Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանի նկարը եւս մեկ անգամ վերահաստատեց մեր մտավախությունները Բաքվի բանտերում խոշտանգման եւ կտտանքների վերաբերյալ․ Գեղամ Ստեփանյան

Փետրվար 28,2025 15:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այն, ինչ այսօր կատարվում է մեզ հետ, դա ուղիղ շարունակությունն է Սումգայիթում, Բաքվում, Գանձակում եւ այլ վայրերում տեղի ունեցածի։ Եվ ինչ-որ առումով նաեւ պատճառն այն է, որ այդ անպատժելիությունը միգուցե նաեւ մեր ոչ համապատասխան աշխատանք տանելու հետեւանք է՝ 1990-ականների հաղթանակից հետո միջազգային հանրության շրջանում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցով ակտիվ աշխատանք չի տարվել»- 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ այդ ընթացքում Բաքվի ռեժիմն ամեն ինչ արել է՝ իր կեղծ նարատիվներն առաջ մղելու եւ հայկական նարատիվների դեմ պայքարելու համար։

«Բաքվում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին բազմիցս խոսել ենք։ Հրապարակվել են զեկույցներ՝ մանրամասն ներկայացնելով խոշտանգումների ապացույցները։ Եվ ամենավերջին ապացույցը Ռուբեն Վարդանյանի՝ օրերս տարածված նկարն է, որի վրա շատ հստակ երեւում են խոշտանգման հետքերը։ Սա եւս մեկ անգամ վերահաստատեց մեր բոլոր մտահոգություններն ու մտավախությունները խոշտանգման եւ կտտանքների վերաբերյալ։ Այսինքն՝ որեւէ կասկած չունեինք էլ, որ այդպիսին է իրավիճակը, բայց սա եւս մեկ անգամ եկավ վերահաստատելու մեր մտահոգությունները։ Ըստ այդմ՝ մենք ուղղակի իրավունք չունենք գոնե մեկ օր հապաղելու, պետք է մոբիլիզացնել բոլոր ջանքերը՝ Հայաստանում, Սփյուռքում, արտերկրում մեր բարեկամների շրջանում՝ օր առաջ մեր հայրենակիցներին հայրենադարձնելու համար»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Նշենք, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրը հարգանքի տուրք մատուցվեց 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերի զոհերի հիշատակին։ 1988 թվականի փետրվարի 27-29-ը տեղի են ունեցել Սումգայիթի հայերի ջարդն ու բռնի տեղահանությունը։

Միջոցառման կազմակերպիչներն ընդգծում են՝ 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերը շարունակվում են մինչ օրս՝ այլատյացության քաղաքականությամբ, պատմական ժառանգության ոչնչացմամբ, քաղաքական ու ռազմական ագրեսիայով, Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարության, գերեվարված մեր մյուս հայրենակիցների նկատմամբ Ադրբեջանում ընթացող ապօրինի դատավարություններով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728