Լրահոս
Օրվա լրահոսը

Այս կարևոր հարցի շուրջ վարչապետի հետ քննարկում կազմակերպելը կարող է շատ օգտակար լինել ներքին լարվածությունը թուլացնելու տեսակետից

Փետրվար 28,2025 11:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան հերթական ինտրիգային գրառումն էր արել, որտեղ նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը 1994 թվականի հրադադարի մեկնարկի պահից սկսած եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Այլ լուծումների մասին խոսակցությունները, ըստ վարչապետի, ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար։

1994-2018 թվականներին Արցախի հարցի շուրջ բանակցությունների պատասխանատու առաջին, երկրորդ և երրորդ նախագահների ներկայացուցիչների հեգնական ու ծաղրական պատասխանները չուշացան։ Ինչից հետո վարչապետը այդ հարցի շուրջ բանավեճի էր հրավիրել Հայաստանի նախորդ երեք ղեկավարներին՝ հիմնավորելու իր հայտարարությունների լրջությունը։ Նախագահներից ամեն մեկն իրեն յուրահատուկ ոճով հրավերը մերժեց և հետևանքը եղավ այն, որ բանավեճի անցկացումը երկուստեք իմաստազրկվեց։

Ըստ իս, բանավեճը եթե տեղի ունենար, ապա շատ հարցեր իրենց պատասխանները կստանային։ Նախորդ երեք ղեկավարների իրավունքն էր մերժել հրավերը կամ ընդունել, նրանք որոշեցին, որ, պատկերավոր ասած․ «Նիկոլը այդքան չկա, որ նրա հետ բանավիճեն» ու շատ հարցեր այդպես էլ հարց մնացին։ Թեև այն կարող է արդիական լինել այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի հերքել իր հայտարարությունը կամ քանի դեռ երեք նախագահները չեն խոստովանել, որ դա իրոք այդպես է եղել։

Գենադի Մնացականյան

Այժմ, կրկին ֆեյսբուքյան գրառմամբ, իրեն յուրահատուկ ոճով Նիկոլ Փաշինյանը իր կողմից առաջադրված Իրական Հայաստանի գաղափարախոսության թեմայով «բանավեճի» է հրավիրում բոլորին։ Համեցեք, ասում է, 20-30 հոգով եկեք Կառավարություն, կամ, ասում է, հավաքվեք 70 կամ ավելի մարդկանցով ու ես ինքս կգամ ձեր մոտ տվյալ հարցի քննարկման համար։ Անհիմն չի լինի ենթադրել, որ արդեն նման խմբեր նախապես կազմակերպվել են կամ կկազմակերպվեն և այդ խմբերի առաջնորդներն էլ լավագույնս պատրաստվելու են հանդիպումները անցկացնել այնպես, որպեսզի դեռ նախորդ շաբաթ վարչապետի կողմից ներկայացված Իրական Հայաստանի գաղափարախոսության 14 դրույթներից որևէ դրույթի մասով վեճեր չառաջանան, իսկ որ ամենակարևորն է, ժողովրդի մոտ արհեստականորեն տպավորություն ստեղծվի, որ իրոք ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն կա։ Կարծում եմ, Հանրապետությունով մեկ 50-70 հատ այդպիսի խմբեր ի վիճակի է ՔՊ կուսակցությունը կազմակերպել՝ թեկուզ վարչական ռեսուրսների օգտագործմամբ։

Իրավիճակը շատ սթափ գնահատելու անհրաժեշտություն կա։ Հիմա շատ կարևոր է, որպեսզի ընդդիմությունը, կամ նրանք, ովքեր խնդրահարույց են համարում հազարամյակների պատմություն ու մշակույթ ունեցող Քրիստոնյա Հայաստանի համար նման գաղափարախոսության ընդունումը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոխումը, դիտորդի կարգավիճակում չլինեն կամ չմտածեն, որ․ «Նիկոլը այդքան չկա, որ նրա հետ հարց քննարկեն»։ Նման թեմաներով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարչապետի խորհրդակցությունների նպատակահարմարության մասին գրելու առիթ ունեցել եմ։ Կարծում եմ շատ տեղին կլինի, եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առնվազն քննարկվի վարչապետի առաջարկը։

Անշուշտ, Հայ Առաքելական Եկեղեցին նոր չէ, որ պետք է ազգային գաղափարախոսություն որդեգրի։ Գևորգյան Հոգևոր ճեմարանի երրորդ լսարանից սկսած ցանկացած ուսանող կարող է այդպիսի «ազգային գաղափարախոսության» նախագծեր պատրաստել, սակայն այդ կարևոր հարցի շուրջ վարչապետի հետ քննարկում կազմակերպելը կարող է շատ օգտակար լինել ներքին լարվածությունը թուլացնելու տեսակետից։ Ավելի ճիշտ կլիներ, եթե վարչապետը ինքը հոգևոր դասի հետ նման քննարկում կազմակերպեր, սակայն ոչ ուղղակիորեն արված առաջարկն էլ, կարծում եմ, բավարար է, որպեսզի Եկեղեցին այս ուղղությամբ քայլ կատարի։ Եթե Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, ազգային գաղափարախոսության ջահակիր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նման հարցի շուրջ քննարկումներ կազմակերպելու հարթակ ստեղծվի, ապա, վստահ եմ, որ շատ սահուն կերպով կվերականգնվի նաև Եկեղեցի–Պետություն երկխոսությունը։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728