Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական կառույցների պասիվությունը կամ անարդյունավետ քայլերն անընդունելի են և չեն կարող արդարացվել. Հայկական Փի Ար ասոցիացիա

Փետրվար 27,2025 17:51

Հայկական Փի Ար ասոցիացիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի, Արցախի ղեկավարության և 44-օրյա պատերազմի հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումները, անօրինական ձերբակալությունները և անարդար դատավարությունները։ Այս գործողությունները ոչ միայն կոպտորեն խախտում են միջազգային կոնվենցիաներով ամրագրված մարդու իրավունքները, այլև հանդիսանում են Ադրբեջանի հայատյաց քաղաքականության շարունակությունը՝ նպատակ ունենալով վախի մթնոլորտ ստեղծել և ճնշել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս ապրող հայությանը։

44-օրյա պատերազմից առայսօր տասնյակ հայեր՝ պետական, ռազմական և հասարակական գործիչներ, ինչպես նաև մեր հայրենակից ռազմագերիները պահվում են Ադրբեջանի բանտերում, ենթարկվում անմարդկային վերաբերմունքի՝ խոշտանգումների, հոգեբանական ճնշումների՝ ներգրավվելով կեղծ մեղադրանքներով շինծու դատավարությունների մեջ։ Նրանց նկատմամբ իրականացվող վայրագությունները հակասում են Ժնևի կոնվենցիային, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և բոլոր միջազգային իրավական նորմերին։

Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ բոլոր հնարավոր դիվանագիտական, իրավական և քաղաքական միջոցները ձեռնարկել՝ պաշտպանելու իրենց քաղաքացիներին և ապահովելու նրանց ազատ արձակումը։ Հայաստանի պետական կառույցների պասիվությունը կամ անարդյունավետ քայլերն անընդունելի են և չեն կարող արդարացվել։

Միաժամանակ, միջազգային հանրությունն ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները պետք է դադարեցնեն անտարբերությունը և գործուն քայլեր ձեռնարկեն՝ ձեռնպահ մնալ հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից, միաժամանակ ստիպեն Ադրբեջանին դադարեցնել շինծու դատավարությունները։ Այս հարցը պետք է բարձրացվի ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում և բոլոր հնարավոր միջազգային հարթակներում, որոնք տարիներ շարունակ ամենաբարձր միջազգային ամբիոններից բարձրաձայնել են մարդու իրավունքների կարևորությունն ու գերակայությունը։ Պետք է կիրառվեն համապատասխան պատժամիջոցներ, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի իր պատերազմական հանցագործությունների համար։

Մենք պահանջում ենք Ռուբեն Վարդանյանի, Արցախի ղեկավարության և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։ Մարդու իրավունքները, արդարադատությունը և միջազգային օրինականությունը չպետք է դառնան քաղաքական շահարկումների և էթնիկ ատելության զոհ։

Հայկական Փի Ար ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728