Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. « Ուզում եմ լուծում առաջարկել. Հայաստանը Բաքվում գտնվող մեր ռազմագերիներին ազատելու գործիքակազմ ունի»

Փետրվար 27,2025 18:30

«Ակնհայտ է, որ երբ կա լուսանկար, ավելի ցցուն է, թե ինչ իրավիճակում է գտնվում մարդը: Երեկ ամբողջ սոցիալական ցանցերում տարածված էին Ռուբեն Վարդանյանի լուսանկարները Բաքվի դատարանում: Դեմքի վրա տարբեր հետքեր, որոշ տեղեկություններով՝ խոշտանգումների, որոշ դեպքերում՝ անհասկանալի: Մենք գիտենք, որ նա հացադուլի մեջ է, գիտենք, որ նա իր բողոքի ձայնն է բարձրացնում: Նաեւ գիտենք, որ մյուս բոլոր բանտարկյալները Բաքվի բանտերում նույնպես շատ ծանր վիճակում են գտնվում: Սակայն Ռուբեն Վարդանյանի այս ամենաթարմ դեպքը ավելի տարածական է դարձել եւ բազմաթիվ կառույցներ, կազմակերպություններ հանդես են եկել տարբեր հայտարարություններով:

Շատ եմ խոսել, լուծումներ առաջարկել: Հիմա բոլորը հիշել, արթնացել են: Շատ լավ է, որ մենք գնալով սթափվում ենք: Եվ ուզում եմ մի լուծում առաջարկել:

Ես տեսնում եմ, որ բոլոր կառույցները դիմում են միջազգային ատյաններին, միջազգային ինստիտուտներին, աշխարհին, մարդկությանը. ո՜վ մարդկություն, ո՜վ առաջադեմ աշխարհ, մի բան արեք եւ այլն: Սիրելի հայրենակիցներ, սփյուռքի հարգարժան ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների, համաշխարհային հայկական կառույցների ներկայացուցիչներ, պետք է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետեւ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուս բոլոր ռազմագերիները, քաղաքական եւ խղճի բանտարկյալները, ովքեր գտնվում են Բաքվի բանտում, ՀՀ կապույտ անձնագիր կրողներ են:

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ բոլորի գործերով: Ասեմ. նման իրավիճակներում Եվրոպական դատարանը արդյունավետ գործիքակազմ չէ, որովհետեւ այն շատ երկար քննելու է: Ադրբեջանը ԵԴ որոշումները չի կատարում: Ժամանակին գոնե գումարը վճարում էին, հիմա գումարն էլ չեն վճարում: Դա մի լկտիացած համակարգ է, որը ոչ մի բան չի ուզում անել:

Լեռնային Ղարաբաղի քաղաքական իշխանություններին հենց այնպես չեն դատում Ադրբեջանում: Դատում են Հայաստանի Հանրապետությանը: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ թեզերը, գործը կարվում է նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա օկուպանտ երկիր, որը երկար ու ձիգ տարիներ օկուպացրած է եղել իրենց ասած՝ «իրենց տարածքները», կեղեքել, չգիտեմ էլ ինչ է արել: Որպեսզի Հայաստանի վրա  դրվեն դրանից բխող տարբեր պարտավորություններ: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը ինքն է ամենաթարմ էթնիկ զտման եւ ցեղասպանության հեղինակը ընդդեմ Արցախի հայ ժողովրդի:

Մի շատ կարեւոր հանգամանք կա. մեր ներկայացուցիչներին ճանաչում էին նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները, որոնք գալիս էին ու նրանց հետ բանակցում, խոսում, զրուցում էին: Նրանց լսում էին, որովհետեւ նրանք ԼՂ ժողովրդի ժողովրդավարական ընտրություններով ընտրված ներկայացուցիչներն էին: Իսկ հիմա այդ մարդկանց այնտեղ դատում են:

Հայաստանի Հանրապետության ձեռքին այսօր կա մեխանիզմ, որը Հայաստանը չի օգտագործում ընդդեմ Ադրբեջանի, որ կարողանա բանակցային գործընթացում գոնե դրա դիմաց ազատ արձակել տա իր քաղաքացիներին: Ո՞րն է մեխանիզմը: 2023 թ. սեպտեմբերի 1-ին Հայաստանում սկսվեց  Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի Ստատուտի, վավերացման գործընթացը: ՀՀ-ն դարձավ Միջազգային քրեական դատարանի անդամ: Կառավարության նիստում հայտարարվեց, որ դա մենք անում ենք հետին թվով, որովհետեւ Ադրբեջանի կողմից թույլ տրված ռազմական հանցագործությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում նույնպես միջազգայնորեն քրեորեն հետապնդելի կլինեն ըստ Հռոմի ստատուտի: Եվ մենք գործեր կներկայացնենք ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության: Հիշեք, Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե որեւէ կազմակերպություն: Ինչքա՞ն ժամանակ է անցել, մինչ օրս ՀՀ կողմից ոչ մի գործ չի ներկայացվել Միջազգային քրեական դատարան: Մինչդեռ, Հռոմի ստատուտը վավերացրել ենք հետին թվով, որպեսզի կարողանանք ներառել այն հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել Սեւ Լճից սկսած՝ Սոթք, Խոզնավար, Ջերմուկ հատվածներում: Հիմա հարց: Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացնում այս գործերը միջազգային քրեական դատարան, որի մասին խոսք է տրվել կառավարության նիստում եւ ԱԺ-ում՝ վավերացման գործընթացի ժամանակ:

Ես լուծումը տեսնում եմ այս կերպ: Հայաստանը ներկայացնում է գործեր ընդդեմ Ադրբեջանի եւ այս գործերի ճնշման ներքո պահանջում մեր ռազմագերիների ազատ արձակումը: Եթե նրանք ազատ են արձակվում, մենք գործերը, օրինակ, կարող ենք հետ քաշել: Ուրիշ տարբերակ չկա: Դու ինչ-որ գործիք, ինչ-որ բան պիտի ունենաս, որի համար Ադրբեջանը քաշվի, փորձի զիջման գնալ: Հիմա ոչ մի բան չունենք, ոչ մի լծակ չենք ուզում օգտագործել: Ինչ խաղաքարտ ունենք, տվել ենք իրենց: Իրենց ձեռքում է:

Հայտարարվել է, որ պետք է դիմենք: Հասկանում եմ, կարող են ասել՝ չենք դիմում, որովհետեւ հիմա բանակցություններ են: Շատ լավ: Բա ո՞նց է լինում, որ այդ ընթացքում քիչ չի՝ դատում են այս մարդկանց ապօրինի, շինծու, արհեստական մեղադրանքներով: Ու այդ ամբողջ գործընթացը վերածվում է նաեւ Հայաստանի դատավարության: Ավելին, մարդկանց խոշտանգելով տանում են սպանության: Այսպես որ շարունակվի, այնտեղ առողջ մարդ կմնա՞, կամ կապրե՞ն այդ մարդիկ: Հետեւաբար, չկա նորմալ բանակցային գործընթաց, գոյություն չունի խաղաղության պրոցես:

Հայկական բոլոր, համայն սփյուռքի կառույցները մինչեւ հիմա ինչ հայտարարություն արել են, բոլոր դրանցով պետք է դիմեն Հայաստանի կառավարությանը, վարչապետին, ՀՀ ԱԺ-ին: Եթե Հայաստանը իր ձեռքի տակ եղած գործիքները չի օգտագործելու, նրանք ոչինչ չեն անելու, ազատ չեն արձակելու, ոչ մի միջազգային հանրություն չի զբաղվելու այս գործերով:

Հռոմի ստատուտը վավերացրել, դրել ենք դարակը: Ինչի՞: Այս մարդկանց ազատության հարցը, բոլոր լուծումները քաղաքական են, Հռոմի ստատուտը միջազգային իրավական գործիք է, բայց այն քաղաքական է, նրան դիմելու որոշումը քաղաքական որոշում է: Ամեն ինչը կա փաստաթղթավորված է: Մնում է քաղաքական որոշումը կայացվի:

Երեկ նայում էի մամուլի հաղորդագրությունները. «Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների փոխադարձ  հսկման մեխանիզմ»: Դուք հասկանո՞ւմ եք ինչ է տեղի ունենում: Հիշում ե՞ք, որ Ադրբեջանը պետք է իր սահմանադրությունը փոխեր, մենք՝ մերը: Հետո Ադրբեջանից ասացին, որ իրենցը չեն փոխելու՝ մենք սկսել ենք մերը փոխելու պրոցես: Հիմա հայտարարում են, թե մենք պետք է իրենց սպառազինությունը հսկենք, իրենք՝ մերը: Կանցնի ժամանակ, հետո կասեն՝ չէ, իրենք պետք է մերը հսկեն: Մենք սա արդեն տեսլ ենք: Ու էնպես չի, որ ասեն. փորձել ենք՝ չի եղել: Ո՞վ է փորձել, ե՞րբ եք փորձել, որ չի եղել»,- ասել է Էդման Մարուքյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728