Փետրվարի 21-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը կայացրեց որոշում դատապարտյալ Գեորգի Սաֆարյանի գործով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշման դեմ բացառիկ վերանայման բողոք էր բերել նրա պաշտպանը՝ Ա. Ջուվանովան:
Սաֆարյանը ազատազրկման էր դատապարտվել 10 տարի ժամկետով: Պատժի ժամկետին հաշվակցվել էր Ռուսաստանի Դաշնությունում 2 ամիս 27 օրը, պատժի կրման սկիզբը հաշվել էին 2016 թվականի փետրվարի 9-ից: Բողոքաբերը գրել էր. «Ձերբակալվել եմ 2015-ի ապրիլի 13-ին, մինչ օրս գտնվում եմ կալանքի տակ: Առաջին ատյանի դատարանը պատժի մեջ չի հաշվակցել իմ՝ կալանքի տակ գտնվելու 7 ամիս ժամանակահատվածը, նշելով, որ այդ 7 ամիսը գտնվել եմ ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի խախտման սանկցիայի տակ: Մեկ օրը մեկուկես օրվա դիմաց հաշվակցելու դեպքում, ստացվում է, որ ես 14 տարուց ավելի է, ինչ գտնվում եմ կալանքի տակ»:
Բողոքաբեր կողմը խնդրել էր ամբողջությամբ կամ մասնակի բեկանել առաջին ատյանի դատարանի 2022 թվականի դատավճիռը, կայացնել որոշում իր անհապաղ ազատ արձակելու մասին:
Պաշտպան Ա.Ջուվանովան նշել էր, որ Գ.Սաֆարյանը մինչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, կալանքի տակ է եղել 2016 թվականի «հունվարի» 9-ից մինչեւ 2024 թվականի ապրիլի 17-ը, այսինքն, 8 տարի 3 ամիս 8 օր:
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, սա այն աղմկահարույց գործն էր, ըստ մեղադրանքի, Գ. Սաֆարյանը Ա.Թադեւոսյանի, Մ.Կուրղինյանի, Ա.Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ Իրանի քաղաքացի Հայկ Աբրահամյանի դրամական միջոցները հափշտակելու համար ապօրինաբար կյանքից նրան զրկել էին:
Հայկն ասֆալտի գործարան էր մտադիր հիմնել Հայաստանում, այդ նպատակով էր եկել այստեղ: Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բեկանեց վերաքննիչ դատարանի որոշումը, մեկ օրը հաշվակցելով մեկուկես օրվանով, Սաֆարյանին ազատ արձակեց, ստորադաս դատարանի մնացյալ դատական ակտերը թողնելով օրինական ուժի մեջ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.02.2025