Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք չեք կարող մեզ ասել՝ սա տվեք, նա տվեք…Դուք պետք է շնորհակալություն հայտնեք մեզ». Թրամփ-Զելենսկի կոշտ խոսակցություն` ուղիղ եթերում

Փետրվար 28,2025 22:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Սպիտակ տանը հյուրընկալել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Օրակարգում հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի կնքումն է, որը ներառում է ԱՄՆ-ի համագործակցությունը Ուկրաինայի հանքարդյունաբերության ոլորտում:

Հանդիպումից լրագրողների ներկայությամբ, ուղիղ եթերում կոշտ խոսակցություններ են տեղի ունեցել կողմերի միջև:

 

Ինչ կատարվեց Սպիտակ տանը

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որի ժամանակ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին քննարկում էին, թե ինչպես վերջ դնել Ուկրաինայում պատերազմին, բավական լարված ու թեժ անցավ: Թրամփը նույնիսկ ձայնը բարձրացրեց Զելենսկու վրա՝ ասելով, որ նա միլիոնավոր կյանքերի հետ է խաղում:

Նախ Զելենսկին Թրամփին ասաց, որ Պուտինի հետ «փոխզիջումներ չպետք է լինեն»

Ապա Թրամփին ցույց տվեց պատերազմի վայրագությունները փաստող լուսանկարներ: Թրամփն ասաց, որ չեն պատրաստվում շարունակել զենքի մատակարարումն Ուկրաինա:

«Բայց հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի շատ զենք ուղարկել, քանի որ ես անհամբեր սպասում եմ, որ այն արագ ավարտվի»,- ավելացրեց Թրամփը:

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկիին մեղադրեց «անհարգալից» լինելու մեջ։

Այնուհետև Թրամփն ասաց, որ Զելենսկիի գործողությունների հետևանքով կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել:

«Ձեր ժողովուրդը շատ համարձակ է, բայց դուք կամ գործարք եք կնքելու, կամ մենք դուրս կգանք: Եվ եթե մենք դուրս գանք, դո՛ւք կպայքարեք», – ավելացրեց նա՝ հավելելով, որ Զելենսկին «երախտապարտ չէ»:

Զելենսկին ասաց, որ երբ 2014 թվականին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, դրանից հետո՝  2019 թվականին, ինքը պայմանագիր ստորագրեց հրադադարի մասին, քանի որ իրեն վստահեցրել են, որ ռուսական կողմը կպահի խոստումը, բայց Ռուսաստանը 2022 թվականին խախտեց այդ հրադադարը՝ սկսելով լայնածավալ ներխուժումը Ուկրաինա։

«Ի՞նչ դիվանագիտության մասին եք խոսում»,- ասաց նա՝ դիմելով ԱՄՆ փոխնախագահին:

Ջեյ Դի Վենսը պատասխանեց.«կարծում եմ, որ անհարգալից վերաբերմունք եք դրսևորում, երբ գալիս եք Օվալաձև գրասենյակ և փորձում եք վիճել ամերիկյան լրատվամիջոցների առջև»:

Այնուհետև Թրամփն ասաց, որ եթե ինքը չմիջամտեր, ոչ մի գործարք էլ չէր կարող լինել:

«Ես չեմ սատարում Պուտինին, ես ոչ մեկին չեմ սատարում, ես սատարում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներին … Դուք ուզում եք, որ ես կոշտ լինեմ, ես կարող եմ լինել ավելի կոշտ, քան ցանկացած մարդ, որը երբևէ տեսել եք… բայց այդ դեպքում դուք ոչ մի գործարք էլ չեք ստանա», – ասաց նա:

Այնուհետև Զելենսկին փոխնախագահ Վենսին հարցրեց, թե արդյոք նա եղել է Ուկրաինայում՝ տեղում խնդիրները տեսնելու համար, ինչի Վենսը պատասխանեց, որ կարդացել և տեսել է Ուկրաինայում ընթացող իրադարձությունները: Դրանց հետո Զելեսնսկին տարուբերեց գլուխը՝ ասելով, որ ԱՄՆ-ն նույնպես ի վերջո կզգա պատերազմի հետևանքները։

Վեճին կրկին միջամտեց Թրամփը՝ ասելով. «Մի՛ ասեք, թե ինչ ենք մենք զգալու։ Դուք այդ դիրքերում չեք, որ մեզ թելադրեք: Մենք մեզ շատ լավ ենք զգում և շատ ուժեղ»:

«Այն, ինչ դուք անում եք, անհարգալից վերաբերմունք է երկրի նկատմամբ: Այս երկիրը, որն աջակցում է ձեզ շատ ավելին, քան պետք է, ինչպես շատերն էին ասում», – բարկացած հավելեց Թրամփը:

Սրան Զելենսկին հանգիստ պատասխանեց. «Ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում ձեր երկրին»։

Փոխնախագահ Վենսն իր հերթին ընդհատեց.«Այս ամբողջ հանդիպմանը մեկ անգամ «շնորհակալություն» ասացի՞ք»։ «Շատ անգամ»,- պատասխանեց Զելենսկին:

Լուսանկարիչները ֆիքսել են ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին, որը դեմքն առել է ձեռքերի մեջ այն ժամանակ, երբ Թրամփը բղավում էր Զելենսկու վրա:

Նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Զելենսկին հեռացել է Սպիտակ տնից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728