News.am. Ռուբեն Վարդանյանի նկարները ակնհայտորեն ցուցադրում են մարմնի տեսանելի հատվածներում վնասվածքներ եւ այստեղ միջազգային ստանդարտները շատ հստակ են, երբ անձը առողջ, առանց վնասվածքների հայտնվում է պետական ներկայացուցիչների ձեռքերում, ապա պետությունն է կրում այդ վնասվածքների պատասխանատվությունը եւ պետք է բացատրություն տա այդ վնասվածքների առաջացման պատճառների վերաբերյալ:Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«Փակ հաստատությունում գտնվող անձանց պարագայում գործում է խոշտանգված լինելու կանխավարկածը, քանի դեռ ողջամիտ կասկածից վեր ապացուցողական շեմի շրջանակում պետությունը չի հերքում իր կողմից անձին խոշտանգումների ենթարկելու հանգամանքը: Այստեղ ակնհայտ է, որ կան բռնության հետքեր, նշեմ, որ դատական գործընթացում գործում է մեկ այլ երաշխիք՝ առերեւույթ խոշտանգման հատկանիշներ ցուցադրող անձի դատարան ներկայանալու պարագայում դատարանը պարտավոր է այդ հանգամանքների քննության պահանջ ներկայացնել վարույթ իրականացնող մարմիններին, եւ ազգային օրենսդրությամբ ինքնուրույն պետք է վարույթ նախաձեռնվի վնասվածքների առաջացման պատճառների վերաբերյալ:
Սահակյանը նշում է, որ դատական նիստը կայացել է եւ չկա որեւէ տեղեկատվություն, որ ադրբեջանական իրավապահ մարմինները փորձում են հետաքննել վնասվածքների առաջացման պատճառները:
«Այստեղ ակներեւ է դառնում, որ ճնշումների, խոշտանգումների ներքո նաեւ հայտարարություններ, ցուցմունքներ կորզելու գործելակերպ է առկա»,- հավելեց նա:
Կարդացեք նաև
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ այս պահին իրավապաշտպանները համատեղ հայտարարությամբ են հանդես գալու, որը հասցեագրվելու է նաեւ միջազգային կառույցներին, աշխատանք է տարվում նաեւ միջազգային լրագրողների հետ. «Սակայն կարծում եմ, որ այս փաստերը պետք է ներկայացվեն միջազգային դատական եւ կվազիդատական ատյաններին, որտեղ քննարկվում են հայ ռազմագերիներին առնչվող խնդիրներ, այստեղ որոշակի դերակատարություն պետք է ունենա նաեւ Հայաստանի Հանրապետությունը»: