Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ազնավուրի բախտին արժանանամ, այսինքն, սրտամոտ դերեր առաջարկեն, շանսոնյեի օրինակով կստեղծագործեմ երկու ոլորտներում զուգահեռ». Տիտիանո

Փետրվար 28,2025 17:22

Այսօր հերթական անգամ անդրադառնանք մշտապես երիտասարդ, արդեն 94-ամյա Շառլ Ազնավուրի արվեստին: Շատերին է հետաքրքրում` ինչո՞ւ են նաև երիտասարդներն անվերջ լսում Ազնավուր: Թվում է, թե դրանք անցյալ դարի երգեր են և նոր ժամանակներում նոր ժանրեր են հաստատում իրենց գերժամանակակից կարգը. Թվում է` անցնող ժամանակի հետ կանցնեն նաև իր ժամանակին սիրված երգերը: Բայց տեսնում ենք, որ նոր ժամանակի նոր երգիչ երիտասարդը սեփական երգացանկը կառուցում է մեծանուն շանսոնյեի մեկը մյուսից շքեղ, անկրկնելի երգերով: Քանի որ Շառլի երգերը միշտ երիտասարդների ապրումների մասին են, միշտ այն լսելու են երիտասարդները, լսելու են հոգով միշտ երիտասարդները. Այդ երգերը սիրո մասին են ու խենթ ու խելառ բոհեմի մասին և այն մասին, որ…

Դեռ երեկ քսան տարեկան էի
Ու վատնում էի ժամանակը իմ,
Խաղում կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ…
Ու մսխում էի ժամանակը իմ,
Ես հույս ունեի կանգնեցնել նրան…

Ու առաջ անցնել նրանից անգամ,
Բայց ես վազեցի, վազեցի միայն…
Հիմարություններ անելով միայն,
Որոնք իմ հոգում բնավ չթողին
Ոչ մի ճշմարիտ, որոշակի հետք,
Ճակատիս վրա մի քանի կնճիռ գոյացավ միայն…

Քանզի սերերս, լույս աշխարհ չեկած, իջան գերեզման…
Ջահել օրերս ու կյանքս, ավաղ, վատնեցի իզուր…
Իմ լավն ու վատը ես չհասկացա…
Որտե՞ղ է հիմա
Ջահելությունը
Իմ քսանամյա…

(Թարգմանություն՝ Սամվել Գասպարյանի)

Շանսոնյեի սիրված երգերի թվում այս մեկը երեկ դարձյալ հնչեցրեց հայաստանցի հանդիսատեսին առաջին անգամ ներկայացող ֆրանսիացի երիտասարդ երգիչ Տիտիանոն, որի երևանյան մենահամերգի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան» համերգասրահը: Նա հանդես եկավ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարած Հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:

 

Երեկոյի հատուկ հյուրն էր ճանաչված սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանը, որն իսկապես հիանալի կատարումով հանդես եկավ Տիտիանոյի հետ, դեռևս անցյալ դարի, եթե չենք սխալվում 70-ականներից մինչ օրս, կարծես սիրո հիմն դարձած «Հավերժական սեր» երգի մեկնաբանմամբ, որը ժամանակին Ազնավուրը կատարել է Միրեյ Մաթյեի ընկերակցությամբ:

Երգչուհին սոլո հնչեցրեց նաև համաշխարհային երգարվեստում տարբեր հեղինակների Ավե Մարիաների թվում, տասնամյակներ առաջ, իր մշտական տեղը գտած մեր մեծ հայի «Ավե Մարիան»:

Փաստենք, որ այն սոպրանոյի ականջահաճո տեմբրով, իսկապես սրտի անկեղծ խոսք էր, փառաբանություն ուղղված Սուրբ Մարիային: Մի բան էլ, մեր ականջին հասավ մեկ-երկու հանդիսատեսի կողմից ասված հետևյալ միտքը, ավելի ճիշտ ցանկությունը, գուցե հորդորը` երգչուհին պետք է անպայման ձայնագրի այս երգը:

Համերգի ավարտին, դեռևս շարունակվող ծափահարությունների ու բրավոների ներքո, հասցրինք Տիտիանոյից տեղեկանալ, որ իրենց տանը Ազնավուր հնչել է միշտ. «Առանց չափազանցության ասեմ, փոքր հասակում մտքովս անցնում էր, բայց երբեք այդ մասին չեմ բարձրաձայնել` տեսնես հայրս ու մայրս, բացի Ազնավուրից, ուրիշ մեկ այլ երգչի չե՞ն սիրում…»:

Թեև երիտասարդ երգիչը իր տարիքից ելնելով՝ չէր կարող շփվել շանսոնյեի հետ, բայց հավաստիացնում է, որ ծնողներն իրեն դաստիարակել են նաև Խաչատրյանի, Փարաջանովի արվեստով նույնպես: «Մինչ Հայաստան այցս, Փարիզում հրավիրված էի ներկայանալի մի միջոցառման, որի ընթացքում ամենայն մանրամասնորեն ներկայացվեց Փարաջանով – արվեստագետը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե իրեն հաջողվեց անկեղծ փոխանցել հանճարեղ Ազնավուրի հուզական ու խորը երգերը, բայց, մի բայց կա` ցանկացած երգի կատարման ընթացքում, եթե մի պահ փակեիր աչքերդ, տպավորություն էր, թե Ազնավուրի համերգին ես ներկա, արվեստագետը պատասխանեց. «Ինձ էլի են ասել այդ մասին, այո, նման բան կա: Այժմ պատրաստման փուլում է նոր ծրագիրս արդեն մի քանի հեղինակների երգերից բաղկացած, իհարկե առաջնահերթ կլինի Ազնավուրը: Իսկ երբ հնարավորություն ընձեռվի այն ներկայացնել նաև Երևանում, ապա վստահեցնում եմ, որ կհանդիպեք այլ Տիտիանոյի: Ձեր հարցից հասկացա, որ ուղիղ ասած, կրկնօրինակում եմ Ազնավուրին, այս պահին հնչեցնեմ զրույցի սկզբում ասածս միտքը ավելի տպավորիչ` դեռևս մայրիկիս փորիկում եմ սկսել լսել Ազնավուր…»:

Հետաքրքրությանը` շարունակվո՞ւմ է իր նաև դերասանական գործունեությունը, որն ի դեպ, ավելի վաղ` երեխա տարիքից է սկսվել, մեր զրուցակիցն արձագանքեց. «Իհարկե, ոչ այն թափով, ինչպես երեխա տարիքում էր: Վերջին տարիներին կենտրոնացած եմ երգարվեստիս վրա, բայց եթե Ազնավուրի բախտին արժանանամ, այսինքն, սրտամոտ դերեր առաջարկեն, շանսոնյեի օրինակով, կստեղծագործեմ երկու ոլորտներում զուգահեռ»:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728