Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական մոտիվներով հարկադիր կերպով հեռացած հայերը իրավունք ունեն վերադառնալու իրենց տեղերը»

Փետրվար 28,2025 13:00

1919թ. «Լեռնային Ղարաբաղի հայության ժամանակավոր համաձայնությունը Ադրբեջանի կառավարության հետ» համաձայնագիր

Օրեր առաջ իմ գրապահարանից գտա մի թանկ գիրք, որն ինձ էր նվիրել արցախցի մի կին՝ Փառանձեմ անունով, երբ ես առաջին անգամ 90-ականների կեսերին հայտնվեցի Շուշիում:

Արցախի Փիրջամալ գյուղում քահանայի ընտանիքում ծնված, գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Արամայիսի (Միսակ Տեր-Դանիելյան) «Ղարաբաղի տագնապը» օրագրությունն էր (1993թ, «Հայաստան» հրատ): Գիրքն այդ ժամանակ խորը չէի ուսումնասիրել, որպես թանկ մասունք առանձնացրել էի շատուշատ արխիվային նյութերի հետ: Օրագիրն ընդգրկում է 1919 թվականի ապրիլի 26-ից հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածը, երբ «Պատմական Հայաստանի բնօրրաններից մեկի՝ Արցախի հայությունը շրջապատված լինելով մուսավաթական Ադրբեջանի զորքերի ու անգլիական դիվանագիտական մեքենայությունների կողմից, ստիպված էր պայքարել իր անկախությունը, ազգային արժանապատվությունը պահելու, մայր Հայաստանի կազմում մնալու համար»:

Հեղինակը՝ Արամայիսը ժամանակին տպագրվել է «Նոր դար», «Մշակ», «Աղբյուր», «Տարազն», «Արեւ», «Բաքվի ձայն», «Դրոշակ»…պարբերականներում, հանդեսներում, երբեմն գրական ծածկանունով: 1907 թվականին Թիֆլիսում լույս էր տեսել նրա «Մի քանի գլուխ հայ-թուրքական ընդհարումներից» հուշագիրքը: Հեղինակը շփվել է Լեոյի, Ստեփան Շահումյանի, Կնունյանց եղբայրների հետ, ձերբակալվել, նետվել քսանականներին Բաքվի Բայիլովի բանտ: Հետագայում, 77-ամյա Արամայիսը ստալինյան հետապնդումների զոհը դարձավ, Ալթայի երկրամաս աքսորվեցին նա, որդին, հարսը, երկու թոռնիկները…մահվանից տասնչորս տարի հետո նա արդարացվեց:

Օրագիրը, ինչպես տեղեկանում ենք գրքի առաջաբանից, պահպանվել է ԳԱԱ պատմության ինստիտուտի արխիվում: Արամայիսը 1919-ին Բաքվի Հայոց Ազգային Խորհրդի հանձնարարությամբ մեկնում է Արցախ՝ ներգրավվելով արցախահայության ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման գործում:

Գրքից ընտրել եմ «Լեռնային Ղարաբաղի հայության ժամանակավոր համաձայնությունը Արդրբեջանի կառավարության հետ» հատվածը, որը ներկայացնում եմ ստորեւ.

«Հայկական Ղարաբաղի 6-րդ համագումարի նախագահության կողմից լիազորված հանձնաժողովը, հետեւյալ կազմով՝ Մ. Տեր-Դանիելյան, Ռ. Ն. Շահնազարյան, Ս. Ա. Մելիք-Յոլչյան, Ն. Դ. Փիրումյան, առաջնորդվելով համագումարի որոշումներով, բանակցությունների մեջ է մտնում Ադրբեջանի կառավարության հետ՝ Ղարաբաղի լեռնային մասում ժամանակավոր modus vivendi հաստատելու համար: Իսկ համաձայնության ժամանակավոր պայմանագիրը, որը ներկայացրինք, հետեւյալն էր.

Ուշադրության առնելով, որ Ղարաբաղի Լեռնային մասի մասնակցության հարցը լուծվելու է Հաշտարար կոնֆերանսում, որ յուրաքանչյուր ընդհարում կործանարար է Ղարաբաղում բնակվող ազգությունների համար, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծման դեպքում էլ հայերն ու մուսուլմանները պետք է ապրեն համատեղ, Ղարաբաղի հայության 6-րդ համագումարը իր 4-րդ` 1919 թվականի օգոստոսի 15-ի առավոտյան նիստում որոշեց կանգ առնել Ադրբեջանի Հանրապետության կառավարության հետ կնքած ժամանակավոր համաձայնության կետերի վրա:

1.Կողմերի կողմից սույն ժամանակավոր համաձայնությունը ընդունվում է մինչեւ հաշտարար կոնֆերանսի կողմից այդ հարցի լուծումը, որպիսի որոշումը միանշանակ պարտադիր է երկու կողմերի համար:

2.Հայերով բնակեցված Ղարաբաղի լեռնային մասը՝ Ջիվանշիրի եւ Ջեբրայիլի (Դիզակ, Վարանդա, Խաչեն եւ Ջրաբերդ), իրեն ժամանակավորապես համարւմ է Ադրբեջանի Հանրապետության տարածքում:

3.Շուշին, Ջիվանշիրը, եւ Ջեբրայիլը մնում են որպես Ղարաբաղի գեներալ-նահանգապետության առանձնացված վարչական միավորներ, որոնց ներքին կառուցվածքն այնպիսին է, որ լեռնային հայկական շրջանում վարչությունը նշանակվում է հայերից: Վերջիններս պաշտպանում են փոքրամասնությունների իրավունքները:

4.Ղարաբաղի լեռնային մասում (Դիզակ, Խաչեն, Վարանդա եւ Ջրաբերդ) վարչական պաշտոնատար անձինք նշանակվում են հայերի խորհրդի անդամներ ներկայությամբ:

5.Ղարաբաղի գեներալ-նահանգապետությունում հիմնադրվում է Վեցի խորհուրդ՝ կազմված 3 հայից ու 3 մուսուլմանից:

6.Խորհրդի անդամ հայերը ընտրվում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համագումարի կողմից: Համագումարն ունի վերընտրվելու իրավունք:

7.Ազգամիջյան բնույթի բոլոր սկզբունքային հարցերը չեն կարղ կենսագործվել առանց խորհրդում նախօրոք քննարկվելու:

8.Խորհուրդը 1/3 մասով ունի նախաձեռնողական իրավունք գեներալ-նահանգապետության կառուցվածքի կառավարան հարցերի վերաբերյալ:

9.Խորհուրդն ունի դիտարկման ու հսկողական իրավունք գեներալ-նահանգապետության կառավարման նկատմամբ, բայց առանց միջամտելու վերջինիս գործողությանը:

10.Հիմնվում է գեներալ-նահանգապետի քաղաքացիական մասով տեղակալի պաշտոն, որի համար հայկական համագումարի կողմից ներկայացվում է երկու թեկնածու, որից հաստատվում է մեկը:

11.Գեներալ-նահանգապետի քաղաքացիական պաշտոնի համար հայկական համագումարի կողմից ներկայացվում է երկու թեկնածու, որից հաստատվում է մեկը:

12.Ղարաբաղի հայերն օգտվում են կուլտուրական ինքնորոշման իրավունքից:

13.Կուլտուրական ինքնորոշման իրավունքն իրականացվում է Ղարաբաղի հայերի կողմից պարբերաբար հրավիրվող Ղարաբաղի Ազգային Խորհրդի կողմից: Համագումարը հրավիրում է Ազգային Խորհուրդ:

14.Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը լիազորված հայերի միջոցով վերահսկում է Հայկական Ազգային Խորհրդի գործունեությունը:

15.Զինվորական մասերը խաղաղ ժամանակաշրջանում բնակեցվում են Խանքենդում (այժմ Ստեփանակերտ-խմբ) եւ Շուշիում:

16.Ղարաբաղի եւ լեռնային գոտու շրջաններում (Շուշու, Ջիվանշիրի եւ Ջեբրայիլի գավառներ) զինվորական մասերի յուրաքանչյուր տեղաշարժ կարող է կատարվել խորհրդի անդամների 2/ 3 մասի համաձայնությամբ:

17.Քաղաքական համոզումների համար թե դատական, թե վարչական կարգով, ոչ ոք չի կարող ենթարկվել հետապնդման:

18.Քաղաքական մոտիվներով հարկադիր կերպով հեռացած հայերը իրավունք ունեն վերադառնալու իրենց տեղերը:

19.Մինչեւ հաշտարար կոնֆերանսում Ղարաբաղի հարցի լուծումը, այս երկրամասում դադարեցվում է հայ եւ մուսուլման բնակչության զինաթափումը:

20.Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը Ղարաբաղի բնակչությանը ցույց է տալիս նյութական եւ բարոյական աջակցություն, մուսուլմանների եւ հայերի ավերված գյուղերի շուտափույթ վերականգնման համար:

21.Ազգամիջյան հարաբերությունների լավագույնս կարգավորման համար խորհրդի կողմից հաճախակի հրավիրվում են հայ-մուսուլմանական ընդհանուր ու տեղական համագումարներ:

22.Միությունների, խոսքի ու մամուլի լիակատար ազատություն: Ողջ Ադրբեջանի տարածքում զինվորական դրություն լինելու պատճառով ժողովներ թույլատրվում են (գեներալ-նահանգապետության) վարչության կողմից:

23.Մասանավոր ու պաշտոնատար անձանց յուրաքանչյուր զանցանք հետապնդվում է դատական կարգով, բացառությամբ այն զանցանքների ու հանցագործ արարքների, որոնք Ադրբեջանական Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի կողմից 1919թ. հունիսի 11-ի պարտադիր որոշմամբ բացառված են ընդհանուր ենթադատությունից:

24.Առ այսօր ազգամիջյան ընդհանումներին մասնակցած լինելու համար ոչ ոք չի հետապնդվում:

Սույն համաձայնագիրը մնում է ուժի մեջ ցանկացած իրադրության պայմաններում՝ շրջափակում, ռազմական իրադրություն եւ այլն: Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Հայկական Ղարաբաղի 6-րդ համագումարի կողմից ընդունվելու պահից: Քաղ.Շուշի, 22 օգոստոսի, 1919թ.»:

Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հ.Գ. «Հուլիսի 11. Այսօր Բեկզադյանը կարդաց Երեւանի կառավարությունից ստացված գրությունը: Գրել էր կառավարչապետ Խատիսյանը: Բովանդակություւնն այն էր, որ Ղարաբաղի խնդրում Հայաստանի կառավարությունը կանգնած է նախկին տեսակետին, այսինքն՝ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, որ Մ. Տեր-Դանիելյանի եւ Ռ. Շահնազարյանի կատարածը համարում է «նեպրեդումաննիմ», որ Ղարաբաղի ժողովուրդը, եթե ուզում է բանակցել, Հայաստանի կառավարությունը չի արգելի….հայկական միսիայում իմ վրդովմունքին պատասխանեցին, որ այնտեղ՝ Երեւանում, իրազեկ չեն, հարկավոր չէ հուզվել, այլ պետք է շարունակել սկսածը»…

«Առավոտ» օրաթերթ
27.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728