոնվենցիայի 17-րդ հոդվածը կարող է խնդրահարույց լինել ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող առանց իր ազատ եւ հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի:
«Մարդու օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, որպես կենդանի դոնորից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլատրելիության նախապայման, սահմանում է դոնորի կողմից կամովին եւ գիտակցաբար տրված գրավոր համաձայնության առկայությունը։ Արդարադատության նախարարության եզրակացության համաձայն, «Սույն օրենքը չի սահմանում կամովին եւ գիտակցաբար տրված գրավոր համաձայնության պահանջի որեւիցե բացառություն։ Այսպիսով, Կոնվենցիայի 20-րդ հոդվածի 2-րդ մասի եւ ՀՀ օրենսդրության միջեւ առկա է անհամապատասխանություն»։
ՀՀ ֆինանսների նախարարության եզրակացության համաձայն, կոնվենցիայում Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.02.2025