Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Վարդանյանն այժմ էլ շարունակում է հացադուլը․ ԱԳՆ-ն պետք է գործի, ոչ թե մտահոգվի»․ Մեսրոպ Առաքելյան

Փետրվար 28,2025 15:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ՀՀ ԱԳՆ-ի դիմաց ի աջակցություն Բաքվում պահվող մեր ռազմագերիների ցույցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ Ռուբեն Վարդանյանն այսօր էլ շարունակում է հացադուլը։ Հղում կատարելով միջազգային նորմերին՝ նա հայտարարեց․ «Միջազգային բոլոր նորմերով հացադուլ արած քաղաքացիներն ազատվում են այդ պահին դատական նիստերի մասնակցությունից, սակայն այդ դատական նիստին պարտադրաբար մասնակցել է Ռուբեն Վարդանյանը։ Հաջորդ դատական նիստն էլ արդեն հաջորդ շաբաթ կլինի»։

Նա հայտնեց, որ պահանջում են ՀՀ ԱԳ նախարարին նիստ հրավիրել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ։ Նրա համոզմամբ՝ ՀՀ իշխանությունների և ԱԳ նախարարության վարքագիծը մեծ հույսեր չի առաջացնում, քանի որ արդեն մեկուկես տարի է` ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլև Բաքվում ունենք այլ ռազմագերիներ, որոնք 4 տարուց ավել է գտնվում են այնտեղ, և մեր ԱԳ նախարարությունը լռում է այս ամենի հետ կապված, ինչպես ադրբեջանական բոլոր պահանջների առումով․ «Թեև ԱԳՆ-ն հայտարարություն է արել, բայց դա վերաբերում է մտահոգություններին։ Մտահոգվելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, սակայն ԱԳ նախարարը ոչ թե պետք է մտահոգություն հայտնի, այլ գործողություններ իրականացնի։ ՀՀ-ն պետք է հանդիսանա այս հարցը միջազգային ատյաններում բարձրաձայնողը։ Մեր պահանջն այն է, որ ՀՀ ԱԳՆ-ն հրավիրի ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դիվանագետներին և ՀՀ-ի կողմից հստակ պահանջ ներկայացնի, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները, որոնք գերի են, իրենց աջակցությամբ պետք է ազատ արձակվեն, քանի որ միջազգային իրավական նորմերի մաս է դա կազմում»։

Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ եթե Ռուբեն Վարդանյանը և Բաքվի բանտում գտնվող մեր մյուս ռազմագերիները պատանդներ են, Նիկոլ Փաշինյանը և մյուս ՔՊ-ականները Բաքվի ստրուկներ են և ստրուկի հոգեբանությամբ նրանք ոչինչ անել չեն պատրաստվում։

Լրագրողները հիշեցրին ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները, թե այսօր նույն «Ավրորան» նույն Ռուբեն Վարդանյանի հետ կապված անելիք չունի՞, Նուբար Աֆեյանն անելիք չունի՞․․․Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բաներ է ասել, որ այսօր օգտագործվում է իր դեմ և խնդրեցին մեկնաբանել, նա այս առիթով ասաց․ «Ես Ադրբեջանի դեսպանների հավակնորդներին չեմ ցանկանում մեկնաբանել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728