Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության վերաբերմունքը չէ, որ որոշելու է մտավորականի դերն իր ժողովրդի պատմության մեջ. Արմեն Դուլյանի հոդվածը

Փետրվար 28,2025 21:40

Հայաստանը ո՛չ առաջին, ոչ էլ երևի վերջին պետությունն է, որի իշխանությունները պնդում են, թե երկրում քաղբանտարկյալներ չկան։ Այնինչ, այս հարցում էլ պաշտոնական Երևանի դիրքորոշումը տարբերվում է միջազգային որոշ կազմակերպությունների կարծիքից։ «Էմնիսթի Ինթերնեշնլ» («Միջազգային Ներում») կազմակերպության՝ մի քանի օր առաջ հրապարակված տարեկան զեկույցում փաստված է. «1995 թվականից ի վեր քաղաքական բանտարկյալների 3 հիմնական խմբեր՝ ավելի քան 50 մարդ, դատարանի առջև է կանգնեցվել Հայաստանում»։ Իրոք, անցած տարին քաղաքական դատավարությունների տարի կարելի է անվանել։ Ու երևի պատահական չէ, որ Հայաստանի քաղաքական գործիչներից մեկը՝ Աշոտ Մանուչարյանը, այդ դատավարություններն իրենց հնչողությամբ համեմատեց Դրեյֆուսի գործի հետ։

100 տարուց ավելի է անցել այն օրից, երբ 1894-ին ձերբակալվեց ֆրանսիական բանակի հրեա սպա Ալֆրեդ Դրեյֆուսը։ Նրան մեղադրեցին գերմանացիներին ռազմական գաղտնի տեղեկություններ հաղորդելու մեջ, այսինքն, հայրենիքի դավաճանության ծանր մեղադրանք ներկայացրին։ Ու թեև Դրեյֆուսը կտրականապես մերժում էր բոլոր մեղադրանքները, նրան ի վերջո ցմահ բանտարկության դատապարտեցին և տեղափոխեցին Հարավային Ամերիկայի ափերի մոտ գտնվող Սատանայի կղզին։

Բայց նախ կատարվեց բանակից հեռացնելու ամոթալի արարողությունը, որի ականատեսն է եղել ավստրիացի իրավաբան Թեոդոր Հերցլը։ «Վաշինգտոն փոստ» օրաթերթի վկայությամբ, այդ իրադարձությունն ամրապնդեց Հերցլի համոզմունքը, որ հակասեմիտականությունը թույլ չի տա հրեաներին ապահով գոյատևել քրիստոնեական հասարակությունում, և նա գրեց «Հրեական պետություն» գիրքը, որը հետագայում հանրահայտ դարձավ և՝ ոգեշնչման աղբյուր Իսրայել պետության հիմնադիրների համար։ Կարելի է ասել ուրեմն, որ Դրեյֆուսը կամա թե ակամա իր լուման է ներդրել Իսրայել պետության ստեղծման գործում։

Բայց Դրեյֆուսի՛ գործին վերադառնանք։ Կինը, եղբայրը և մյուս հարազատները երեք տարի շարունակ պայքարեցին նրան արդարացնելու համար, բայց նրանց ջանքերը հաջողությամբ չպսակվեցին մինչև այն պահը, երբ ուղիղ 100 տարի առաջ՝ 1898 թվականի հունվարին, «Ավրորա» թերթում լույս տեսավ ֆրանսիացի մեծ գրող Էմիլ Զոլայի «Ես մեղադրում եմ» ծավալուն խմբագրականը։ Զոլան այդ հոդվածը գրեց երկուսուկես օրում և այն բանից հետո, երբ ֆրանսիական բանակի գաղտնիքները հաղորդած իրական լրտեսին արդարացրեց ռազմական դատարանը։ Խմբագրականը, որը համարում են մամուլի պատմության մեջ ամենաազդեցիկ հրապարակումը, սենսացիա առաջացրեց։ «Ավրորան», որի սովորական տպաքանակը 30 հազարից չէր անցնում, այդ օրը վաճառվեց 300 հազար օրինակով։

Իր հոդվածում, որը ֆրանսիացի մեկ այլ գրող՝ Անատոլ Ֆրանսը, բնութագրել է որպես «մարդկային խղճի մեծագույն պահ», Զոլան մեկ առ մեկ տվեց այն բարձրաստիճան զինվորականների և իշխանավորների անունները, որոնք քաղաքական արշավ էին ծավալել Դրեյֆուսի դեմ։ Արդյունքում Ֆրանսիայի հասարակությունը բաժանվեց այսպես կոչված՝ դրեյֆուսականների և հակադրեյֆուսականների։ Մամուլը Զոլային ծաղրում էր՝ նրան պատկերելով խոզի տեսքով։ Թերթերից մեկը գրեց. «Ֆրանսիացի Զոլան, եթե նա, իհարկե, ֆրանսիացի է, հրաժարվում է իր ազգությունից հանուն հրեաների»։

Իշխանություններն էլ անհետևանք չթողեցին ոչ միայն Ֆրանսիայում, այլև ողջ աշխարհում մեծ աղմուկ հանած այս հրապարակումը։ Դրեյֆուսի գործով նոր դատավարություն տեղի ունեցավ, որին ներկա էին աշխարհի գրեթե բոլոր երկրների 400 լրագրողներ։ Դատարանը, փաստորեն, վերահաստատեց նախկին որոշումը, Դրեյֆուսը կրկին մեղադրվեց լրտեսության մեջ, բայց երկրի նախագահը նրան մեծահոգաբար ներում շնորհեց։ Իսկ ինքը՝ Էմիլ Զոլան, դատապարտվեց մեկ տարի ազատազրկման՝ բարձրաստիճան զինվորականներին զրպարտելու մեղադրանքով։ Աշխարհահռչակ գրողը ստիպված եղավ մեկնել Անգլիա՝ պատժից խուսափելու համար։

1902 թվականին Զոլան մահացավ՝ այդպես էլ չիմանալով, որ իր սկսած գործը հաղթանակելու է. 4 տարի անց՝ 1906-ին, Ֆրանսիայի իշխանությունները խոստովանեցին, որ Դրեյֆուսի գործն, ինչպես ասում են, սարքած էր, լիովին արդարացրին նրան և պատվով վերադարձրին բանակ։ Մեծ գրողը, սակայն, կանխազգում էր, որ արդարությունը հաղթելու է։ Իր հանրահայտ հոդվածում, որի 100-ամյակը շուքով նշվում է Ֆրանսիայում այս օրերին, Զոլան գրել է. «Ճշմարտությունն արշավում է, և ոչ ոք չի կարող կանգնեցնել այդ արշավը։ Մի օր Ֆրանսիան երախտապարտ կլինի ինձ իր պատիվը փրկելու համար»։

Հիմա՝ 20-րդ դարի վերջին, կարելի է փաստել, որ իսկական մտավորականի նկատմամբ իշխանությունների բարյացակամ կամ ոչ բարյացակամ վերաբերմունքը չէ, որ որոշելու է մտավորականության այդ ներկայացուցչի դերը իր ժողովրդի պատմության մեջ։ Այո՛, պատմական փաստ է այլևս, որ երբ Հայաստանի Գերագույն դատարանը հրապարակում էր իր մեղադրական վճիռը վերջին քաղաքական դատավարության գործող անձանց նկատմամբ, հանրապետության մտավորականների մի մեծ խումբ պարգևներ էր ստանում բարձրագույն ղեկավարի ձեռքից։

Բայց կա մեկ այլ դատավոր, որը կայացնում է վերջնական վճիռը։ Դա պատմությունն է։ «Մենք հիմա գիտենք, որ մութ ուժերը, անհանդուրժողականությունը և անարդարությունը կարող են ներթափանցել պետության ամենաբարձր ոլորտները»,- գրել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Էմիլ Զոլայի և Դրեյֆուսի ժառանգներին հասցեագրած նամակում։

Պատմությունն ամեն ինչ դնում է իր տեղը։ «Լա Քղուա» օրաթերթն այս օրերին ներողություն է խնդրել մեկ դար առաջ որդեգրած հակադրեյֆուսյան դիրքորոշման համար, իսկ «Ֆիգարոն» խոստովանել է, որ բավական քաջություն չի ունեցել Զոլայի հոդվածները տպելու համար և ի վերջո առաջարկել է գրողին իր ակնարկները տանել ուրիշ թերթ։ Թերևս, խորհրդանշական կարելի է համարել նաև, որ ժամանակին Զոլան իր հանրահայտ հոդվածն ուզում էր վերնագրել «Բաց նամակ նախագահին», սակայն «Ավրորա» թերթի խմբագիր Ժորժ Քլեմանսոն, որը հետագայում դարձավ Ֆրանսիայի վարչապետ, համոզեց գրողին, որ չարժե Դրեյֆուսի գործը կապել այս կամ այն ղեկավարի անվան հետ։

Եվ իրոք, այն ժամանակվա նախագահ Ֆելիքս Ֆորի անունը այս օրերին գրեթե չի հիշատակվում, այնինչ, Ֆրանսիայի խորհրդարանի շենքի ճակատային մասին փակցված է մի մեծադիր պաստառ, որը վերարտադրում է «Ավրորա» թերթի առաջին էջը Էմիլ Զոլայի «Ես մեղադրում եմ» հոդվածով։

Պատմությունն ամեն ինչ դնում է իր տեղը։

 

Արմեն ԴՈՒԼՅԱՆ

(Հրապարակումն «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակվել է 1998թ., հունվարին)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728