Լրահոս
Օրվա լրահոսը

Գլուխ խոնարհելով ի հիշատակ «սումգայիթի» մարտիրոսվածների՝ մենք կրկին կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել և իրավական մեխանիզմների շրջանակում պատժել հանցագործներին. հայտարարություն

Փետրվար 28,2025 12:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ

1988թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հավերժ մտել են պատմության մեջ որպես մարդկության դեմ հանցագործություն։ Հանցագործություն, որն ունի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի չափանիշներին լիովին համապատասխանող հստակ իրավական գնահատական։ Դա իրոք ցեղասպանություն էր, որն անխոչընդոտ ու անպատիժ երեք օր շարունակ տեղի էր ունենում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 25կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթում։

35 ու կես տարի անց տեղի ունեցավ մեկ այլ հանցագործություն՝ 150 հազար հայերի վտարումը պատմական հայրենիք Արցախից՝ ռազմական ագրեսիային հետևած և ավելի քան 9 ամիս տևած ամբողջական շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ բնակչության ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո։ Սովով, ցրտով և կյանքի համար կենսական նշանակության պայմանների բացակայությամբ ուղեկցվող շրջափակումը միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետներն անվանել են էթնիկ զտումներ և ցեղասպանություն։

Այս երկու ողբերգական իրադարձություններն ունեն անխզելի կապ. դրանք միևնույն սարսափելի, հրեշավոր շղթայի օղակներն են, որը կոչվում է Հայոց ցեղասպանություն, և որին սկիզբ է դրվել 19-րդ դարավերջին – 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում։ 20-րդ դարավերջին հենց Սումգայիթի կոտորածը դարձավ ցեղասպանության հերթական փուլի ազդակ, որն իրականացվում է Ադրբեջանի ձեռամբ և շարունակվում արդեն 37 տարի։

Սումգայիթյան իրադարձությունների վերաբերյալ պահպանվել են բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր, ականատեսների վկայություններ, որոնք ապացուցում են, որ այդ հանցագործությունը Ադրբեջանի իշխանությունների և հատուկ ծառայությունների կողմից մանրակրկտորեն նախագծված, կազմակերպված և համակարգված էր։ Գազանաբար սպանված հայերի լուսանկարներն ու ականատեսների վկայությունները կասկած իսկ չեն թողնում, որ կազմակերպիչներն ու իրականացնողներն օգտագործում էին սպանության նույն միջոցներն ու ձևերը, ինչ Թուրքիայում 1915թ. Եղեռնի ընթացքում։

Անհերքելի փաստ է, որ նրանք տուժել և սպանվել են միայն մեկ պատճառով, որ հայ էին։ Նույնպիսի անմարդկային մեթոդներն օգտագործվեցին նաև Սումգայիթից հետո՝ 1990թ. հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, 1992թ. ապրիլին Մարաղա գյուղում, 2004թ. փետրվարին Բուդապեշտում հայ սպայի սպանության ժամանակ, 2020թ. աշնանը Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում… Հրեշավոր իրադարձությունների ամբողջ շղթան հանգեցրեց 2023թ. սեպտեմբերին Արցախի հայերի ցեղասպանության և հարազատ հողից բռնի տեղահանման։

Ավելի քան մեկ դար է տևում հայերի ցեղասպանությունը։ 37 տարի Ադրբեջանը Թուրքիայի ղեկավարությամբ շարունակում է հայ ժողովրդի ցեղասպանության նպատակաուղղված և համակարգային քաղաքականությունը, ընդ որում՝ մնալով անպատիժ։ «Սումգայիթի» կազմակերպիչների անպատժելիությունը և միջազգային հանրության կողմից արձագանքի բացակայությունն են հանգեցրել հայ ժողովրդի դեմ հանցագործությունների կրկնության ու շարունակության, որոնց ընթացքում գազանաբար սպանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ, հարյուրավորներն անհայտ կորել են, տասնյակ հազարավորները տուժել ու խեղվել են, իսկ հարյուր հազարավորները վտարվել են իրենց տներից ու դարձել փախստական։

Այսօր Բաքվում հայ գերիների և պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական և քաղաքական ղեկավարների նկատմամբ շարունակվող «դատը» քաղաքակիրթ մարդկության համար ևս մեկ ամոթալի հանցագործություն է, որի վրա նույնպես միջազգային հանրությունն աչք է փակում՝ խրախուսելով Ադրբեջանի բռնապետական վարչակարգին նոր հանցագործություններ իրականացնելու։

Գլուխ խոնարհելով ի հիշատակ «սումգայիթի» մարտիրոսվածների՝ մենք կրկին կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել և իրավական մեխանիզմների շրջանակում պատժել հանցագործներին, ովքեր մեղավոր են հազարավոր հայերի մահվան համար, և դրանով իսկ կանխարգելել հայ ժողովրդի և մարդկության դեմ նոր հանցագործությունները։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728