«Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Այնուհետև փաստեց․ «Միայն Ռուբեն Վարդանյանը չէ, այլ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Դատավարության ընթացքում նրանց դիմագծերին կտեսնեք, որ մենք գործ ունենք Բաքվի բերդում այնպիսի իրողությունների հետ, որոնք իհարկե, խոշտանգումներ են։ Այդ խոշտանգումների դեմն առնելու ի՞նչ ճանապարհ կա․ միջազգային հանրության որոշ արձագանքներն են»։
Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ ունեցել ենք ընկերներ առաջին պատերազմի ժամանակ, որոնք եղել են Բաքվի բերդում․ «Բայց Խորհրդային միություն կար, ինչ-որ չափով պաշտպանված էին։ Ե′վ Սամվել Բաբայանը, և′ Մանվել Գրիգորյանն են եղել։ Նրանք ադրբեջանական ՕՄՈՆ-ի գործողությունների ընթացքում գերեվարվել են ՀՀ տարածքում, տարվել Բաքվի, Շուշիի բերդեր, բայց հետո հնարավոր է եղել փոխանակումների միջոցով նրանց վերադարձնել։ Սամվել Բաբայանը փոխանակվել է կոնկրետ ադրբեջանցի պաշտոնյայի հետ։ Մանվել Գրիգորյանն է փոխանակվել, Նազիկ Գրիգորյանը»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կարող են այժմ փոխանակվել մեր ռազմագերիները, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ուզում եք, որ Ձեզ պատասխանե՞մ, լո՞ւրջ եք ասում։ Այդ դեպքում ես ոչ թե այս հանձնաժողովի նախագահը պիտի լինեի, այլ մարդու իրավունքների։ Դուք բազմից լսել եք իմ տեսակետը դեռ 44-օրյա պատերազմից առաջ։ Առաջին պատերազմից հետո, ինքս լինելով Մեղրիի արտակարգ դրության պարետ՝ ես իրականացրել եմ փոխանակում գերին գերու հետ։ Այդ ժամանակ դա հնարավոր էր, երբ նույնիսկ գերին դիակների հետ ենք փոխանակել։ Հիմա էլ պիտի գտնել համապատասխան հնարավորություններ, որ փոխանակումների մեջ նաև ներառվի ոչ միայն զոհվածների, անհետ կորածների, այլև ողջերի խնդիրը»։
Հարցին՝ իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը այդ մարդկանց ՀՀ վերադարձի համար, Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Ռուբեն Վարդանյանը մեծահարուստ անձնավորություն է, նաև ինքը հիմնադրեց «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որը հումանիտար կարևոր միջազգային գործընթաց ապրած համակարգ էր։ Այսօր նույն «Ավրորան» նույն Ռուբեն Վարդանյանի հետ կապված անելիք չունի՞, Նուբար Աֆեյանն անելիք չունի՞․․․Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բաներ է ասել, որ այսօր օգտագործվում է իր դեմ։ Մի ասա այն, ինչը կօգտագործվի ինչ-որ պահի քո դեմ։ Բա ի՞նչ էիք կարծում։ Այս դատավարությունը իհարկե կօգտագործվի ՀՀ-ի դեմ։ Բա պետք է չգերեվարվեր, երբ հարցեր են դնում, ասեմ՝ դուք իրավունք չունեիք գերեվարվելու։ Մեզ մեղադրում են՝ դուք ի՞նչ արեցիք։ Բայց պետք է չգերեվարվեին, բա անվտանգության աշխատակիցները պետք է մտածեին՝ նման մակարդակի պաշտոնյաների գերեվարումը սպառնալիք է երկրի համար»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ