Ըստ 1997-1999 թվականներին ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ Մովսես Զավարյանի՝ հայկական շուկան Թուրքիայի համար գրեթե ոչ մի հետաքրքրություն չուներ 90-ականներին։
«Սահմանի բացումը մեկ դրական կոմպոնենտ ուներ․ դա Թուրքիան որպես տարանցիկ ուղղու օգտագործումն էր։ Ես ենթադրում եմ, որ էական փոփոխություններ չեն եղել» – մեկնաբանել է նախկին փոխնախարարը՝ «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով քննարկման ժամանակ։
Էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության պետի տեսակետն ավելի լավատեսական էր։
Ալբերտ Հայրապետյանը մեջբերեց մի շարք միջազգային տնտեսական կազմակերպությունների կանխատեսումներ, ըստ որոնց՝ հայ-թուրքական սահմանի բացումը դրական կազդի հայկական տնտեսության վրա։ «Ասիական զարգացման բանկի կանխատեսումներով՝ սահմանի բացման դեպքում ՀՆԱ-ի աճը կկազմի 30%, իսկ արտաքին առեւտրի դեֆիցիտը կկրճատվի 30%-50%-ով», – մասնավորապես նշեց ԷՆ ներկայացուցիչը։
Կարդացեք նաև
Բայց Մովսես Զավարյանի դիտարկմամբ՝ սահմանի բացումը հակված է ավելի շատ հումանիտար էֆեկտ կրել։
«Մարդիկ կկարողանան գնալ, տեսնել իրենց պատմական հուշարձանները, քաղաքները, ծանոթանալ հարեւանների հետ, ազգաբնակչության հետ», – քննարկման ժամանակ նկատեց նախկին փոխնախարար Զավարյանը։
Պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման հսկողության վարչության պետի տեղակալ, գնդապետ Մհեր Մարտիրոսյանի կարծիքով՝ լոգիստիկ եւ տրանսպորտային բարդություններով պայմանավորված՝ արտաքին առեւտրի զարգացման համար ՀՀ-ին ավելի ձեռնտու է ունենալ բաց, քան փակ սահմաններ։
Հայկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հրանտ Միքայելյանի խոսքով էլ՝ 32 տարվա փակ սահմանի «հետեւանքները տարաբնույթ են․ մի կողմից՝ մենք ունենք ինքնաբավության որոշակի աճ, մյուս կողմից՝ ՀՆԱ-ի եւ արտաքին առեւտրի որոշակի նվազում»։ Հայրապետյանը հավելեց, սակայն, որ այդ բացը վերջին 15 տարիների ընթացքում կոմպենսացվել է այլ երկրների հետ առեւտրով։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ