Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Ադրբեջանը հարձակվում էր Արցախի վրա, ՀՀ իշխանությունները քարտ-բլանշ տվեցին Ադրբեջանին, հիմա էլ հայտարարում են, թե «արցախցիները չեն կռվել»․ Սեյրան Օհանյան

Փետրվար 28,2025 15:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ադրբեջանի ցեղասպան գործողություններն իրենց վերջնական մեխը խփեցին այն ժամանակ, երբ ամբողջ Արցախը բռնագաղթեցվեց։ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ գրված է, որ ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ՝ Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու ուղղությամբ։ Էլ չեմ ասում, որ ՀՀ-ն մեր Արցախի ինքնորոշման երաշխավորն էր հանդիսանում։ Բայց երբ Ադրբեջանը հարձակում էր գործում եւ Արցախի, եւ խաղաղ բնակչության վրա, ՀՀ իշխանություններն ասացին եւ դրանով իսկ քարտ-բլանշ տվեցին Ադրբեջանի իշխանությունների ձեռքին, որ «խաղաղ բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում»,- 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա հիշեցրեց նաեւ ՔՊ-ականների հայտարարությունները, թե արցախցիները չեն կռվել։ «Որպես զինվորական մասնագետ ասում եմ, որ 44-օրյա պատերազմից եւ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո ստորագրված կոնֆիգուրացիայով նախկինում Հայաստան-Արցախ անվտանգային համակարգը խարխլվել էր։ Իսկ նշված կոնֆիգուրացիայով՝ համատարած պաշտպանությունը վեր էր ածվել օջախային պաշտպանության, որտեղ դիրքերի միջեւ հեռավորությունը բավականին երկար էր։ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, սանձազերծելով, ծավալելով մարտական գործողություններ բոլոր դիրքերի նկատմամբ, որտեղ մեր զինծառայողները հերոսաբար կռվեցին, նաեւ քանակական մեծ առավելության արդյունքում կարողացավ դիրքերի արանքով անցնել եւ ուղղակի մասնատել Արցախը։ Իսկ այդ մասնատված պայմաններում Արցախի ժողովուրդը հնարավորություն չուներ իր ամբողջ ինքնապաշտպանությունն իրականացնելու, մանավանդ որ ՀՀ իշխանություններն այդ ամենն ականջների հետեւում էին դնում»,- ասաց Օհանյանը։

«Այսօր մենք մեր բոլորի ձայնն ուղղում ենք միջազգային հանրությանն առ այն, որ Արցախից ջնջվում են հայկական հետքերը, ոչնչացվում են պատմամշակութային բոլոր արժեքները։ Իսկ այս իրականության մեջ, երբ Բաքվում դատվում են օրինական ինքնորոշված Արցախի օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարությունը, իրենց ինքնապաշտպանությունը կազմակերպած մեր բոլոր գերիներն ու պատանդները, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր շարունակական ցեղասպանական քաղաքականությամբ շարունակում է ճնշումները հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ։ Միջազգային բոլոր կառույցները սա պետք է իմանան։ Մենք ֆիքսում ենք, որ սա իրականանում է նաեւ այն պարագայում, երբ ՀՀ իշխանությունները կրավորական կեցվածք են ընդունել»,- հավելեց Օհանյանը։

Նա նշեց, որ պայքարի ոգին չպետք է կոտրվի, պետք է համախմբվել եւ համախմբմամբ պարտադրել այս իշխանություններին սատար կանգնել Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին։

Նշենք, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրը հարգանքի տուրք մատուցվեց 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերի զոհերի հիշատակին։ 1988 թվականի փետրվարի 27-29-ը տեղի են ունեցել Սումգայիթի հայերի ջարդն ու բռնի տեղահանությունը։

Միջոցառման կազմակերպիչներն ընդգծում են՝ 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերը շարունակվում են մինչ օրս՝ այլատյացության քաղաքականությամբ, պատմական ժառանգության ոչնչացմամբ, քաղաքական ու ռազմական ագրեսիայով, Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարության, գերեվարված մեր մյուս հայրենակիցների նկատմամբ Ադրբեջանում ընթացող ապօրինի դատավարություններով։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728