«Իմ ձեռքի տակ ունեմ ազգային անվտանգության ռազմավարության ընդհանուր բովանդակության դրույթները, որտեղ ուղիղ հիշատակումներ կան Արցախի խնդրին, կարգավիճակին եւ վարչապետի շատ տպավորիչ ուղերձը ազգային անվտանգության ռազմավարության…Ի դեպ, ՀՀ ազգային անվտանգության գործող ռազմավարությունն ընդունվել է անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի կողմից 2020թ հուլիսին… Բացի բանաստեղծական զեղումները, մեջբերումներ Վահան Տերյանից՝ Բաբելոնն է եղել մեր ախոյանը տես, անհետ կորել անցել է չար մշուշի պես… էդ էլ պատմական Հայաստանը, ազգային անվտանգության ռազմավարության մեջ սահմանված են ազգային նպատակները:
Հայ ժողովրդի նպատակների թվում են՝ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որեւէ սահմանափակման, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետեւանքների հաղթահարումը եւ վերացումը ու այսպես շարունակ» ,- ԱԺ-ում կայացած՝ կառավարության լեգիտիմության հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
«Այս մարդիկ փաստորեն ապօրինի զավթել են մեր ժողովրդի օրինական իշխանությունը, որովհետեւ 2021թ կայացած ընտրությունների անվան տակ տեղի ունեցած միջոցառումը իշխանազավթման դասական դրսեւորում է, ներկայացել են ժողովրդին նախընտրական ծրագրով, այդ նախընտրական ծրագրի հիման վրա, միայն մեկ կուսակցության ուժերով, առանց կոալիցիայի՝ ձեւավորել են կառավարություն, կառավարությունն ունի հետեւյալ բովանդակությամբ ծրագիր:
Նրանք էդ ծրագիրը դրել են մի կողմ, ուշադիր լսում են թշնամական պետությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի նախագահների հայտարարությունները եւ այս ծրագրերից դուրս իրականացնում են գործունեություն, իսկ դա նշանակում է, որ կառավարությունն իր իրավական կարգավիճակով չի համապատասխանում Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումներին: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի գլխավորած խումբը ոչ մի պարագայում կառավարություն չի կարող համարվել, բայց ամբողջությամբ տեղավորվում է Քրեական օրենսգրքով կազմակերպված հանցավոր խումբ դասակարգման մեջ»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Անդրադառնալով կառավարության 2021-2026 թվականների ծրագրին՝ Էդգար Ղազարյանը հավելեց, որ մի շարք պարտավորություններ ստանձնած կառավարությունը հայտարարում է , թե մտադրություն ունի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ռուսական զորամիավորումները ՀՀ տարածքում հռչակելով որպես ՀՀ անվտանգության սպառնալիք:
Ինչ վերաբերվում է Արցախյան հիմնախնդրին վերաբերվող կետին, Էդգար Ղազարյանը փաստեց՝ այնտեղ նշված է, որ առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ համապարփակ կարգավորումը. «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Էդգար Ղազարյանը տարակուսանք է հայտնում . «Ու այս պարտավորությունը ստանձնած կառավարությունը 2022թ հոկտեմբերի 6-ին, այսինքն` այդ ծրագիրը հաստատելուց հետ ուժի մեջ մտնելու ընթացքում Պրահայում ստորագրում է փաստաթուղթ եւ ասում է՝ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, դա Ադրբեջանի մաս է՝ հղում անելով մի փաստաթղթի, որը դրա հետ որեւէ առնչություն չունի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ