Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկ է միջազգային բոլոր գործիքակազմով բարձրաձայնել, գոնե հասնել նրան, որ հստակ ձևակերպվի, արձանագրվի Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը.Գևորգ Դանիելյան

Փետրվար 27,2025 17:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Թե ինչու է, հատկապես՝ Ռուբեն Վարդանյանը թիրախավորվել ադրբեջանական շինծու դատավարությամբ, դժվար չէ կռահել, թեպետ՝ մյուսների վիճակն էլ գրեթե նույնն է։ Թե ինչու է ադրբեջանական իշխանությունը դա անում բացահայտ, չթաքցնելով կտտանքների հետքերի տեսարանները, դա էլ է հասկանալի։ Հասկանալի է նաև, թե ինչու են մեր սրտացավ հայրենակիցները ակամա սահմանափակվում միայն զգացմունքային արձագանքներով, խորքային խնդիրները չնկատելուն միտված այդպիսի միակողմանի մթնոլորտ ձևավորելը՝ քաղտեխնոլոգիայի տեսանկյունից, առանձնակի բարդություն չի ներկայացնում։

Այլ է խնդիրը հայրենական իշխանությունների մասով, ըստ էության, ոչ ոք չի ակնկալում, որ իրենք կկարողանան ազատ արձակել բացառապես ազգային-ազատագրական օրինական պայքարի մասնակից նախկին պաշտոնյաներին, բայց և չի ակնկալում, որ բավարարվեն ընդամենը կտտանքների ակնհայտ փաստերն արձանագրելով։ Հանրային իշխանությունների պատասխանատվությունը հենց այս փուլում չափազանց մեծ է, քանզի բուն մեղադրանքը ուղղված է ոչ այնքան ռազմագերիներին, որքան մեր Երկրի ողջ քաղաքականությանը, դրա ներկա և նախկին պատասխանատուներին և, վերջապես՝ Երկրի հետագա պատասխանատվությանը։

Միջազգային կոչված ամորֆ կառույցների աջակցությամբ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն ծախու պատմաբանների, այլև արդեն շինծու դատավարությամբ անվարան կեղծում են անցած տարիների ողջ պատմությունը, Հայաստանից կերտում են ֆաշիստական երկրի համբավ, ինչը չի կարող, մեղմ ասած, անհետևանք մնալ։ Արդեն հիմա հարկ է միջազգային բոլոր գործիքակազմով բարձրաձայնել այդ խնդիրը, գոնե հասնել նրան, որ հստակ ձևակերպվի, արձանագրվի Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։

Հասկանալի է, որ միջազգային կառույցների վրա հույս դնելը անհեռանկար քայլ է, սակայն ամբողջովին ադրբեջանական հանցավոր կամայականություններն անտեսելու դեպքում, առնվազն դժվար է լինելու հետագայում հաղթահարել ստեղծված խութերը։

Հ.Գ. Ռուբեն Վարդանյանի ներկայիս հիրավի հեռատես ու հարգանքի արժանի կեցվածքը ինձ չի զարմացնում, մի շրջան մենք միասին եղել ենք Գերագույն Հոգևոր Խորհրդի աշխարհիկ անդամներ, ուստի անձամբ գիտեմ, թե ով ով է ….

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728