«Փաստինֆո». Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների դեպքերով այս պահին ՔԿ-ում 5 քրեական վարույթ է քննվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ՀՀ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ավելի վաղ հայտնել էին, որ 2020-2024թթ․ ընթացքում տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների փաստով (ՀՀ քրեական օրենսգրքի 421 և նախկին քրեական օրենսգրքի 300,2 հոդվածներ) ՀՀ տարածքում գրանցվել է թվով 9 հանցագործության դեպք, որոնցով նախաքննություն է իրականացվում։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ՔԿ-ին՝ պարզելու, թե 2020-24թթ ընթացքում ՀՀ տարածքային ամբողջականության խախտման կամ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 421 և նախկին քրեական օրենսգրքի 300,2 հոդվածներ) վերաբերյալ քանի դեպք է արձանագրվել և դրանցից քանիսն է քննվում ՔԿ-ում, քանի մեղադրյալ կա այդ գործերով, վերոնշյալ դեպքերից քանիսի վերաբերյալ է որոշում կայացվել՝ քրեական վարույթ չնախաձեռնելու մասին և ինչ հիմքով, արդյո՞ք այդ վարույթների շրջանակներում քննության առարկա է դարձվել նաև 2020թ․ դեկտեմբերին հայկական զորքերի հետքաշման դրվագը, որի հետևանքով Շուռնուխ և Որոտան գյուղերի մի մասը, Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհահատվածը, ինչպես նաև՝ մի շարք այլ բարձունքներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Այսպես, ՔԿ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2020 թ-ից 2024թ․ ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների դեպքերով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում՝ 18․04,2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 300,2-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է 6 քրեական վարույթ, որոնցից 2-ը միացվել են։
Կարդացեք նաև
«Ներկայումս նախաքննություն է իրականացվում 5 քրեական վարույթով։ Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից ներկայացված մյուս հարցադրումների մասով տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ »,- նշել են ՔԿ-ից։
Իզաբել Սահակյան