Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը
Երբ պաշտոնական Երեւանի ներկայացուցիչները ասում են, որ Բաքվում պահվող գերիների հարցում արձագանքները կառուցում են «չվնասելու» տրամաբանությամբ, սա միանգամայն հասկանալի է: Իրավիճակը անհասկանալի է դառնում, երբ դիտարկում ենք վարքագիծը ընդհանուր առմամբ: Եվ այդ ընդհանուր վարքագծում արձագանքների տեսակարար կշիռն այնպիսին է, որ տպավորություն է, թե Հայաստանը որեւէ էական ձայն կամ արձագանք անելու դեպքում «վնասելու» է դրությանը:
Իսկ ի՞նչ է նշանակում «վնասել»: Նշանակում է, որ Ադրբեջանը «պատժելու» է այդ արձագանքի համար կամ Հայաստանին, կամ պատանդներին:
Ստացվում է, որ Հայաստանին «արտոնված» չէ որեւէ շոշափելի, նկատելի, էական արձագանք: Իսկ սա խնդիր է ավելի գլոբալ առումով: Այսինքն, եթե իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանի որեւէ էական ձայն կարող է բերել «վնասի», ապա սա արդեն խնդիր է ոչ միայն զուտ պատանդների հարցի առնչությամբ, այլ բանակցային գործընթաց ասվածի ընդհանրապես:
Կարդացեք նաև
Ընդ որում, կրկնեմ, ես այստեղ հասկանալով իսկապես շատ բարդ պատկերը, ձեռնպահ կմնամ իշխանության հասցեին իմպերատիվ դիտողություններից կամ պահանջներից, որովհետեւ ես իսկապես չեմ պատկերացնում, թե կոնկրետ ինչ լուծումներ, իրերի դրությունն ու ուժերի հարաբերակցությունը փոխելու ինչ գործուն քայլեր կան:
Օրինակ, ես այսօր լսել եմ երկուսը՝ Էդմոն Մարուքյանին եւ Վարդան Օսկանյանին:
Էդմոն Մարուքյանն առաջարկում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հայց ներկայացնել միջազգային քրեական դատարան՝ Հռոմի ստատուտն օգտագործելով, եւ դրա ճնշմամբ ստեղծել հայցը հետ կանչելը պատանդների հետ փոխանակելու իրավիճակ:
Վարդան Օսկանյանը առաջարկում է հենց այսօր հայտարարել բոլոր մակարդակի բանակցային գործընթացները դադարեցնելու մասին, մինչեւ պատանդների ազատ արձակումը:
Նախ, շատ հստակ է, որ երկու գործիչ առաջարկում են երկու կոնկրետ քայլ: Այսինքն, դուրս են գալիս վերացական կոչերից, եւ առաջարկում կոնկրետ քաղաքական քայլ: Այլ հարց է, մենք ինչպես կգնահատենք դրանք, կհամարենք, որ դրանք աշխատող քայլե՞ր են՝ կամ դրանցից որեւէ մեկը, թե՞ կլինենք դրանց էֆեկտիվության հարցում թերահավատ:
Բայց, միեւնույն ժամանակ, եթե մենք դիտարկում ենք խնդրի լուծման հեռանկար, ապա մենք չենք կարող չգալ կոնկրետ քայլերի հարցի, չենք կարող մնալ վերացական-միտինգային տոնայնության մեջ:
Եվ ուրեմն, պետք է խթանվեն հենց կոնկրետ քայլերի մասին խոսակցությունները: Իհարկե, մարդիկ կան, որոնք կասեն, որ կոնկրետ քայլ պետք է լինի իշխանությանը հեռացնելը: Դե, մոտեցում է, բայց ակնհայտորեն առավել անիրատեսականը՝ այս պահին:
Բայց, խոսակցությունը բոլոր դեպքերում պետք է ծավալվի առավելագույնս կոնկրետ: Հասարակական կարծիքը պետք է «գեներացվի» հենց կոնկրետությունների շուրջ, որպեսզի ունենա հնարավորինս բարձր ՕԳԳ: