factor.am. Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով այսօրվա դատական նիստին դատավորն առաջարկել է ցուցմունք տալ առաջադրված մեղադրանքի և մեղադրանքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար կարևոր այլ հանգամանքների վերաբերյալ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ առաջինը ցուցմունք է տվել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա նշել է, որ Հայաստանը հանդես է եկել որպես Լեռնային Ղարաբաղի երաշխավոր, նաև պատմել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Ղարաբաղում։
Արկադի Ղուկասյանն ասել է նաև, որ Արցախում վարձկաններ չեն եղել։ «Կար Պաշտպանության նախարարություն և հայկական բանակ, որը ֆինանսավորվում էր Հայաստանի Հանրապետության կողմից»,- նշել է նա։
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ ցուցմունքում ասել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ինքն ու Արկադի Ղուկասյանը Ղարաբաղից տարվել են պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարան, որից հետո, իբր, իրեն թարգմանիչ և պաշտպան է տրամադրվել։
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատարանին խնդրել է լրացուցիչ ժամանակ տրամադրել՝ ցուցմունքները պատրաստելու համար։ Դատարանը քննել է նրա միջնորդությունը։ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում։ «Ես ի վիճակի չէի կատարելու մեղադրական եզրակացության մեջ ենթադրվող արարքները։ Ես չեմ քարոզել ատելություն ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ։ Ես սիրում եմ իմ ժողովրդին, բայց ազգայնական չեմ»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 3-ին։