ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը «Հայելի» ակումբում խոսել է Բաքվում ապօրինաբար դատվող Ռուբեն Վարդանյանի եւ ընդհանրապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների ու պատանդների մասին:
«Նախ պետք է փաստել, որ Ռուբեն Վարդանյանը եւ Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարները կտտանքների եւ ահաբեկչության են ենթարկվում: Ես ուզում եմ, որ մենք փաստենք ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունը խոսում է այն մասին, որ այսօր հայ ժողովուրդը դատվում է Բաքվի բանտում:
Խնդրում եմ չտարանջատել ոչ մեկին: Եկեք այդ կեղծ բաժանարար գծերը միասին ջնջենք, եկեք չտրվենք թուրք-ադրբեջանական այդ թեզերին: Պետք է պայքարել, որպեսզի Հայաստանում ձեւավորվի այնպիսի իշխանություն, որը քայլեր կձեռնարկի մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր բոլոր գերիներին հետ կվերադարձնի: Մենք այսօր բանակցում ենք Նիկոլ Փաշինյանով, որը մեր ազգային խայտառակությունն է: Այդ պատճառով չենք կարողանում հաջողություն արձանագրել, Նիկոլ Փաշինյանը չի իրականացնելու այն քայլերը, որ բխում են հայկական շահերից: Նա իրականացնելու է քայլեր, որոնք բխում են սեփական շահերից, քայլեր՝ սեփական իշխանությունն ամրապնդելու, սեփական աթոռը պահելու համար:
Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի ջարդերը եւ կարող ենք նմանեցնել այն ժամանակ հայերի եւ հիմա՝ 21-րդ դարում, մեր հայրենակիցների սպանդը, էթնիկ զտումը Արցախում, երբ 120 հազար հոգի ստիպված էին լքել իրենց տները, գաղթել եւ գալ Հայաստան: Մեզ կարող է փրկել միայն միասնականությունը: Պառակտող օղակները քայլեր են անում, որ չկարողանանք սոսնձվել որպես քաղաքական ուժեր, հասարակություն, որը կարող է լուծել խնդիրները:
Կարդացեք նաև
Հիմա մենք ունենք հնարավորություն, որը լինելու է վերջինը: Կամ միասնական պայքարում ենք բոլոր ուղղություններով եւ վերադարձնում ենք հայկական օրակարգը, կամ գնում ենք նույն ճանապարհով որով գնացել է Արցախը: Ուզում եմ հիշեցնել, որ իշխանությունները մեզ նկատի ունենալով՝ ասում էին, թե փողոցում պայքարողների պատճառով է, որ մեր գերիները, մեր քույրերը եւ եղբայրները չեն գալիս, ասում էին՝ մեկ-երկու ամիս գերիները կսպասեն ու նրանց կվերադարձնեն: Բա ո՞ւր են ձեր խոստումները: Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Հայաստանից»,-ասաց երիտասարդ հանրապետականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ