Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ օտարերկրյա երեք քաղաքացի «Տելեգրամ» հավելվածում գործող էջի միջոցով ձեռք են բերում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ, պահում Գյումրի քաղաքի իրենց բնակության վայրում, ապա` իրացնում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում փետրվարի 7-ին նրանց բնակության վայրում կատարված խուզարկությամբ ննջասենյակում հայտնաբերվել են տարբեր գույների կպչուն ժապավենի յոթ փաթեթ` ընդհանուր 18 գրամ «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրանյութով և ծխախոտի տուփի մեջ լցված մարիխուանա։
Օտարերկրացիներից երկուսը ձերբակալվել են, ձեռնարկվում են միջոցառումներ երրորդին հայտնաբերելու ուղղությամբ։
Փետրվարի 13-ին Կումայրիի համայնքային ոստիկանները Սողոմոն Թեհլերյան փողոցում, այս դեպքում` թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանաչավուն զանգված։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը 14 հազար դրամով ձեռք է բերել նույն էջի միջոցով` անձնական օգտագործման համար։
Կարդացեք նաև
Հաջորդ օրը, փետրվարի 14-ին, նույն փողոցում և նույն կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 29-ամյա մեկ այլ երիտասարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ տեսակի թմրանյութ։ Երիտասարդը հայտնել է, որ այն ևս ձեռք է բերել տելեգրամյան նույն էջի միջոցով՝ անձնական օգտագործման համար։
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ