«Առավոտի» հարցերին պատասխանում է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի համահիմնադիր, խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը:
-Պարոն Ավագյան, երեկ կառավարության նիստում հաստատվեց որոշում, որով կարծես ետ քայլ է արվում վեց ամսով. այսպիսով լուծվո՞ւմ է շրջանառության հարկի փոփոխություններից բողոքող փոքր բիզնեսի հարցը:
-Ցավոք սրտի՝ ոչ, մենք փորձեցինք արագ նայել երեկվա որոշման նախագծի փաթեթը, այստեղ մենք նորից գործ ունենք ոչ խորը մտածված որոշման հետ։ Իհարկե, շատ լավ ազդակ է, որ կառավարությունը գիտակցել է, որ նախորդ ընդունված նախագծերը իրենց մեջ շատ խնդիրներ ունեն և այս քայլով փորձ է արվում արդեն բողոքի ակցիաներից և ընդվզումներից հետո ինչ որ ետ քայլ անել։ Բայց խնդիրների խնդիրը շարունակում է մնալ այն, որ մեր երկրում խախտվել է շրջանառության հարկի գաղափարախոսությունը՝ պարզություն, կանխատեսելիություն, և շարունակվում է այդ տրամաբանությամբ ավելի ու ավելի խճճվել։ Եվ արդեն այնքան ենք խճճվել, որ ամեն նոր ընդունվող որոշում այս տրամաբանության մեջ ավելի է խորացնում ու խճճում պատկերը։
-Մի փոքր կպարզաբանե՞ք, թե ինչու եք այս որոշումը համարում «ոչ խորը մտածված»:
Կարդացեք նաև
-Նախ` այս որոշումով փորձ է արվում լուծել միայն առևտրի ոլորտի ներկայացուցիչների, այն էլ նրանց կողմից բարձրաձայնված միայն մեկ խնդիր՝ նախկինից եկող ապրանքային մնացորդներից առաջացող բարձր հարկի հարցը։ Այստեղ ընդհանրապես անդրադարձ չկա շրջանառության հարկի ռեժիմում գործող այն կարևոր և սակավաթիվ արտադրողների նույնանման խնդրին, ովքեր ըստ նախկինում գործող օրենքի՝ ունեցել են ձեռքբերումներ հումքի և նյութերի գծով մինչև 2024թ-ի դեկտեմբերի 31-ը, որով պետք է կազմակերպեն իրենց արտադրությունը այս տարի, նրանք զրկված են իրենց օրինական ծախսերը նվազեցնելու հնարավորությունից։
Առևտրով զբաղվողների համար բերված այս լուծումն այնքան եթե, ապա-ներ իր մեջ ունի, որի պատճառով ևս կարծում եմ շատ քչերը կօգտվեն այդ աջակցության ծրագրից։ Մասնավորապես նշվում է, որ պետք է գույքագրում անեն և դա ներկայացնեն ՊԵԿ, որի մասին նորից ունենք առևտրի ոլորտի խմբեր ովքեր արդեն բարձրաձայնում էին դրա անհնարինության կամ թանկ ու ծախսատար լինելու մասին։
Երկրորդ՝ պետք է այս տարի արդեն գործեն նոր կանոններով և բարդ հաշվապահական հաշվառում իրականացնեն, որից հետո միայն եռամսյակի արդյունքներով վճարեն բարձր հարկային դրույքաչափով հարկ, հետո նոր ներկայացնեն ՊԵԿ ետ վերադարձի խնդրանքով։ Այստեղ, իհարկե, կլինեն տնտեսավարողներ ովքեր կօգտվեն այս աջակցության ծրագրից, կլինին նաև ճարպիկներ, ովքեր կօգտվեն այս խճճված իրավիճակից և եթե չունեն փաստաթղթեր նախկինից եկող, ապա սա հնարք է առնվազն շրջանառության նկատմամբ 5 տոկոսի և 10 տոկոսի տարբերությունը ետ ստանալ։ Դասական դեպքում, բոլոր պայմաններն ապահովելու համար ավելի շատ հաշվապահական, իրավաբանական ծախս պետք է արվի, քան կլինի այդ ետ ստացվելիք աջակցության գումարը։
-Հիմնավորումներով սակայն այլ կերպ էր ներկայացվում։
-Հիմնավորումների մասը այս անգամ ևս զավեշտալի է։ Նախ` նշված որոշման նպատակի մասից ձեր թույլտվությամբ մեջբերեմ ՝ «… ապրանքներն իրացնելու պարագայում հարկային բեռի համաչափությունն ապահովելու համար վերջիններիս աջակցություն տրամադրելն է.. »։ Ստացվում է, որ գոնե այս հարցով արձանագրել են, որ լավ չէին մտածել ու համաչափության խնդիր կա։
Ամենահետաքրքիրը մեր երկրի ամենամեծ վարչական մարմնի կարծիքն է նշված ամփոփաթերթում, երբ հենց հարկային վարչարարություն իրականացնելու պարտավորություն ունեցող մարմինը ինչպես է նշել իր առաջարկը, սա էլ մեջբերեմ բառացի՝ «...որպեսզի աջակցությունից կարողանան օգտվել նաև համեմատաբար արդար (թուղթ ունեցող) ֆիրմաների մի մասը (համեմատաբար քիչ փոխանցվող ծախս ունեցողները՝ ենթադրելով, որ մյուսների մեջ մեծ մասը կեղծ թուղթ կուտակողներ են), առաջարկվում է ավելացնել դրույթ…»։ Հասկանում եք, այսինքն` ՊԵԿ-ը ենթադրում է այն մեծ խումբ թուղթ կեղծողների մասին և գրում այդ մասին ՀՀ Կառավարության որոշման նախագծի ամփոփաթերթում։ Սա այն մարմինն է, որը պետք է հայտնաբերի և պատժի դրանց, որոնց պատճառով հակառակը չանենք, չվերացնենք փոքր բիզնեսի համար գործող այս այլընտրանքային հարկման ռեժիմը։
Հարցերի հարցը շարունակում է մնալ նույնը՝ այս կերպ դեֆորմացված և խիստ վարչարարություն սահմանված շրջանառության հարկի ռեժիմ չեք տեսնի աշխարհի ոչ մի երկրում, որը կառավարության այս որոշումով ոչինչ չի փոխվում։