ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՄԻՐՅԱՆԱ ՍՊՈԼՅԱՐԻՉ ԷԳԵՐԻՆ
Հարգելի նախագահ Սպոլյարիչ Էգեր,
Կարդացեք նաև
Դիմում ենք Ձեզ խորը մտահոգությամբ՝ Բաքվի բանտում պահվող և ավելի քան մեկ շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի և Ադրբեջանում քաղաքական պատճառներով ապօրինի կերպով դատվող մյուս հայ գերիների վիճակի վերաբերյալ։
Ըստ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվության, փետրվարի 25-ի դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, սակայն, չնայած դրան, դատական նիստը շարունակվել է։ Բացի դրանից, տարածված լուսանկարներում նրա դեմքի վրա տեսանելի են վնասվածքներ և առերևույթ խոշտանգումների հետքեր: Հաշվի առնելով, որ նա քաղաքական պատճառներով ու ապօրինի կերպով է դատվում և արդեն երկար ժամանակ գտնվում է հացադուլի մեջ, նրա առողջական վիճակը կարող է արագորեն վատթարանալ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։ Նմանապես մտահոգիչ է նաև Ադրբեջանում պահվող և քաղաքական շարժառիթներով դատվող մյուս հայ գերիների վիճակը, ովքեր ենթարկվում են անարդար վերաբերմունքի ու էթնիկ ծագմամբ պայմանավորված հետապնդման։
Այս իրավիճակում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որպես անկախ մարդասիրական կազմակերպություն, պարտավոր է գործել՝ համաձայն իր մանդատի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների։ Ուստի, կոչ ենք անում Ձեզ՝
- Անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին՝ անկախ բժշկական գնահատում իրականացնելու նպատակով։
- Ապահովել նրա առողջական վիճակի անկողմնակալ մշտադիտարկումը և հետևել, որ նա ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն։
- Հասցեագրել նրա հացադուլի պատճառները և միջնորդել՝ ապահովելու նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ Այդ առումով, հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել նրա դեմքի ակնհայտ վնասվածքների պատճառների բացահայտմանը, որի մասով ադրբեջանական կողմը կրում է հատուկ պարտավորություն:
- Ներկայացնել անաչառ զեկույց Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների պահման պայմանների ու նրանց հանդեպ վերաբերմունքի մասին՝ համաձայն միջազգային ստանդարտների։
- Գործուն ջանքեր ձեռնարկել հացադուլի ավարտի ուղղությամբ՝ միաժամանակ հասցեագրելով այն մտահոգությունները, որոնք հանգեցրել են այդ ծայրահեղ քայլին։ Հարկ է հաշվի առնել խնդրի հրատապությունը և այնպես չանել, որ ԿԽՄԿ հաջորդ հերթական այցն արդեն ուշացած լինի:
- Իրականացնել կանոնավոր այցելություններ ադրբեջանական բանտերում պահվող բոլոր հայ գերիներին՝ երաշխավորելու նրանց նկատմամբ արդար վերաբերմունքը։
- Գործել որպես անկախ միջնորդ հայ գերիների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ապահովելու միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը և նրանց անհապաղ ազատ արձակումը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ունի բացառիկ իրավասություն և մանդատ բանտարկյալների պաշտպանության ոլորտում, ուստի Ձեր միջամտությունը այս իրավիճակում ոչ միայն հիմնավորված է, այլև՝ անհրաժեշտ։ Հատկապես կարևոր է Ձեր դերը քաղաքական պատճառներով և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներով դատվող գերիների նկատմամբ վերաբերմունքի մշտադիտարկման հարցում, որը Ժնևի կոնվենցիաների հիմնարար սկզբունքներից է։
Հույս ունենք, որ այս հարցին կտրվի առաջնահերթություն և կձեռնարկվեն անհապաղ քայլեր՝ կանխելու հնարավոր ողբերգական հետևանքները։
Ձեր անհապաղ արձագանքի ակնկալիքով՝
- «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն ՀԿ
- «Արցախ Միություն» ՀԿ
- «Շրջիկ Բժիշկներ» Առողջապահական ՀԿ
- «Արցախի Մարդասիրական Աջակցության Նախաձեռնություն»
- Իրավունքի գերակայություն ՀԿ
- «Միջազգային և համեմատական իրավունք» ՀԿ
- Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ
- «Բարի մամա» բարեգործական ՀԿ
- «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամ (ԳՈԼՍ)
- Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն ՀԿ
- «301 Իմաստության Երկիր» գիտակրթական հիմնադրամ
- Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
- #FreeArmenianHostages քաղաքացիական շարժում
- «Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնություն
- «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ
- «Հայկի սերունդ» ՀԿ
- «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ
- «Институт народной дипломатии»
- «Արցախի հունական համայնք»
- «Հասարակության և բնության ներդաշնակ միություն» ՀԿ
- «Վերածնված հայրենիք» ՀԿ
- «Արցախից-Արցախ» ՏՀԻ ՀԿ
- «Մայրություն» ՀԿ
- «Արցախի Ավագների Խորհուրդ» ՀԿ
- «Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ
- «Մտքի ուժը» ՀԿ
- «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ