Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրը հարգանքի տուրք մատուցվեց 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերի զոհերի հիշատակին։ 1988 թվականի փետրվարի 27-29-ը տեղի են ունեցել Սումգայիթի հայերի ջարդն ու բռնի տեղահանությունը։
Միջոցառման կազմակերպիչներն ընդգծում են՝ 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերը շարունակվում են մինչ օրս՝ այլատյացության քաղաքականությամբ, պատմական ժառանգության ոչնչացմամբ, քաղաքական ու ռազմական ագրեսիայով, Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարության, գերեվարված մեր մյուս հայրենակիցների նկատմամբ Ադրբեջանում ընթացող ապօրինի դատավարություններով։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից 1988 թվականից հայերի հանդեպ ցեղասպանական գործողություններ են իրականացվել, իսկ նորանկախ Հայաստանը մինչ այսօր ԱԺ կամ կառավարության մակարդակով չի ընդունել որեւէ որոշում առ այն, որ Ադրբեջանի գործողությունները՝ սկսած 1988 թվականից մինչ օրս, հանդիսանում են ցեղասպանություն։
Կարդացեք նաև
«Ոչ միայն հայերի հանդեպ է այդ հանցագործությունը, այլ մարդկության դեմ։ Այս բոլոր 37 տարիների ընթացքում չենք մոռացել այն վայրագությունների մասին, որի ցավը մինչ այսօր կրում են անմեղ զոհերի ընտանիքները, մազապուրծ փրկված ու կտտանքների ենթարկված մարդիկ։ Հայաստանում չի ընդունվել որեւէ որոշում, որ բոլորի աչքի առաջ ողջակիզված Մելքումյանների մայրը, Ավանեսովների մայրը ունենան մի ուրիշ կարգավիճակ, քան ուղղակի խուլիգանական գործողությունների ընթացքում մահացած որդիների ծնողներ»,- ասաց Ալավերդյանը։
Նա նշեց, որ մենք այսօր չունենք իշխանություն, որն արտահայտում է Հայաստանի ու հայության շահերը։ «Այս իշխանություններն ամբողջովին սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը»,- ասաց նա։
Ալավերդյանի խոսքով՝ արցախցիները փրկվել են ցեղասպանությունից, իսկ ՀՀ իշխանությունները պետք է ոչ թե 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշումն ընդունեին, այլ պետք է ընդունեին որոշում ցեղասպանությունը վերապրած մարդկանց մասին։ «Բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում վերադարձնել իրենց տները Արցախում, նրանք բոլորը ցեղասպանությունը վերապրած մարդիկ են»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ