Ռուստամ Ստեփանյանն ազատության մեջ է
Փետրվարի 26-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը` սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Ռուստամ Ստեփանյանին ազատ արձակեց եւ կիրառեց այլընտրանքային խափանման միջոց:
«Գեղամ Հակոբյան եւ ընկերներ» փաստաբանական գրասենյակը տեղեկացրեց, որ Ռուստամ Ստեփանյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճում:
Հիշեցնեմ, որ 2024 թվականի նոյեմբերի 14-ից Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ թիվ ԵԴ1/3293/01/24 քրեական գործը Մասիս Մելքոնյանի վարույթում է:
Կարդացեք նաև
ՀՀ, ՌԴ քաղաքացի Ռուստամ Ստեփանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ «նա Սերգեյ Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով մի խումբ անձանց՝ Աշոտ Կուրեղյանի, Հարություն՝ Սահակյանի եւ Սուրեն Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի, 7.62մմ տրամաչափի, «171252475» համարի գործարանային արտադրության ինքնաձիգ եւ ակոսափող հրազենից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7.62մմ տրամաչափի գործարանային արտադրության առնվազն 54 փամփուշտ, այնուհետեւ Աշոտ Կուրեղյանի հետ կազմակերպել եւ ղեկավարել են մյուս հանցակիցների՝ Հարություն Սահակյանի ու Սուրեն Գրիգորյանի գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11- ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել, սպանել են Սերգեյ Գագիկի Գրիգորյանին»:
Ռուստամ Ստեփանյանը 2018թ. փետրվար-մարտ ամիսներից մտերիմ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Երեւան քաղաքի բնակչուհի Մարիա Ա.-ի հետ: Ըստ գործի նյութերի, 2020թ. դեկտեմբերին Ռուստամ Ստեփանյանից բաժանվելուց հետո Մարիա Ա.-ն սկսել է ընկերություն անել «Ֆազ» մականվամբ Սերգեյ Գրիգորյանի հետ, որի ընթացքում՝ 2020թ. դեկտեմբերի 10-ին, Ռուստամ Ստեփանյանի մտերիմ Արթուր Ալեքսանյանի «Ինստագրամյան» էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ են գրվել Մարիա Ա.-ի «Ինստագրամյան» էջին, որոնք վերաբերել են Մարիա Ա.-ին եւ Սերգեյ Գրիգորյանին: Արթուր Ալեքսանյանին պատժելու նպատակով Սերգեյ Գրիգորյանը մտերիմների հետ 2020թ. դեկտեմբերի 11-ին առեւանգել են Ալեքսանյանին, շուրջ 1 ժամ ապօրինի ազատությունից զրկելով, ծեծի են ենթարկել՝ պահանջելով հայտնել «Ինստագրամյան» էջից վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները, սակայն ստանալով բացասական պատասխան, բռնություն գործադրելու սպառնալիքով, նրա կամքին հակառակ տեղափոխել են մեկ այլ վայր, տեւական ժամանակ ապօրինի զրկել ազատությունից եւ ծեծի ենթարկել՝ ներկայացնելով նույն պահանջը:
Ռուստամ Ստեփանյանի միջամտությամբ Արթուր Ալեքսանյանն ազատ է արձակվել՝ հետագայում իր «Ինստագրամյան» էջից Սերգեյ Գրիգորյանի եւ նրա ընկերուհու հասցեին վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները հայտնելու պայմանով: Որոշ ժամանակ անց Սերգեյ Գրիգորյանը Արթուր Ալեքսանյանից հեռախոսազանգով կրկին փորձել է պարզել հայհոյանքներ գրած անձին, սակայն ստանալով մերժում, սպառնացել է սպանել վերջինիս եւ իր հետ գտնվողներին: Դրանից հետո Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգորի Գրիգորյանը 2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 14:00-ից 14:40-ի սահմաններում, Երեւանի «Թոխմախի» գերեզմանատան ավտոկայանատեղիում, եղբոր՝ Սերգեյ Գրիգորյանի եւ նրա ընկերուհու հասցեին Արթուր Ալեքսանյանի «Ինստագրամյան» էջից վիրավորական գրառումներ կատարելու համար վերջինիս եւ իր հետ եղած անձանց պատժելու շարժառիթով կրակոցներ են արձակել իրենց ավտոմեքենաների մեջ գտնվող Ռուստամ Ստեփանյանի, Աշոտ Կուրեղյանի եւ նրանց մյուս կողմնակիցների ուղղությամբ:
Նկարագրված դեպքերից հետո Սերգեյ Գրիգորյանի եւ Ռուստամ Ստեփանյանի միջեւ ձեւավորվել են լարված, թշնամական հարաբերություններ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.02.2025