Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է «ջեբկիրը» նախընտրական Գյումրիում․ էթիկայի նորմերից զուրկ ընտրարշավ

Փետրվար 27,2025 18:14

Գյումրիում պաշտոնական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ կրքերն այնպես են բորբոքվել, որ միմյանց հասցեին ամենավերջին անվայելուչ արտահայտություններն են հնչում` ընտրապայքարի փոխարեն փողոցային վեճ ու կռվի տպավորություն թողնելով։

 

Ամենամեղմ բառը, որն ամենաշատն է օգտագործվում, ջեբկիրն է․ այն սկսվեց ՔՊ-ականներից, որոնք «Իմ հզոր համայնքի» թեկնածու, ռեժիսոր, պրոդյուսեր,«Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանին մեղադրեցին ցուցապաստառի «Մեր Սարիկը» լոզունգը իրենով անելու ու այդ նույն ոճով « Ձեր Ռուբոն է» հեշթեգ տարածելու մեջ։ Ռուբեն Մխիթարյանի պատասխանը բնականաբար չուշացավ, որը ՔՊ-ականներին անվանեց «Հայրենիքի, զինվորների կյանքի, հայերի արժանապատվության ԳՈՂԵՐ»։

Նրանցից հետ չմնաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվելուց ու ազատ արձակվելուց հետո իշխող քաղաքական ուժին անվանեց ջեբկիր։

«Ինձանից հեռու մնացեք, դուք արեցիք, որ ես եկա քաղաքականության մեջ, դուք եք արել։ Ունեցվածքիցս բռնած՝ սաղ ժողովրդի ունեցվածքը խլում եք, այ ջեբկիրներ, ինչ եք ուզում ժողովրդից, թողեք հանգիստ ապրենք»,-զայրացած հայտարարեց Վարդան Ղուկասյանը։

Ինչևէ, գրեթե ամեն օր համացանցում վիրավորական բառապաշարով գրառումներ են հայտնվում, որոնք կասկածի տակ են դնում քաղաքական գործընթացի լրջությունը։

ԱԺ նախկին պատգամավոր, ՔՊ կուսակցության շարքերից դուրս եկած Կարապետ Մխչյանն, անդրադառնալով ընտրարշավի բառապաշարին, ասաց․ «Չափ ու սահման յուրաքանչուր ոլորտում պետք է լինի, մանավանդ փոքր քաղաքում, երբ որակավորումներ են տրվում, պիտակավորումներ են արվում, որոշ դեպքերում աչքի են ընկնում պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ, նրանք են այդպիսի բառամթերք օգտագործում։ Կարծում եմ կոռեկտությունն ամեն դեպքում չէր խանգարի, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց համար զսպվածությունն ավելի պատվաբեր կլիներ։ Քննադատությունը քննադատությամբ, քաղաքական խոսույթը՝ քաղաքական խոսույթով, ընտրապայքարը՝ ընտրապայքարով, բայց բառերի ընտրության հարցում կարծում եմ, որ արժե ավելի չափավոր լինել»։

Մեր դիտարկմանը, թե «ջեբկիրն» ամենատարածված բառն է այս ընտրարշավում, միմյանց վիրավորեցին՝ մեղադրելով «Մեր Սարիկը» կարգախոսը վերցնելու ու «Ձեր Ռուբոն է» հեշթեգով հանդես գալու համար, Կարապետ Մխչյանն ասաց․ «Իրականում, ես խնդիրն այլ տեղ եմ տեսնում։ Հիշում եմ, երբ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն էինք քննարկում, այն ժամանակ որոշում կայացվեց, որ անձերի անուններով կամ ազգանուններով քաղաքական միավորների ձևավորումը պետք է արգելել, որպեսզի ընտրություններն ավելի քաղաքական ու ծրագրային բնույթ կրեն, այլ ոչ թե անձերի տեղում ունեցած հեղինակությամբ պայմանավորված լինեն։

Այսօր մենք տեսնում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» իր լոզունգը նույնականացրել է իր թեկնածուի հետ, ինչն իմ դիտարկմամբ՝ մի կողմից քաղաքական օրակարգի սնանկության ու ծրագրային ասելիքի բացակայության արդյունքն է, մյուս կողմից, ինչ-որ տեղ երևի դրանով քողարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» անվանումը և առաջ բերվում թեկնածուի անունը, ով իրենց ընկալումներում երևի թե հեղինակություն ունեցող անձ է, և այդ հեղինակության հիման վրա ուզում են ձայներ հավաքել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728