Ղարաբաղի կործանման մեղքն այլոց վերագրելու եւ «Իրական Հայաստան» արհեստածին գաղափարախոսության առաջմղման համատեքստում իշխանությունները հաճախ են խոսում մի քանի կարեւոր արժեքների մասին։
Այն արժեքները, որոնց մասին բարձրագոչ ճառերով են խոսում վարչապետից մինչեւ ՔՊ-ական պատգամավոր եւ ՔՊ-աջակից, իսկապես բարձր արժեքներ են, բայց, ցավոք, նրանք չեն հասկանում, որ այդ բարձր արժեքների արժեզրկման պատճառը հենց նրանք են՝ նրանց գործելակերպն ու քաղաքականությունը, խոսույթն ու (ան)տրամաբանությունը:
Անկախության եւ ինքնիշխանության նիկոլական բնութագրերը
«Անկախություն» եւ «ինքնիշխանություն» բառերը վերջին շրջանում առավել հաճախ են հանդիպում։ Վարչապետի «գաղափարական» ելույթներում անհնար է չհանդիպել այս եզրույթներին:
Կարդացեք նաև
Ըստ Փաշինյանի եւ նրա աջակիցների՝ Հայաստանը նոր-նոր է դառնում անկախ եւ ինքնիշխան պետություն: Ինչ Ղարաբաղյան շարժում, ինչ անկախության հանրաքվե։ Մինչ վերջերս մենք ռուսական գուբեռնիա՝ ծայրագավառ ենք եղել. նշում են՝ այնքան անկախ եւ ինքնիշխան, որքան այսօր ենք, երբեւէ չենք եղել:
Եթե անկախությունն ու ինքնիշխանությունն ընկալում ենք որպես պատգամավորների, իշխանամետ կուսակցությունների եւ լրատվամիջոցների, ինքնահռչակ «փորձագետների», երբեմն էլ կառավարության անդամների շուրթերից Մոսկվայի նկատմամբ արձակվող կրակահերթեր, ապա շատ անկախ եւ ինքնիշխան ենք:
Մեր անկախությունն ու ինքնիշխանությունն իսկապես ընդլայնվել է, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ օտարերկրյա ոչ բարիդրացի պետությունը մեզնից պահանջում է փոփոխել մեր Մայր օրենքը, ՀՀ տարածքներ է գրավում եւ պահանջում ՀՀ ինքնիշխան տարածքից միջանցք տրամադրել, պատանդառում է հայերի եւ ըստ էության՝ դատում հայ ժողովրդին, արգելում է մեզ զինվել, պատրաստվում է «արեւմտյան ադրբեջանցիների» վերադարձ կազմակերպել եւ այլն:
Անկախ եւ ինքնիշխան Հայաստանն այսօր ունի՞ խաղաքարտեր, ճնշման լծակներ: Եվրոպական, արդեն մարող ֆոնդերլայենական նեոլիբերալ գլոբալիստներից բացի, ո՞վ է մեզ բանի տեղ դնում:
Նիկոլական քարոզչությունն անկախության եւ ինքնիշխանության արժեքները իջեցրին ճղճիմ հակառուսականության եւ ցորենը բրնձով փոխարինելու պատրաստակամության մասին թեթեւամիտ խոսակցությունների մակարդակի՝ արժեզրկելով իրականում պետականության հիմնարար արժեքներ հանդիսացող անկախությունն ու ինքնիշխանությունը:
Ժողովրդավարության սահմանը Նիկոլ Փաշինյանն է
ՔՊ իշխանավորների սիրելի եզրույթներից է նաեւ ժողովրդավարությունը: Ինչպես հայտնի է՝ Փաշինյանի օրոք Հայաստանը ժողովրդավարության բաստիոնի է վերաճել։
Փաշինյանն ու ընկերները «ժողովրդավարություն» եզրույթը կիրառում են առանց խնայման, բայց «ժողովրդավարասեր» ՔՊ-ական գործիչների եւ ՔՊ աջակիցների անհանդուրժող եւ այլատյաց վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որեւէ քննադատության գալիս են ապացուցելու, որ նրանք չգիտեն, որ ժողովրդավարությունն իր մեջ ներառում է նաեւ լայնախոհություն, տարատեսակ կարծիքների բախում:
Եվ որն ամենակարեւորն է՝ ժողովրդավարությունը հոմանիշ չէ մեծամասնության բռնապետությանը եւ ամբոխապետությանը։
Հասարակության մի նշանակալի հատվածը կասկածամտորեն է վերաբերվում ժողովրդավարությանը, քանի որ ժողովրդավարության մասին շատախոսող Նիկոլ Փաշինյանի պատճառով բացվեց հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաահասարսուռ փուլը՝ իր մարդկային, տարածքային կորուստներով, անորոշության հաստատմամբ, Հայաստանի դիրքերի թուլացմամբ հանդերձ:
Զավեշտն այն է, ախր, որ անգամ Նիկոլ Փաշինյանն ինքը չգիտի՝ ինչ է ժողովրդավարությունը: Եթե իմանար, փետրվարի 19-ի երեկոյան ժողովրդին հղած իր «գաղափարական» ուղերձում չեր հայտարարի, որ իր իսկ հորինած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությամբ պետք է առաջնորդվեն քաղաքական եւ հասարակական կյանքի բոլոր տիրույթներում: Ժողովուրդն ամբողջությամբ մեկ գաղափարախոսության՝ «Իրական Հայաստանի» կրողը պետք է լինի։ Սրանից ոչ թե ժողովրդավարության, այլ կոմունիզմի կամ ֆաշիզմի հոտ է փչում:
Այսպիսով՝ ժողովրդավարությունը եւս կարելի է դասել Նիկոլ Փաշինյանի շնորհիվ արժեզրկված արժեքների շարքին:
Անբովանդակ արեւմտամետություն
Փաշինյանին սատար կանգնող կամ «վճռականության պակասի» համար մեղադրող ֆոնդերլայենական «արեւմտամետներն» էլ իրենց հերթին արժեզրկեցին արեւմտամետությունն ու արեւմտյան արժեքները՝ եզրույթների իրական, լուսավորչական ժամանակաշրջանում առաջած իմաստներով: Վերը նկարագրված գործիչները դեպի Եվրոպական միություն տանող ճամարտակ օրինագծի քողի տակ զբաղված են էժանագին հակառուսականությամբ եւ քարոզչական նպատակ հետապնդող կասկածելի աշխարհաքաղաքական կանխատեսումներով:
Պետությունն՝ ըստ Փաշինյանի
Պետությունը եւս կարելի է դասել Նիկոլ Փաշինյանի արժեզրկած արժեքների շարքին: Ըստ նրա՝ մենք պետք է մտածենք միայն եւ միայն միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության տարածքի մասին:
Եթե Արեւմտյան Հայաստանը կամ Արցախը վերադարձնելու մասին նպատակներ սահմանելն իսկապես զուրկ է լրջությունից, անհասկանալի է, թե ինչո՞վ է վտանգվում պետությունը, երբ անդրադառնում ենք մեր ազգային խորհրդանիշ Արարատին, ներկա ՀՀ-ից դուրս գտնվող մեր պապերի ծննդավայրերին:
Պետության՝ «Իրական Հայաստան»-ի մասին փիլիսոփայող Փաշինյանը հաշվի չի առնում, որ իր աղետաբեր քայլերից առաջ հայկական փաստացի պետությունն ավելի քան 40 հազար քառակուսի կիլոմետր էր, իսկ այժմ 29 հազար 743 քառակուսի կիլոմետրից էլ պակաս է:
Պետություն հասկացությունը վարչապետ Փաշինյանն արժեզրկեց նաեւ այս ամիս Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում արված հայտարարությամբ, ըստ որի՝ պարտության միջով անցնելով՝ մենք ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։ Սա համահունչ է վարչապետի այն մտքին, թե մենք նոր-նոր ենք անկախ պետություն դառնում։ Ինչ Արցախյան շարժում, ինչ անկախության հանրաքվե։
Այս արժեքները պետք է պաշտպանել նիկոլականությունից
Հասարակության նիկոլական մասը մեծամիտ եւ անխոհեմ պարծենկոտությամբ են խոսում անկախությունից, ինքնիշխանությունից, ժողովրդավարությունից, արեւտմյան արժեքներից, պետությունից:
Փաշինյանական անկախությունն, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունն, արեւմտյան արժեքները, փաշինյանական պետությունը դատարկախոսություն են, զուտ թմբկահարություն՝ հեռու այդ հիմնարար արժեքների իրական իմաստներից:
Ցավալի է նաեւ այն, որ իրականում շատ կարեւոր այս արժեքների մասին արտահայտվողներից ոմանց այսօր հաճախ ասոցացնում են ՔՊ-ականության հետ, մինչդեռ պետք է խոսել Հայաստանի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, արեւմտյան արժեքների եւ հայկական պետության մասին, որպեսզի պաշտպանենք դրանք ՔՊ-ից:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.02.2025