Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճ ժամանակ պահանջվեց կորդեբալետի արտիստից՝ տարբեր մենապարերով ներկայանալու համար

Փետրվար 27,2025 17:47

Բեմարվեստում սովորաբար բոլորն անցնում են մասսայական ուսուցում, որի ընթացքում աստիճանաբար ձևավորվում է մենակատարի մեծ պահանջներ բավարարող արտիստը և ժամանակի ընթացքում, մասնագիտական ուսումնական հաստատությունում, որպես կանոն ավարտական ուսումնառության փուլում ի հայտ են գալիս մենակատարները, երկրորդ պլանի դերակատարները, և մասսայական խմբի արտիստները: Այդպես է դրամատիկական թատրոնում, այդպես է երաժշտական թատրոնում և օպերայում, այդպես է պարարվեստում` մասնավորապես բալետում: Մարդկանց շնորհները մշտապես շատ տարբեր են, սակայն պրոֆեսիոնալ աշխարհում միայն մասնագիտական աշխատանքի ընթացքում է ի հայտ գալիս, արտիստը կորդեբալետի մասնակի՞ց է, թե՞ գլխավոր մենապար ներկայացնող արտիստ: Իհարկե, լինում են բացառություններ, երբ, արտիստը ուսումնառությունից հետո հրավիրվում է միանգամից որպես մենապարող, հազվադեպ դեպքերում էլ սովորելու տարիներին, հրավիրվում է թատրոն, հանդես գալիս որևէ ներկայացման մեջ որպես մենապարող:

Ժամանակին, մեզ հետ զրույցներում համաշխարհային այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Մայա Պլիսեցկայան, Բորիս Էյֆմանը, մեծ հարգանքով են խոսել ու կարևորություն տվել կորդեբալետի խմբին, գործունեությանը, նշելով, որ կորդեբալետի արտիստները սովորաբար ունենում են մեծ փորձ ու մասնագիտական ավելի երկարատև պատրաստվածություն, մանրամասնելով, թե այդ նպատակով թատրոններում պարտադիր է անցկացնել աուդիցիաներ հենց կորդեբալետի խմբում, նպատակը` ընտրել նոր պարողներ, որոնք կհամապատասխանեն խաղացանկային ներկայացումներին, կարճ ասած` ցանկացած բեմադրության պահանջներին: Մի շարք բալետային պարային, ազգային և միջազգային մրցույթներ ու փառատոներ էլ կարող են ծառայել որպես կորդեբալետում ընդգրկվող արտիստներին հիանալի հարթակ:

Մեր զրուցակիցը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Յուրա Մարտիրոսյանն է, որն ի սկզբանե լինելով կորդեբալետի արտիստ, վերջին շրջանում հանդես է գալիս տարբեր ներկայացումներում մենապարերով, հաջողությամբ մարմնավորելով ամենատարբեր կերպարներ: Այս որակումը ոչ միայն մերն է: Նման կարծիքի են բալետային խմբի ղեկավարը, ոլորտի մեկ-երկու մասնագետ, և իհարկե հանդիսատեսը: Վերջինս օրինակ, երկարատև չդադարող ծափահարություններով ու հիացական բացականչություններով ընդունեց օրերս, օպերային թատրոնում առաջին անգամ, նրա մարմնավորած Արմենի կերպարը Խաչատրյանի «Գայանեում»:

Զրույցի սկզբում արտիստը տեղեկացրեց, որ օպերային թատրոնում կորդեբալետի խումբն ինքը համալրել է 2021-ին, հետո մեկնել պարտադիր զինվորական ծառայության: Վերադարձից հետո` 2023թ. գարնանը կայացել է իր դեբյուտը Զվեզդիչի մենապարով, Խաչատրյանի «Դիմակահանդեսում»: Ժպիտով ասաց նաև, թե ինքն էլ բացառություն չի կազմում և որոշ գործընկերների օրինակով, ճիշտ է ընդամենը մեկ անգամ 2019թ. մասնակցել է Թբիլիսիում կայացած միջազգային մրցույթի, արժանանալով դափնեկրի կոչմանը:

Արտիստը կարճ ժամանակաշրջանում, բացի «Դիմակահանդեսում» Զվեզդիչի դերապարից, հանդես է եկել «Գայանեում»` Գիքո, Չայկովսկու բալետներում «Կարապի լճում»` Ռոտբարտ, Զիգֆրիդ, «Մարդուկ- Ջարդուկում»` Արքայազն:

Վերջին տարիներին Երևանի օպերային թատրոնում բեմադրություններ իրականացրած անվանի բալետմայստերներից որի հետ որ հարցազրույց ենք վարել, այդ թվում` Օլեգ Վինոգրադովի, Գեորգի Կովտունի, Հենրիխ Մայորովի, ի վերջո Նինո Անանիաշվիլիին, մշտապես մենապարողներից բացի՝ հիացմունքով են արտահայտվել մեր թատրոնի կորդեբալետի խմբի մասին նույնպես:

Գանք մեր զրուցակցի` ոչ երկարատև բեմական գործունեության, սակայն կարևոր մի էջ ներկայացնելուն. Յուրա Մարտիրոսյանը օպերային թատրոնի բալետային խմբի հետ մեկնել է հյուրախաղերի, անցյալ տարի Արքայազն է ներկայացել «Մարդուկ- Ջարդուկում», 2023-ին Ֆրանսիայում «Դիմակահանդեսում»` Զվեզդիչ:

Ի դեպ, 2014թ-ին Խաչատրյանի հոբելյանական տարում, Սանկտ-Պետերբուրգում, թատրոնի հյուրախաղերի օրերին հանդես է եկել կորդեբալետի խմբում, «Գայանեում» 6 պարողների թվում ներկայացրել հանրահայտ Լեզգինկան:

Կորդեբալետի արտիստների, մենապարողների հետ իսկապես քրտնաջան աշխատանք են տանում փորձավարները: Մեր զրուցակիցը միանշանակ համաձայն լինելով արտահայտած այս դիտարկմանն՝ ասաց, որ ինքը տարբեր կերպարներ է մարմնավորել, և ոչ միայն, պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանի (թատրոնում գլխավոր բալետմայստերի պարտականությունները կատարող), ճանաչված բալետի արտիստ, փորձավար Սոնա Առուստամյանի օգնությամբ. «Ինչու ոչ, գործին պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ նրանց, ոչ միայն մասնագիտական, այլև վերաբերմունքի շնորհիվ»:

 

Սամվել Դանիելյան

Լուսանկարներում` Յուրա Մարտիրոսյանը տարբեր ներկայացումներում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728