«Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի» նախագահ, նախկին երգիչ Արտյոմ Թումանյանը ևս պատրաստվում է մասնակցել Գյումրու՝ մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Թե որ կուսակցությամբ, առայժմ չի հրապարկում։
Իշխանափոխությունից ի վեր՝ 7 տարի շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջերմորեն սատարած, ի պաշտպանություն վարչապետի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում 2019 թվականի փետրվարին հանրահավաք կազմակերպած ու այդ նույն ժամանակահատվածում Վազգեն Մանուկյանի ու դաշնակցականների մուտքը Գյումրի արգելած Արտյոմ Թումանյանը, սակայն, հավաստիացնում է, որ ՔՊ-ի հետ չի համագործակցելու։
Այս մասին այսօր Վարդանանց հրապարակում հայտարարեց թեկնածուն՝ նշելով, որ հենց այս հրապարակից սկսված հեղափոխությունը շեղվեց իր ճանապարհից։
Ըստ նրա, ի հայտ եկան «անդաստիարակ քաղաքական գործիչներ», որոնք Գյումրին գլորել, տարել, հասցրել են անդունդի եզրին։
«2018 թվականին Հայաստանի Հանրապետության 90 տոկոսը եղել են հեղափոխականներ, ինչպես նաև ես։ Ինչպես ժողովուրդն է ինձ ասում՝ բալա ջան, Արտյոմ ջան, մեր տղա, էս հեղափոխությունը որ արեցին, ի՞նչ է տվել մեզ։ 7 տարի է՝ հեղափոխությունը եղել է, բայց գյումրեցիներն էլի բնակվում են տնակների մեջ՝ 37 տարի։
Կարդացեք նաև
Հավատացեք, տնակը մարդուն հատկացվել է երկու տարի ժամանակով ապրելու համար, բայց ոչ 37 տարի, էսօր մենք ունենք դեռևս 3000 գյումրեցիներ, որոնք ապրում են տնակում։ Երկրաշարժից հետո տնակում ապրած երեխան էսօր արդեն թոռ ունի, սա ողբերգություն է, սա մեր քաղաքի, մեր ազգի ողբերգությունն է»,- քննադատեց Արտյոմ Թումանյանը։
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս համոզվի ժողովուրդը, որ նա չի սատարելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, երբ տարիներ շարունակ իր սոցիալական ցանցի էջերում գովերգել է Նիկոլ Փաշինյանին, անգամ նրա անցկացրած «փրայմերիզին» ինքնառաջադրվել էր, սակայն նույն Փաշինյանի կողմից մերժում էր ստացել՝ Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի պաշտոնում որպես ՔՊ-ի թեկնածու հանդես գալու։
«Նորից եմ կրկնում՝ 2018 թվականին տեղի է ունեցել հեղափոխություն, որի առաջնորդը եղել է Նիկոլ Փաշինյանը, մենք ազգովի սատարել ենք հեղափոխության առաջնորդին։ Դա եղել է բարոյականության սկզբունք՝ բոլորիս կողմից։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին՝ հանրահավաքների ճանապարհները փակելուն, այո, լավ հիշեցրեցիք, ես էլ էի ուզում դրա մասին խոսել։ Երբ այն ժամանակ 20 կուսակցություններ 200-300 մեքենաներով գալիս էին մեր քաղաքը ձեռքից վերցնելու, դուք կարո՞ղ եք մատնացույց անել մի մարդու, որը կարողացավ կանգնել հոծ բազմության դիմաց։ Չեք կարող, միայն Արտյոմ Թումանյանն էր՝ իր ժողովրդով, գյումրեցիներով, շիրակցիներով, որ փակեցին ճանապարհը։
Այո, մի անհավասարակշռված ծերուկ, ով գյումրեցիներին, շիրակցիներին անվանեց բոմժեր, միակ պատասխան տվողը եղել եմ ես՝ գյումրեցիների ու շիրակցիների հետ միասին։ Տեսանյութերը համացանցում գոյություն ունեն։ Իսկ Գյումրիում հանրահավաք, այո, մենք արել ենք ոչ թե անձի, Նիկոլ Փաշինյանի համար, այլ արել ենք հեղափոխության համար։
Այո, հեղափոխությունը տեղի է ունեցել, ցավոք չի ավարտվել։ Հեղափոխությունը սկսվել է Գյումրի քաղաքից, և վերջի սկիզբը դրվելու է Գյումրիից։ Մարտի 30-ի ընտրությունները սոսկ Գյումրի քաղաքի ընտրություններ չեն, ասեմ, իմանաք, այստեղ ամեն մեկն ունի իր շահը, մեծ հաշվով տուժելու է ժողովուրդը։
Ես եղել եմ հեղափոխության սկզբունքներին հետևող և մինչև այսօր հեղափոխության համար պայքարում եմ, որը մինչև վերջ տեղի չունեցավ, պաշտոնապես հայտարարում եմ՝ յուրաքանչյուր գյումրեցու քվե, մանդատ ընտրություններից հետո չի տրվելու այս կամ այն քաղաքական ուժին, այդ թվում նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։
Մեր դիտարկմանը, թե դուք միշտ սատարել եք Նիկոլ Փաշինյանին, բայց ՔՊ-ականները կարծես ձեր դեմ են դուրս եկել, մեր զրուցակիցը պատասխանեց․«Մեր ազգի ցավն այն է, որ մենք հեղափոխականներս միացանք մի կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրին», այսինքն կուսակցության առաջնորդն է հեղափոխությունն իրականացրել, բայց ինքներդ դուք տեսնում եք, որ կան անդաստիարակ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, մարզպետներ, քաղաքապետեր, անուններ չեմ ուզում տալ, որոնք ամեն ինչ արեցին, որ մարզը գլորեն․ տարան, անդունդի եզրին կանգնեցին։ Եթե իրենք իրենց թիմի մեջ են պառակտված, ուրեմն ժողովուրդը, հազար ներողություն, հող գցի իր բերանը։ Էսօր ինչ հարց են տալիս՝ ինչի համար ենք արել հեղափոխություն, կողքիս մարդը դեղի փող հազիվ է հայթայթում՝ ընկերների, ազգ ու բարեկամի միջոցով»։
Մեր հաջորդ հարցին էլ, թե ՔՊ-ականներն արեցի՞ն, որ չթույլատրեն իրեն «փրայմերիզին» մասնակցելու, ասաց․ «Ես չեմ կարող մեկնաբանել ով ինչ արեց, բայց փաստը մնաց փաստ, որ ես ցուցակում չեղա «փրայմերզի» ժամանակ, ես դրանից չեմ նեղվել, դա ընտանիք է, իրենք որոշել են իրենց ընտանիքի անդամներով։ Փառք Աստծո, որ ես չեղա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, էսօր իմ խիղճը հանգիստ է, մնալու եմ, պայքարելու եմ, ծառայելու եմ իմ գյումրեցիներին»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ