Երեւանը հայտնել էր, որ հունվարի 14-ին ստորագրված հայ-ամերիկյան փաստաթուղթը համաձայնեցվել էր Թրամփի վարչակազմի հետ, սակայն Բլինքենի նշած մասնագիտական խումբը դեռեւս չի ժամանել
Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրումից շուրջ մեկ ու կես ամիս է անցել։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ այդ պահին` պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ ստորագրած փաստաթղթով պարտավորվեցին խորացնել հարաբերությունները ժողովրդավարության եւ տնտեսական ազատության առաջխաղացման, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման, ինչպես նաեւ էներգետիկ անվտանգության ամրապնդման ոլորտներում:
Բլինքենը հունվարի 14-ին իր խոսքում նշել էր. «Հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, մեր Մաքսային եւ սահմանային պահպանության թիմը կմեկնի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ»։
Կանոնադրությամբ, հիշեցնենք, որ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը, եւ միաժամանակ մեկնարկ տրվեց հանձնաժողովի, որն այն ձեւաչափն է, որի շրջանակներում կողմերն աշխատելու են կանոնադրության մեջ ամրագրված նպատակների կյանքի կոչման, կանոնադրության մեջ հիշատակվող ոլորտային ուղղություններով համագործակցության հարցերի քննարկման, համակարգման նպատակով։
Կարդացեք նաև
Բլինքենի նշած այդ թիմը, սակայն, առայժմ չի ժամանել Հայաստան: Վերջերս Factor-ին ՀՀ ԱԳՆ-ից ասել էին, որ այցի վերաբերյալ հստակ ժամկետներ չկան։
Ռազմավարական համագործակցության կանոնադրության 3-րդ բաժնում ներառված են պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության առաջնահերթությունները, իսկ երրորդ կետում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով զանգվածային ոչնչացման զենքի տարածման վտանգը՝ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները նախատեսում են ուսումնասիրել զանգվածային ոչնչացման զենքի եւ վտանգավոր տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի միջոցները՝ միջազգային չտարածման չափանիշներին համապատասխանելու, արտահանման վերահսկողության արդյունավետ կիրառման եւ վերահսկողության ամրապնդման միջոցով: Այդ նպատակով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանի սահմանապահ զորքերի եւ Պետական եկամուտների կոմիտեի կարողությունների զարգացմանը»։
Ինչպիսի՞ն կլինի Թրամփի վարչակազմի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ ընդհանրապես, եւ մասնավորապես` Հայաստանի հետ փոխհարաբերություններում: Թերեւս, շատերին չէ հայտնի:
Պաշտոնական Երեւանը կկարողանա՞ Թրամփի վարչակազմի հետ աշխատել այնպես, որպեսզի ոչ միայն ձեռքբերված հայ-ամերիկյան պայմանավորվածությունները պահպանվեն, այլեւ ստորագրված փաստաթղթի հիմքում` ընդլայնվի Հայաստան-ԱՄՆ գործընկերությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շաբաթներ առաջ, երբ շնորհավորել էր Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշել էր. «Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ իր ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ ընդհանուր շահերի վրա։ Մենք ակնկալում ենք ամրապնդել համագործակցությունը՝ հանուն մեր երկու երկրների անվտանգության, ժողովրդավարության եւ բարգավաճման»։
Փետրվարի 7-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, կայացավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Նրանք քննարկել էին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանը 2 շաբաթ առաջ խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում ԱՄՆ կատարած այցից հետո նշել էր. «Ըստ էության, անցման շրջանում է ստորագրվել, եւ էդ շրջանում, ինչպես իրենք են անվանում, տրանզիցիոն թիմեր են ձեւավորվում։ Այսինքն, նրբությունն այն է, որ ինչքան նախորդ վարչակազմն է մասնակցել էս փաստաթղթի ստորագրմանը, էդքան էլ նոր վարչակազմն է ստորագրել։ Որովհետեւ նոր վարչակազմը եթե չուզենար… իրենց մոտ քաղաքական կուլտուրան դա է…»։
Պաշտոնական Երեւանը Թրամփի վարչակազմի հետ աշխատո՞ւմ է: Հարկ է նկատել, որ Ադրբեջանը առաջ է մղում էներգետիկ շահը` Թրամփից Ադրբեջանի հետ համագործակցության նոր մակարդակ ակնկալելով: Այդ մասին հստակ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` Թրամփին ուղղված շնորհավորական նամակում:
Ազդարարված մասնագիտական խմբի այցի հետ կապված անորոշությունը չպետք է պահպանվի: Առավելեւս, երբ պաշտոնական Երեւանը հայտնել է, որ Թրամփի վարչակազմի հետ ստորագրված փաստաթուղթը համաձայնեցվել էր:
Ինչո՞ւ այդ դեպքում, այդ խմբի այցի մասին շարունակում է անորոշություն պահպանվել: Եթե պաշտոնական Երեւանն առաջնորդվելու արդարացումներով, թե Վաշինգտոնում հիմա այլ խնդիրներով են զբաղված, ապա, հարկ է նկատել, որ մշտապես կլինեն խնդիրներ, որոնցով գերտերությունները զբաղված են լինելու: Առհասարակ, գերտերությունները պարապուրդի երբեք մատնված չեն լինում:
Հետեւաբար, Հայաստանի իշխանությունները պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեն, որպեսզի ստորագրված փաստաթղթի հիմքով հարաբերություններն այլ մակարդակի հասցվի, եւ որ Թրամփի վարչակազմը զբաղվի նաեւ Հայաստանի հարցով: Վստահաբար, Ալիեւը ձեռքերը ծալած չի նստել:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.02.2025