ՀՀ նախագահին ուղղված հանրագրով տարբեր, այդ թվում՝ Հայ-ռուսական համալսարանի ուսանողները եւ շրջանավարտները պահանջել էին թվարկել համապետական համազգային շահերը, որոնցով առաջնորդվում է ՀՀ Նախագահը եւ հստակեցնել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ որպես համապետական եւ համազգային շահ։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը պահանջել էր իրեն ներկայացնել ավելի քան 10 ուսանողների, ինչպես նաեւ Հայ-ռուսական համալսարանի իրավունքի տեսության եւ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Արթուր Ղամբարյանի անձնական գործերը, իսկ փետրվարի 17-ի ռեկտորատի նիստի ժամանակ հայտարարել էր, թե խստորեն պատժելու է այն անձանց, որոնք հանրային տիրույթում հանդես են գալիս որեւէ հայտարարությամբ։
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Հայ-Ռուսական համալսարանից, մասնավորապես մեզ հետաքրքրում էր՝ իսկապե՞ս նշյալ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Համալսարանի մամուլի պատասխանատու Դիանա Խոդերյանը մեզ փոխանցեց Էդվարդ Սանդոյանի մեկնաբանությունը: «Որպես համալսարանի ռեկտոր՝ պաշտոնապես հերքում եմ մեր կրթական հաստատության մասին շրջանառվող ապատեղեկատվությունը, այն համարելով անհիմն սուտ եւ զրպարտություն»,-նշել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը:
Հիշեցնենք, որ հանրության լայն շերտերի մոտ վրդովմունք էին առաջացրել տարբեր պաշտոնյաների եւ Նիկոլ Փաշինյանի թեական դիտարկումները Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի հայության մի խմբի հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ ասել էր. «Պետք է հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել, ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգը հայտնվել է»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Էդվարդ Սանդոյանի ֆեյսբուքյան էջից