Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննությունը:
Հարցաքննվեց գործով վկա, ԶՈւ գլխավոր շտաբի թիկունքի վաչության հակահրդեհային ծառայության նախկին պետ, գնդապետ Սարգիս Մազմանյանը:
Այրված զինվորներից մեկի հարազատը՝ Մարտիրոսյանը վկային հարց ուղղեց. «Իսկ օրենքով իրավունք կա՞ր, որ Եղիշը բենզին բերեր կամ վառարանն ինքը վառեր: Մի հատ մանրամասն բացատրեք՝ ինքը վառելու իրավունք ունե՞ր»:
-Ովքեր են վառում վառարանները, հիմա ընթերցեմ կանոնակարգը,- պատասխանեց վկան ու շարունակեց,- Վառարանները վառելու համար զինվորներից, գնդի հրամանատարի հրամանով, նշանակվում են հնոցապաններ, որոնց պետք է նախապես սովորեցնեն վառարան վառելու կանոնները ու հրդեհային անվտանգության կանոնները:
Կարդացեք նաև
-Դա ենթադրում է, որ ամեն մի զինվոր իրավունք չունե՞ր վառարան վառել,- հետաքրքրվեց նիստը նախագահող դատավորը:
-Այո՛, հարգելի դատարան: Մի կետ էլ կարդամ, եթե թույլ տաք: 14 ԳՇ կարգադրության հավելված 1-ում գրված է՝ կացարաններում, զորամասի ստորաբաժանումներում… հրամանատարի հրամանով նշանակվում է հրդեհային անվտանգության պատասխանատու պայմանագրային կամ ժամկետային պարտադիր զինծառայող, որի հետ հրամանատարի թիկունքի գծով տեղակալը անցկացնում է հրահանգավորում հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու վերաբերյալ,- ընթերցեց Սարգիս Մազմանյանը:
-Եթե վառել է, ինքը մեղավո՞ր է, թե՞ անմեղ է,- վկայից հետաքրքրվեց այրված զինվորներից մեկի ծնողը: Ծնողներն էլ իրենց հարցերով միացան: Նիստը նախագահողն ընդհատեց ու հատկապես տուժող Գրիգորյանի նկատմամբ կիրառեց սանկցիա՝ հեռացնելով նիստերի դահլիճից մինչեւ դատական նիստի ավարտը: Տուժողը սկսեց գոռալ, անհամաձայնություն հայտնել, հիշատակեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը:
-Եթե չուներ իրավունք ու վառել է, բոլորս կարո՞ղ ենք հասկանալ, որ մեղավոր է,- իր հարցը վկային ուղղեց տուժող Մարտիրոսյանը:
-Հետեւանքն ունենք սա,- պատասխանեց վկան: Նա նաեւ հստակեցրեց, որ հնոցապանները վերակարգերից ազատվում են, պարապմունքներից չեն ազատվում:
Ըստ վկայի տվյալների՝ 22021-22թթ զինված ուժերում 30 հրդեհի դեպք է եղել, որից առնվազն 15 դեպքը բենզինով այրելու փորձ անելու հետեւանքով:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ