Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է որոշակի զգուշավորություն դրսևորենք ծրագրերն ընտրելիս, որպեսզի դրանք արժանի լինեն Վարպետի վաստակին»

Փետրվար 28,2025 17:56

Այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի  նախագահությամբ: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 18-ի  N 137–Ա որոշման:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Ավետիք Իսահակյանը, որը ևս հանձնաժողովի անդամ է:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առաջարկները, որոնք պետք է ներկայացվեին մինչև 2025 թ. հունվարի 30-ը: ԿԳՄՍ նախարարություն ներկայացված 44 առաջարկից հանձնաժողովը պետք է ընտրի այն միջոցառումները, որոնք ընդգրկվելու են հոբելյանական ծրագրում:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հանձնաժողովի դերն ու գործունեությունը մեծանուն գրողի հոբելյանական տարվա միջոցառումները պատշաճորեն իրականացնելու տեսանկյունից:

«Կարծում եմ՝ պետք է որոշակի զգուշավորություն դրսևորենք ծրագրերն ընտրելիս, որպեսզի դրանք արժանի լինեն Վարպետի վաստակին: Պետք է գտնենք այն ճիշտ ձևաչափերն ու ճանապարհները, որոնցով ըստ արժանվույն կհանրահռչակենք ու կտարածենք Ավետիք Իսահակյանի ժառանգությունը»,- ասել է նախարարը:

Ներկայացված ծրագրերը դիտարկելու առումով Ժաննա Անդրեասյանն առաջարկել է առաջնորդվել մի քանի առանցքային սկզբունքով՝ հաշվի առնելով նախընթաց տարիների փորձը:

Նախարարը, մասնավորապես, մատնանշել է միջոցառումներն ընտրելիս կարևորել գիտակրթական բաղադրիչը, միջոցառումների ապակենտրոնացումը, դրանցում դպրոցների մասնակցության և նախաձեռնողականության խրախուսումը, միջոցառումների բազմազանության ապահովումը, արտերկրում Իսահակյանի ժառանգության ընդլայնված հանրահռչակումը:

Ըստ ներկայացված առաջարկների՝ հոբելյանական ծրագրի շրջանակում միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Միջոցառումները հիմնականում ներառում են գիտաժողովներ, հրատարակչական աշխատանքներ, ֆիլմաշարի ստեղծում, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ և այլն:

Նշվել է, որ առաջիկայում Հայաստանը մասնակցելու է Լայպցիգի գրքի միջազգային փառատոնին` հայկական տաղավարում առանձին հատվածով ներկայացնելով նաև Ավետիք Իսահակյանի գործերը: Կարևորվել է Գրքի երևանյան միջազգային փառատոնում ևս հոբելյանի շեշտադրումը:

Հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև հոբելյանի բրենդավորման, տարբեր գործընկերների հետ պատշաճ համագործակցության վերաբերյալ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728