Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային տիրույթում փորձագիտական խոսքի, առողջ և փաստահեն քննադատության բաց կա. Ժաննա Անդրեասյան

Փետրվար 28,2025 13:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը  հանդիպել է «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամը նպատակ ունի տեղական ու միջազգային կրթական կառույցների ու պետության միջև բովանդակ համագործակցության զարգացման միջոցով նպաստել ՀՀ-ում և սփյուռքում մատուցվող կրթության որակի բարելավմանն ու կրթական արդյունքի դրական փոխակերպմանը:  Դաշինքի հիմնադիրներն են «Այբ» կրթական հիմնադրամը,  «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը»,  «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «Սիմոնյան» կրթական հիմնադրամը (Թումո), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), «Հայ կրթական հիմնարկությունը» և Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի Հայաստանի գրասենյակը (ՀԲԸՄ Հայաստան):

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հիմնադիր կառույցների հետ արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը, ըստ նրա, կարևոր  է հանրային վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

«Կարևոր է, որ կրթության ոլորտում իրականացվող գործողություններն ու բարեփոխումների բազմաշերտ գործընթացներն ունենան հանրային պատշաճ վերահսկողություն, փորձագիտական հանրույթի կողմից ներկայացված գաղափարների ու առաջարկների ներկայացման և քննարկման գործուն մեխանիզմներ:

Հանրային տիրույթում փորձագիտական խոսքի, առողջ և փաստահեն քննադատության բաց կա: Հույս ունեմ, որ դաշինքի գործունեությունը օգտակար կլինի մասնագիտական դաշտում հանրային և հրապարակային խոսույթի որակի բարելավման հարցում: Մեր նպատակն է՝ ցանկացած բարեփոխման մասին ունենալ բովանդակային, փաստարկված և հիմնավորված մասնագիտական կարծիք, որպեսզի հնչեն տարբեր դիտարկումներ, որոնք, անկասկած, անհրաժեշտ և օգտակար են բարեփոխումների արդյունավետության  բարձրացման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ դաշինքը կարող է դառնալ փորձագիտական կարծիքի համախմբման միջավայր:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախաձեռնված բարեփոխումները նպատակ ունեն կուտակված խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնել՝ ապահովելով կրթության որակի բարձրացում:

«Այդ իսկ պատճառով կարիք կա լսելու և միասին քննարկելու առկա խնդիրները և ամենակարևորը՝ գտնելու լուծման ճիշտ ուղիներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

«405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի տնօրեն Շամամ Գյորգյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, ընդգծել է՝ հիմնադրամի առաքելությունն է Հայաստանում և սփյուռքում բարձրակարգ ու արժեքահեն համակողմանի կրթության արդար ու հավասար հասանելիության ապահովումը, կրթության իրավունքի լիարժեք իրացումն ու հայկական մրցունակ և նորարար կրթական մոդելի մշակումը:

Դաշինքի ներկայացուցիչները կարևորել են նաև կրթական համայնքի տեղական ու միջազգային հավաքական փորձառության ծառայեցումն ազգային կրթության զարգացմանը` դարձնելով հայկական կրթական համակարգը մրցունակ ամբողջ աշխարհում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախաձեռնության ընդլայնման քաղաքականությունը, յուրաքանչյուր տարվա համար թիրախների սահմանումը՝ ընդգծելով, որ ներկայցված նպատակները համահունչ են նաև պետական քաղաքականության առաջնահերթություններին:

Նախարարի դիտարկմամբ՝ ամենակարևոր խնդիրներից մեկը նաև լավագույն փորձի ձևավորման և տարածման գործընթացում ներգրավված հաստատությունների աշխարհագրության ընդլայնումն է: Այս համատեքստում կարևոր է համապատասխան միջավայրի ձևավորումը:

«Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու գործողություններն իրականացվում են որոշակի շրջանակի համար. առաջարկվող նոր ծրագրերին հիմնականում մասնակցում են նույն դպրոցները, նույն ուսուցիչներն ու աշակերտները: Օրինակ, ունենք դպրոցներ, որտեղ ուսուցիչների գերակշռող մեծամասնությունը՝ գրեթե 90%-ը, արդեն մասնակցել է կամավոր ատեստավորմանը, դիմել է տարակարգի ու օգտվում է վարձատրության բարձրացման տարբեր մեխանիզմներից: Բայց կան նաև դպրոցներ, որտեղ որևէ ուսուցիչ չի մասնակցել այս գործընթացներին: Սա, անկասկած, կրթական համապատասխան միջավայրի ձևավորման հետ կապված խնդիր է, որովհետև, վստահաբար, բոլոր դպրոցներում էլ կան լավ ուսուցիչներ: Ունենք նաև շատ լավ աշխատող հաստատություններ և պետք է կարողանանք գտնել այդ դպրոցների զարգացումը խթանող մեխանիզմներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նույնը վերաբերում է  դպրոցներում բռնության դեպքերի կանխարգելմանը, ներառականությանը և համակարգային այլ խնդիրների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետարքրքություն ներկայացնող այլ հարցեր: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել ԿԳՄՍՆ-ի կողմից կազմակերպվող ուսուցիչների ամենամյա համաժողովների շրջանակում դաշինքի հետ համագործակցության հնարավորությունը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728