Այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հինգերորդը «Այլընտրանք»ին է ձայն տվել, նշանակում է, որ Գերմանիան այլեւս ապահով չէ, հեռանալու եմ Գերմանիայից, 2 օր առաջ կարծիք հայտնեց հրեա ուսանողների միության նախագահ Հաննա Վայլերը, որ Գերմանիա է եկել տարիներ առաջ Բելառուսից։ Նա սոցհարթակներում սպառնալից գրություններ շատ է ստանում, քանի որ քննադատում է Պաղեստինին սատարող ցույցերը։
Հրեաների կենտրոնական խորհուրդն ընտրությունների շեմին հայտարարություն տարածեց, զգուշացրեց քվե չտալ հակասեմականություն տարածող երկու՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» եւ Զառա Վագենկնեհթ դաշինքին։ Բայց «Այլընտրանքի» նախագահ Ալիս Վայդելը հարցազրույցներից մեկում բացահայտում արեց՝ իրենց հրեա անդամների թիվը քառանիշ է։
«3ուդիշե ալգեմայնե» թերթի ծանուցմամբ, իրականությունն այլ է՝ գոյություն ունի «Հրեաներն Այլընտրանք Գերմանիայի համար» միությունը, որ պաշտոնապես նույնանուն կուսակցությանը չի պատկանում։ Միությունն ունի մոտ 30 անդամ, անդամակցել կարող են նաեւ հուդայականություն դավանող ոչ հրեաները, նախագահն է Ուկրաինայում ծնված Արթուր Աբրամովիչը, իսկ անդամներից մեկը Հայաստանում ծնված, այժմ գերմանաբնակ Լեոն Հակոբյանն է (Leon Hakobian)։ Ըստ որոշ տվյալների, աջ ծայրահեղ «Այլընտրանք» կուսակցությունում հրեաների թիվը 44-ի սահմանը չի հատում։
Հրեաների կենտրոնական խորհուրդը, նաեւ այլ կազմակերպություններ խիստ քննադատել են աջերի հետ համագործակցող հրեաներին, միությանը, նրանց գործունեությունը նկատել վտանգավոր, դատապարտելի։ Աբրամովիչի միությունը սակայն հրեաների պառակտման մեջ Մերկելի՝ ներգաղթը խրախուսող քաղաքականությունն է տեսնում, քննադատում հրեական կազմակերպություններին, որ դրա մասին չեն խոսում, պետությունից ֆինանսավորվում են։
Կարդացեք նաև
Ադրբեջանից սերող հրեա Ամիր Մակատովը (Amir Makatov) նույնպես աջերին է հարում, Betar Germany խմբավորման ինքնահռչակ ղեկավարն է։ Նա Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի նախագահ Շուստերին, որ հայտնի է իր ծանրակշիռ խոսքով, հավասարակշիռ կեցվածքով, հրեաների համար ավելի մեծ վտանգ է նկատում, քան ամբողջ «Այլընտրանք» կուսակցությանը։ Ամիրը պայքարում է, որ հուշավայր դարձած համակենտրոնացման ճամբարները փակվեն։ «Այլեւս երբեք» ասողները պիտի հասկանան, որ հրեաներիս այդ հուշավայրերն արդեն բավական վնասել են»։
Ծանոթ հարված է, չէ՞, ցեղասպանություն տեսած, վերապրողի մեր ինքնությանը։ Տարեկից ծառեր ենք, արմատներն այնքան խորն ենք հրել, որ ցողուններին բաց ենք թողել, եւ հիմա քամին համոզում է փրկվելու համար կացին դառնալ։ Ամբոխահաճ, մակերեսային, ցինիկ այս աշխարհում ինչպե՞ս պիտի դիմակայել։ Շատերն ուրախանում են, որ Գերմանիայում հաղթել է քրիստոնյա դեմոկրատական գաղափարախոսությունը։ Սա էլ չափազանցություն է։ Այդ կուսակցությունից էին Բունդեսթագի այն պատգամավորները, որ Ալիեւի խավիարով քրիստոնյաներիս ուրանում էին։ Սոցիալ դեմոկրատներից էլ կային այդ ցուցակում, բայց նրանցից մեկի՝ Շվաբեի ազնվությունն անկաշառ եղավ, եւ Մյունխենի դատարանում «քրիստոնյա» երկու նախկին պատգամավորի այժմ քննում են։ Շոլցն էլ Ալիեւի ձեռքն էր սեղմում սիրով, բայց չմոռացավ ակնարկել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Մենք նշաձողն իջեցրինք…
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում