«Այս օրը հիշատակում ենք հիմնականում Սումգայիթի ու Բաքվի ջարդերը, ցավոք սրտի, ավելի քիչ է խոսվում այն մասին, որ բռնագաղթի են ենթարկվել նաեւ իրենց պատմական բնօրրանում՝ բուն Աղվանքում, Գարդմանքում, Գանձակում, Շահումյանում, Մարտակերտում, Նախիջեւանում ապրող հայերը»,- 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
«Նախիջեւանում տարեց 80-ն անց կին կար, ադրբեջանցիները կենդանի-կենդանի բոլոր պահպանված ատամները քաշել-հանել էին խոշտանգելով։ Մաքուր հայաբնակ Ազնաբերդ գյուղը նույնպես 1988-ին բռնագաղթի ենթարկվեց, հյուսիսային Արցախի գյուղերը նույնպես։ Հիմա, ցավոք, այս շարքին գումարվել է նաեւ Արցախի Հանրապետությունն իր ամբողջ տարածքով եւ իր բնիկ բնակչությամբ»,- հավելեց նա։
Էդգար Էլբակյանն ասաց՝ հայկական լեռնաշխարհի տարածքում մենք երբեք այսքան սեղմված ու փոքր տարածքի վրա չենք եղել, նույնիսկ 1915 թվականի ցեղասպանությունից հետո։ Նա հավելեց, որ պատմությունից պետք է դաս քաղենք, իսկ մեծագույն դասն այն է, որ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը չունի ժամանակատարածական սահմանափակում։ Այն չի սահմանափակվում որեւէ առանձին տարածքով։ «Եթե պիտի Ղարաբաղը տայինք, հանգիստ ապրեինք, ամբողջ Արեւմտյան Հայաստանն էինք տվել, բա Ղարաբաղի հարցն ինչո՞ւ առաջացավ։ Եթե պիտի Ղարաբաղը տայինք ու հանգիստ ապրեինք, հիմա Սյունիքի ու միջանցքի հարց ինչո՞ւ է առաջացել։ Իրականում թուրք-ադրբեջանական մտածողության տեսանկյունից սա չունի տարածական ու ժամանակային սահմանափակում։ Չարաչար սխալվում են այն մարդիկ, որոնք կարծում են՝ 20-րդ դարում կարելի էր ցեղասպանություն անել, բայց 21-րդ դարում ո՞վ թույլ կտա ցեղասպանություն անել։ Նույնը շարունակվում էր 2020-2023 թվականներին, սա ամենակարեւոր դասն է, որը հուսահատության փոխարեն պիտի քաղենք եւ տարածենք»,- ասաց նա։
Անդրադառնալով Բաքվի բանտում գտնվող հայ գերիների հարցին՝ Էլբակյանն ասաց․ «Այդ մարդիկ պատանդառված մարդիկ են, ես ցավոք, թվի չեմ տիրապետում, որովհետեւ Հայաստանում ունենք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող դե ֆակտո վարչապետ, որ մեր գերիների թիվը Իլհամ Ալիեւի, Էրդողանի ու նրա կնոջ հետ միասին գաղտնի է պահում։ Բայց առնվազն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անունները գիտենք, եւ այս մարդիկ մի տեսակ հավաքական խտացումն են դարձել Ադրբեջանի կողմից մեր դեմ իրականացվող ցեղասպանական քաղաքականության»։
Կարդացեք նաև
Նշենք, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրը հարգանքի տուրք մատուցվեց 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերի զոհերի հիշատակին։ 1988 թվականի փետրվարի 27-29-ը տեղի են ունեցել Սումգայիթի հայերի ջարդն ու բռնի տեղահանությունը։
Միջոցառման կազմակերպիչներն ընդգծում են՝ 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերը շարունակվում են մինչ օրս՝ այլատյացության քաղաքականությամբ, պատմական ժառանգության ոչնչացմամբ, քաղաքական ու ռազմական ագրեսիայով, Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարության, գերեվարված մեր մյուս հայրենակիցների նկատմամբ Ադրբեջանում ընթացող ապօրինի դատավարություններով։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ