ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ եթե ՀՀ-ն չի ապահովում Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների անվտանգության հարցը եւ թեման միջազգային քննարկման օրակարգի հարց չի դարձնում, սա նվազեցնում է այս գործընթացի վրա արդյունավետ ազդեցություն ունենալու հնարավորությունը։
«Կցկտուր հայտարարությունները, որոնք որոշակի պարբերաբականությամբ հնչում են, բնականաբար դրանք որեւէ խնդիր այս պարագայում չեն լուծելու։ Ես չեմ խոսում այն մասին, որ Հայաստանի իշխանության վերնախավի տարբեր դեմքեր, այդ թվում՝ նրանց ղեկավարը հնչեցնում են հայտարարություններ, որոնք շատ ավելի վատ իրավիճակ են ստեղծում Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցների համար։ Այսինքն՝ այս իշխանության դեպքում միայն լռությունն ավելի շատ խնդիր կլուծեր, քան այն վտանգավոր հայտարարությունները, որոնք հնչում են տարբեր իշխանական գործիչների կողմից»,- ասաց Աբրահամյանը։
Նշենք, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրը հարգանքի տուրք մատուցվեց 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերի զոհերի հիշատակին։ 1988 թվականի փետրվարի 27-29-ը տեղի են ունեցել Սումգայիթի հայերի ջարդն ու բռնի տեղահանությունը։
Միջոցառման կազմակերպիչներն ընդգծում են՝ 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերը շարունակվում են մինչ օրս՝ այլատյացության քաղաքականությամբ, պատմական ժառանգության ոչնչացմամբ, քաղաքական ու ռազմական ագրեսիայով, Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարության, գերեվարված մեր մյուս հայրենակիցների նկատմամբ Ադրբեջանում ընթացող ապօրինի դատավարություններով։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին եւ հարցին, որ Հայաստանի իշխանությունները դրանք չեն ճանաչել որպես ցեղասպանական գործողություններ հայ ժողովրդի նկատմամբ, ի՞նչ հետեւանք է ունենում սա, Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Ցեղասպանության բոլոր դրսեւորումները բոլոր փուլերում, որոնք եղել են հայ ժողովրդի նկատմամբ, դրանց ճանաչումը, միջազգայնացումն առաջին հերթին անվտանգության խնդիր է մեր ժողովրդի համար։ Այն պետությունները՝ սկսած Թուրքիայից, վերջացրած Ադրբեջանով, որոնք իրենց գործողությունների համար պատասխանատվություն չեն կրել, դա նրանց համար նոր հնարավորություն է ստեղծում՝ նոր ագրեսիա ու ցեղասպանություն իրականացնելու։ Այն, ինչ մենք ունեցել ենք 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին, դրանց նկատմամբ միջազգային հանրության կողմից զսպիչ եւ կանխարգելիչ գործողությունների բացակայությունը հիմք հանդիսացավ, որ իր համար բարենպաստ պայմանների դեպքում Ադրբեջանը գնա եւս մեկ ագրեսիայի, գործողությունների, որոնք հիմք դարձան 100 հազարից ավելի մարդկանց բռնի տեղահանության, խաղաղ բնակչության գերեվարման ու սպանությունների»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ