Ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվում պահվող մյուս ռազմագերիների՝ այսօր մի խումբ քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել՝ կոչ անելով իշխանություններին օգտագործել բոլոր լծակները հայ գերիներին տուն բերելու համար:
«Մենք պահանջում ենք, որ Հայաստանի քաղաքացիները իրենց ավելի պաշտպանված զգան: Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ հայ գերիներին հայրենիք բերելուն ուղղված, բավարար կգնահատեմ, երբ գերիները մեր հետ լինեն նույն հայրենիքում: Ես համարում եմ, որ ՀՀ քաղաքացիների անձնագիր ունեցող մարդկանցից ամենաշատը ուժն ունեն նրանք, որոնք նստած են կառավարությունում, ուրեմն նրանց պատասխանատվությունն էլ ավելի մեծ է: Կարծում եմ՝ հնարավոր է անել շատ ավելին, քան հիմա արվում է: Ուզում եմ՝ ինչքան լծակ ունի մեր կառավարությունը, գործադրի, տեր կանգնի իր քաղաքացուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ցույցի մասնակից Գայանե Հովսեփյանը:
Ջերմուկ համայնքի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանն էլ ասաց, որ երբեւէ չի տեսել, որ միջազգային հարթակներում Ջերմուկի օկուպացված տարածքների կամ գերիների հարց բարձրացվի. «Անգործությունը նաեւ հանցագործություն է: Հետևաբար` ակնկալիքներս ՀՀ իշխանություններից երեւի թե ոչինչ են, որովհետեւ այսքան ժամանակ որեւէ գործողություն չեմ տեսել»:
Կարդացեք նաև
Ի պաշտպանություն հայ ռազմագերիների` վաղվանից լինելու են տարբեր ցույցեր, այդ թվում նաեւ արտաքին գործերի նախարարության շենքի (ԱԳՆ) դիմաց: Սյուզաննա Ավետիսյանը նկատեց՝ գոնե այդ կերպ հնարավոր է ՀՀ ԱԳՆ-ն տեղից շարժվի:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը մեկ շաբաթ առաջ հացադուլ է սկսել ու փետրվարի 26-ին նրա պաշտպանը հայտարարեց, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ