Լրահոս
Օրվա լրահոսը

«Լևոնը Բալասանյան չէ, Բարսեղյան է, նրան չեն կարող ճնշել»․ «Եվրադաշինքը» ներկայացրեց Գյումրու քաղաքապետի իր թեկնածուին

Փետրվար 27,2025 19:11

Ինչպես տեղեկացրել ենք, «Եվրաքվեն» ներկայացնող քաղաքական երեք քաղաքական ուժերը՝ «Հանրապետություն»,  «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի եվրոպական» կուսակցություններն այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հուշագիր ստորագրեցին՝ Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններում  դաշինքով հանդես գալու, որը կոչվում է « Եվրադաշինք»,  քաղաքապետի թեկնածուն «Ասպարեզ» ակումբի խորհրդի  նախագահ Լևոն Բարսեղյանն է։ Նա երկու անգամ եղել է ավագանու անդամ։

Լևոն Բարսեղյանն ասաց, որ 1,5 ամիս քննարկելուց հետո համաձայնել է համագործակցության, նպատակ ունի քաղաքը կառավարման ավանդական ռեժիմից դուրս բերել։

«Մեր խոսքում պոպուլիզմ չի լինելու՝ ամբոխահաճություն, ձեր ջիգյարը ուտեմ, գնացեք, ձեր ցավը տանեմ, մեր քաղաքը Շիրազ է տվել, Իսահակյան է տվել, էդ մոդելները փչացած ու հնացած պիտի համարվեն։

Շատ կոնկրետ խնդիրների շատ իրական լուծումներ կան, որոնք բազմիցս առաջարկել ենք, նախորդ քաղաքապետերին ենք առաջարկել և այդ լուծումները չեն արվել,  առեղծվածային պատճառներով, չենք հասկացել։ Մանավանդ համաձայնել են, որ այս խնդիրը այսպես պիտի լուծվի, բոլոր երեխաները պետք է մանկապարտեզ հաճախեն, դա պետք է լինի հավասար պայմաններով, ինչպես Երևանում է և մնացած համայնքներում՝ համահավասար պայմաններով։ Սոցիալական արդարության  խնդիրներ կան, որոնք հիմնականում պետության լուծելիքն են, բայց համայնքն իր անելիքն ունի, թափառող շների խնդիր կա, զարհուրելի մի պատմություն։  Քաղաքի ինչ-որ հատվածներ վերածվել են խայտառակ շուկայի, այս ամբողջը կարգի բերելու համար, ինչ-որ մի առասպելական իմաստություն պետք չէ ունենալ, աշխարհը լիքը փորձ ունի, և այդ ամբողջությունը կիրառելու հմտություն մենք ունենք»,-ասաց Լևոն Բարսեղյանը։

Նա նշեց, որ մեր հասարակությունը վաղուց է հասկացել, թե ինչ է «թայֆայականությունը, թաղայնականությունը, քրեականացումը»։

«Թոզ չփելու ժամանակն իսկապես անցել է, գործ անելու ժամանակն է»,- ասաց թեկնածուն։

«Եվրադաշինք» կազմած քաղաքական ուժերը ընդգծեցին, որ քարոզարշավի ժամանակ թույլ չեն տալու թշնամություն, թշնամությանը պատասխանելու են սիրով, համերաշխությամբ, լրիվ ուրիշ մշակույթ են բերելու Գյումրին, այս քաղաքին ներդաշնակ խոսույթով ու ծրագրերով։

Նրանք ասացին նաև, որ ընտրարշավի մեջ մտնում են հաղթանակի հույսով։
Մեր հարցին՝ եթե միանձնյա իշխանություն ստանձնեք, մտահոգություն չունե՞ք,որ կարժանանաք «Բալասանյան դաշինքի» ճակատագրին, քանի որ  ՔՊ-ն ամեն կեպ փորձում է տեր կանգնել համայնքապետերի պաշտոններին, «Եվրադաշինքի» ներկայացուցիչները  թեև չբացառեցին, որ իշխանությունը կփորձի իրենց վրա ճնշումներ գործադրել, բայց և  նշեցին, որ իրենց թեկնածուն անխոցելի է։

«Լևոնը Բալասանյան չէ, Բարսեղյան է, նա ամբողջ կյանքում օրենքի ու արդարության համար է պայքարել», -ասաց  «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Ձեր մատնանշած ուժերը ունեցել են թույլ կետեր և ես կարծում եմ, որ շատ լուրջ հաշվարկ է եղել Բալասանյանների հետ միավորվելու և ճանապարհ անցնելու, որովհետև իմացել են, որ ցանկացած պահի կկարողանան տարբեր քրեական գործերով, հետախուզումներ հայտարարելով՝ ճնշել, մեզ չեն կարող ճնշել։

Մենք էդպիսի խնդիր չունենք, ես Սարիկի հետ նույն խմբակցությունում եմ եղել, շատ գործընկերներ ունենք «Քաղաքացիական պայմանագրում», հարգանք ենք իրենց նկատմամբ տածում և իրենցից էլ հարգանք են պահանջում։ Էվ այդ մթնոլորտում նախ ուզում ենք քարոզարշավն ամբողջացնել, և դրանից հետո էլ կարծում եմ՝ իրենք հարգանքով կմոտենան գյումրեցիների քվեին, և այդ տրամաբանությամբ համերաշխ ոգով մենք կկարողանանք  լավագույնը անել քաղաքի կառավարման համար»,-ասաց «Հանուն Հանրապետության» նախագահ Արման Բաբաջանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728