«Եվրաքվեն» ներկայացնող քաղաքական երեք ուժերը՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները համատեղ մասնակցելու են Գյումրու ավագանու արտահերթ ՏԻՄ ընտրություններին՝ որպես թեկնածու առաջադրելով ժուռնալիստների Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին։
Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կուսակցության առաջնորդները ստորագրեցին համագործակցության դաշինք՝ «Եվրադաշինք»՝ մանրամասնելով, թե ինչու են նման որոշում կայացրել։
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը սա համարեց կարևոր իրադարձություն, քանի որ, ըստ նրա, բոլորը սպասում էին, որ եվրոպական օրակարգը Հայաստանում առաջ տանող ուժերը միասնական քաղաքական օրակարգով հանդես կգան նաև ՏԻՄ ընտրություններում։
Կարդացեք նաև
Սա, բանախոսի համոզմամբ, Հայաստանի համար նոր քաղաքական մշակույթ ու լավ հնարավորություն է, շատերի համար այլընտրանք ունենալու հույս է։
«Այսօր չափից ավելի շատ է սևի ու սպիտակի՝ նախկինների ու ներկաների տարանջատումը քաղաքական դաշտի։ Այսօրվանից սկսվում է այն պահը, երբ որ մեր քաղաքացիները, Գյումրու բնակիչները կարող են ասել՝ կա այլընտրանք, և այն ձևավորվել է ու ունի ուժեղ թեկնածու»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը։
«Եվրաքվեն» ներկայացնող ուժերի ղեկավարները նշեցին, որ իրենց թեկնածուն տիրապետում է ՏԻՄ-ի բոլոր օրենքներին, 3 անգամ եղել է ավագանու նախկին անդամ և շատ լավ գիտի Գյումրու խնդիրներն ու լուծման տարբերակները։
«Գյումրին արժանի է քաղաքական թեկնածու ունենալու, երբ որ նայում ենք, Գյումրիում ընտրությունների մասնակիցները բիզնեսի ներկայացուցիչներ են, որոշակի թաղային հեղինակություն ունեցող, քուչում հարգված տղերք են, մոտավորապես էսպես ասած։
Ես կարծում եմ, որ գյումրեցին քաղաքական ընտրության իրավունք ունի, մեր դաշինքը քաղաքական այլընտրանք է առաջարկում»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանն էլ նշեց, որ Գյումրին Հայաստանի արևմտյան դուռն է, Հայաստանի դարբասն ու բերդն է։
Ըստ նրա, Գյումրիին արժանի կառավարում բերելու գաղափարն է միավորել այս կուսակցություններին։
Նա նշեց, որ բավական է Գյումրին տալ ամեն պատահածի, վերջապես պիտի տալ ծրագիր, ռազմավարություն, քաղաքը կառավարելու հանձնառություն, գիտելիք ու հմտություն ունեցող անձի, որպեսզի իրենք էլ իրենց բոլոր կապերով կարողանան եվրոպական առաջատար քաղաքների փորձը բերել Գյումրի։ Ըստ նրա, Գյումրին այն քաղաքն է, որ տալու շատ բան ունի։
«Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանն էլ ասաց՝ Հայաստանն աշխարհին բացվելու է Գյումրիի միջոցով, քանի որ այս քաղաքը Հայաստանի արևմտյան դարբասն է, Եվրոպայի համար ամենամոտ քաղաքն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ