Ermenihaber. Թուրքիայում բնակվող և սոցցանցերում իրեն պետականամետ մարդ որակող Ունալ Ջանբեյ անունով անձը թուրքական մամուլում ամենաշրջանառվող լուրերի հեղինակն է դարձել:
Ջանբեյը փետրվարի 27-ին X-ում կատարած գրառմամբ պնդել է, որ իշխանության հետ դաշինքի մեջ գտնվող թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին հոսպիտալացվել է։
Նրա գրառման համաձայն՝ Բահչելին մահացել է դեռևս փետրվարի 5-ին, երբ, ի դեպ, մամուլում սկսել էին լուրեր տարածվել, թե նա տեղափոխվել է հիվանդանոց:
«Բահչելիի մահվան մասին պաշտոնական հայտարարությունը կլինի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: ԱՇԿ-ն պահանջել է, որ իրավիճակի մասին իրազեկումը նահանգի և շրջանային ղեկավարներն անեն համբերատարությամբ և ողջախոհությամբ»,-գրել է նա:
Կարդացեք նաև
Մինչ Ջանբեյի գրառումը մեծ տարածում է գտնում թուրքական մեդիայում, «ԱՇԿ»-ի առաջնորդի տեղակալ Իզզեթ Ուլվի Յոնթերը հանդես է գալիս հերքող հայտարարությամբ:
Նա, խիստ քննադատական կերպով արձագանքելով տարածվող պնդումներին, հայտնել է, որ նրա առողջական վիճակի վերաբերյալ պտտվող լուրերն ամբողջապես սին ու անհիմն են:
«Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել մեր հարգարժան ղեկավարի հետ, ստացել նրա հրահանգները: Այն մարդիկ, ովքեր զրպարտանքներ են հնչեցնում նրա առողջության մասին, չարախոսներ և անարժաններ են:
Ես, որպես մեկը, ով ամեն օր հանդիպում է իր առաջնորդի հետ, բացեիբաց հայտարարում եմ, որ պնդվող յուրաքանչյուր բացասական լուր կեղծ է և շինծու: Շատ կարճ ժամանակ հետո կհանդիպենք ստոր և անիծված նկրտումներ ունեցողների հետ: Ալլահը թող մեր առաջնորդին գլխներիցս անպակաս պահի…»,-գրել է նա: