«Ապառաժ». Ինչքան ինձ հիշում եմ՝ փախստականի կարգավիճակում եմ, և իմ ընտանիքն անընդհատ տան փնտրտուքների մեջ է։ Նախ Բաքվից, ապա՝ Արցախից ենք տեղահանվել,-ասում է զրուցակիցս՝ Ալլան, որն ապրում է թոշակառու հոր հետ և չգիտի, թե ապագայում իրենց ինչ է սպասվում։Արցախից տեղահանվելուց մի քանի ամիս հետո նրանք տեղափոխվել են ՌԴ, սակայն նորից վերադարձել Հայաստան։
-1989-ին ենք բռնատեղահանվել Բաքվից։ Սումգայիթյան դեպքերից հետո վտանգավոր էր մնալ այնտեղ։ 9 տարեկան էի, եղբայրներս ավելի փոքր էին։ Հիշողությանս մեջ մնացել են վերջին օրերը, երբ տանից դուրս գալն արդեն վտանգավոր էր։ Ծնողներս խոսում էին, որ հայերի հանդեպ բռնություններ են սկսվել ու պետք է շուտ տեղափոխվենք։ Նրանք աշխատում էին ծածուկ խոսել, որ մենք չվախենանք, սակայն ես հասկանում էի ամեն ինչ։ Հիշում եմ, որ մեր հարևաններից մեկն առաջարկեց թաքնվել իր տանը, սակայն հայրս մերժեց՝ ասելով, որ չի ցանկանում վտանգել նրա բազմանդամ ընտանիքին։ Հետո մեր տուն է գալիս հայրիկիս ընկերներից մեկը, ով ազգությամբ ադրբեջանցի էր, և մեզ տանում է իր տուն։ Այնտեղ մնացինք մոտ 10 օր։ Վտանգով լի օրեր էին՝ ինչպես մեզ, այնպես էլ օգնության ձեռք մեկնած ընտանիքի համար։ Մի գիշերվա մեջ որոշվեց, որ պետք է գնացքով մեկնենք ՌԴ Կրասնոդար քաղաք։ Երբ հասանք կայարան, արդեն լուսացել էր։ Նկատեցինք ադրբեջանցի դպրոցականների պաստառներով երթը, որոնք պահանջում էին հայերի հեռացումը Բաքվից։ Մինչև գնացք նստելը նրանք հասցրին քարկոծել մեզ։ Հայրս մի կերպ մեզ մտցրեց գնացքի մեջ և կարողացանք փրկվել։ Կրասնոդարում մի քանի օր մնալուց հետո մեկնեցինք Արցախ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ